ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը նախաձեռնում է Հայկական լեռնաշխարհի և գաղթավայրերի վիմագիր մշակութային ժառանգությանը վերաբերող գիտաժողով՝ նվիրված ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի հիմնադրման 80-ամյակին: Գիտաժողովի նպատակն է՝ վիմագիր ավանդույթի հիմամբ ներկայացնել գրի ընկալումը մարդկային մտածողության և մշակութային համապատկերում՝ կարևորելով քարեղեն վավերագրերի աղբյուրագիտական արժեքը:
Գիտաժողովի մասնակցության հայտը` համապատասխան ամփոփագրով (200-300 բառ), պետք է արտահայտի զեկուցման գիտական նորույթը և առնչվի ներքոնշյալ բնագավառներին՝
▪ ժայռապատկերագրություն (տեղեկության փոխանցման պարզագույն ձևեր),
▪ նախամաշտոցյան վիմագրություն (սեպագիր, հիերոգլիֆիկ/մեհենագիր, արամեատառ,
հունարեն, լատիներեն և այլն),
▪ մեսրոպատառ վիմագրություն (փորագիր, ելնդագիր, ներկագիր վիմագրեր),
▪ այլալեզու վիմագրություն (վրացերեն, աղվաներեն, պարսկերեն, արաբերեն, ասորերեն և այլն),
▪ վիմագրերի բովանդակություն, լեզու և գրչարվեստ,
▪ ոչ պաշտոնական վիմագրություն. գրաֆիտի:
Ամփոփագիրը պետք է ուղարկել մինչև հոկտեմբերի 1-ը, երկու լեզվով՝ հայերեն և անգլերեն, հետևյալ էլեկտրոնային հասցեին. ars.vimagraget@gmail.com:
Կազմկոմիտեի կողմից հավանության արժանացած հայտերի հեղինակները գիտաժողովի մասնակցության մասին կտեղեկացվեն մինչև հոկտեմբերի 15-ը: Գիտաժողովը տեղի կունենա՝ 10-11 նոյեմբերի, 2023 թ.: Լավագույն զեկուցումները հոդվածների տեսքով կհրատարակվեն առանձին ժողովածուով՝ մինչև 2024 թ. ապրիլի 1-ը:
Կապ՝ars.vimagraget@gmail.com, (094) 73-00-27