ՀԱԻ գիտաշխատողների աշխատանքային խումբը (պ.գ.թ. Լիլիթ Սիմոնյան, պ.գ.թ. Հայկ Հակոբյան, պ.գ.թ. Կարեն Հովհաննիսյան) Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութեան ֆինանսավորմամբ 2019-2022 թթ. իրականացրել է ծրագիր` նվիրված ժողովրդի համար նվիրական, հրաշագործ համարվող այն ձեռագրերին, որոնք պահվում են անհատների, ընտանիքների ձեռքերում։ Խումբը հավաքագրել և թվայնացրել է այնպիսի ձեռագրեր – քառավետարաններ, հմայիլներ, Ուրբաթագիրք և Ախտարք գրքեր, որոնք վայելում են մարդկանց ակնածանքը, քանի որ ունեն բուժիչ, հրաշագործ, զավակատու, փարատիչ լինելու համբավ, հանդիսանում են տան սրբեր, գերդաստանների հովանավոր-պահապաններ։ Դրանց մի մասը ներկայացնում է նաև պատմական և գեղարվեստական բարձր արժեք։
Այժմ արդեն պատրաստ է «Տան սուրբ ձեռագրեր» հավաքածուի էլեկտրոնային ցուցահանդեսը, որը տեղ է գտել Google Arts & Culture միջազգային հարթակի Yerevan Biennal Art Foundation (YBAF) կազմակերպության էջում։
Ցուցահանդեսը հայկական միջնադարյան արվեստի հիմնականում անմատչելի նմուշների եզակի ներկայացում է աշխարհի արվեստասերներին, որի միջոցով հանրահռչակվում է հայոց անզուգական մշակույթը՝ իր արժանի տեղը գրավելով համամարդկային արժեքների շտեմարանում։
Ցուցահանդեսն օժտված է նաև հատուկ նախագծի համար ստեղծված ուղեկցող երաժշտությամբ։
Ցուցահանդեսը նայելու համար սեղմել այստեղ