ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտին (ՀԱԻ) կից գործող ԲԿԳԿ 007 «Հնագիտություն և ազգագրություն» մասնագիտական խորհրդի ս.թ. օգոստոսի 4-ի նիստում՝ ժամը 12:00-ին, տեղի կունենա Լիաննա Ավետիսյանի «Ս. Ստեփանոս Նախավկան հայ կրոնական համատեքստում, ժողովրդական պատկերացումներում և արդի պրակտիկաներում» խորագրով թեկնածուական ատենախոսության պաշտպանությունը։
Ատենախոսությունը նվիրված է հայ կրոնական տեքստերում Ս. Ստեփանոս Նախավկայի կերպարի աստվածաբանական և պատմական քննությանը, ժամանակակից Հայաստանի հոգևոր-ծիսական իրողությունների համատեքստում վերջինիս պաշտամունքի ժողովրդական ընկալումների ու արդի դրսևորումների վերլուծությանը: Աշխատանքի արդիականությունը պայմանավորված է հայագիտության մեջ վարքաբանական և ազգագրական շերտերի համապարփակ ու միջգիտակարգային հետազոտության անհրաժեշտությամբ, քանի որ սրբի կերպարը հայկական հոգևոր մշակույթի առանցքային և բազմաշերտ երևույթներից է։ Հետազոտության հիմքում կանոնական մատենագրական ավանդույթի և ժողովրդական հավատալիքների միջև առկա փոխառնչությունների վերհանումն է, ինչը թույլ է տալիս բացահայտել քրիստոնեական վարքագրական տեքստերի փոխակերպումը հանրային գիտակցության մեջ՝ դրանց գործառնական և ծիսական վերաիմաստավորման համատեքստում։ Միջնադարյան քարոզգրական, կանոնական ու պատմագրական սկզբնաղբյուրների քննությամբ՝ աշխատանքում համակարգվում և ամբողջացվում են սրբին նվիրված պաշտամունքային վայրերն ու դրանց հետ կապված ծիսական արարողակարգերը։
Արդի ժամանակաշրջանում թեման առանձնահատուկ կարևորություն է ստանում կրոնական գործառույթների արագընթաց փոփոխությունների համատեքստում, ինչն առաջնահերթ է դարձնում ուխտագնացության ու տոնածիսական մշակույթի ավանդական դրսևորումների և դրանց արդի ձևափոխումների փաստագրումն ու վերլուծությունը: Բացի այդ, սրբի կերպարի քննությունը պատմաշխարհագրական համատեքստում նպաստում է վտանգված կամ կորսված մշակութային ժառանգության վերարժևորմանը՝ հիմնավորելով հայ հոգևոր-մշակութային, այդ թվում՝ ոչ նյութական մշակութային արժեքների շարունակականությանը:
Գիտական ղեկավար՝
Պաշտոնական ընդդիմախոսներ`
Առաջատար կազմակերպություն՝