Առաքելոց վանական համալիրը և բնակատեղին ընդգրկվել է Եվրոպայի 14 ամենավտանգված ժառանգության վայրերի ցանկում (https://7mostendangered.eu/sites/arakelots-monastery-and-settlement-armenia/ )։
Եվրոպական ժառանգության «Եվրոպա Նոստրա» քաղաքացիական հասարակության առաջատար ցանցը և Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) ինստիտուտը հրապարակել են Եվրոպայի 14 հուշարձանների ու ժառանգության վայրերի անունները, որոնք ընդգրկվել են «Յոթ ամենավտանգված» ծրագրի 2025 թվականի կարճ ցանկում։
Առաքելոց վանական համալիրն ու բնակատեղին «Յոթ ամենավտանգված» ժառանգության վայրերի ծրագրում առաջադրել է Ավստրիայի Զալցբուրգի համալսարանի Քրիստոնյա Արևելքի ուսումնասիրությունների կենտրոնի հայագիտության բաժնի դոկտոր Յասմին Դում-Թրագուտը, ով, ի թիվս այլ կազմակերպությունների, համագործակցել է նաև ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի հետ։
Ծրագրի շրջանակում նախատեսվում է Առաքելոց վանական համալիրի ու բնակատեղիի ամբողջական հետազոտություն, տարածքի բարեկարգում, ինչպես նաև կայուն էկոտուրիզմի զարգացման նախադրյալների ապահովում։
ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտին (ՀԱԻ) կից գործող ԲԿԳԿ 007 «Հնագիտություն և ազգագրություն» մասնագիտական խորհրդի ս.թ. դեկտեմբերի 26-ի նիստին, ժամը` 14:00-ին, տեղի կունենա Իվան Սեմյանի «ՍԻՆՏԱՇՏՅԱՆ ԵՎ ՊԵՏՐՈՎՍԿՅԱՆ ԲՐՈՆԶԵԴԱՐՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹՆԵՐԻ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾԸ ՓՈՐՁԱՐԱՐԱԿԱՆ ՀՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԼՈՒՅՍԻ ՆԵՐՔՈ» խորագրով թեկնածուական ատենախոսության պաշտպանությունը:
Գիտական ղեկավար՝ ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պ. գ. դ. Պ. Ս. Ավետիսյան
Պաշտոնական ընդդիմախոսներ` պ.գ.դ. Ռուբեն Բադալյան
պ.գ.դ. Արտակ Գնունի
Առաջատար կազմակերպություն՝ Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան
Ներկայացվող ատենախոսության նպատակն է վերակազմել սինտաշտյան և պետրովսկյան հասարկություններում ռազմական գործերի դրսևորման մոդելները: Ուսումնասիրության աղբյուրագիտական հենքը թաղման 22 համալիրներն են (114 թաղում) և 23 բնակավայրերի պեղումների տվյալները: Աշխատության ժամանակագրական ընդգրկումն ըստ միջինացված սանդղակի մ.թ.ա. 21-18-րդ. դարերն է: Աշխատանքի տարածքային շրջանակը ներառում է Հարավային Ուրալի և Անդրուրալյան տափաստանային և անտառատափաստանային գոտիները, ինչպես նաև Հյուսիսային և Կենտրոնական Ղազախստանի տափաստանները:
ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտին (ՀԱԻ) կից գործող ԲԿԳԿ 007 «Հնագիտություն և ազգագրություն» մասնագիտական խորհրդի ս.թ. դեկտեմբերի 19-ի նիստին, ժամը` 14:00-ին, տեղի կունենա ՀԱԻ տնօրեն, պ.գ.թ. Արսեն Բոբոխյանի ««ՎԻՇԱՊ» ՔԱՐԱԿՈԹՈՂՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՀՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏԸ» խորագրով դոկտորական ատենախոսության պաշտպանությունը:
Ներկայացվող ատենախոսությունը նվիրված է ժողովրդական միջավայրում «վիշապ» կոչված հուշարձանի և դրան առնչվող մշակութային համատեքստի քննությանը հնագիտական տվյալների լույսի ներքո: Այն ամփոփում է վերջին տասնամյակում իրականացված դաշտային, լաբորատոր և արխիվային աշխատանքների հիմնական արդյունքները:
Պաշտոնական ընդդիմախոսներ՝
պ.գ.դ. Գարեգին Սահակի Թումանյան
ա.գ.դ. Հակոբ Երվանդի Սիմոնյան
պ.գ.դ. Համլետ Լենսերի Պետրոսյան
Առաջատար կազմակերպություն` Երևանի պետական համալսարան
Հասցե` ք. Երևան 0025, Չարենցի 15
ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտին (ՀԱԻ) կից գործող ԲԿԳԿ 007 «Հնագիտություն և ազգագրություն» մասնագիտական խորհրդի ս.թ. դեկտեմբերի 16- նիստին՝ ժ. 14:00, տեղի կունենա ՀԱԻ Վաղ հնագիտության բաժնի գիտաշխատող Արմինե Հարությունյանի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՈԼԻԹ-ԷՆԵՈԼԻԹՅԱՆ ԽԵՑԵՂԵՆԸ (ըստ Արարատյան դաշտի Ակնաշեն և Առատաշեն բնակատեղիների նյութերի)» խորագրով թեկնածուական ատենախոսության պաշտպանությունը:
Ատենախոսությունը նվիրված է Հայաստանի վաղագույն` նեոլիթյան և վաղ Էնեոլիթյան դարաշրջանների խեցեղենի ուսումնասիրությանը, որը նշանավորում է Հայաստանում և ամբողջ Հարավային Կովկասում խեցեգործության սկզբնավորման փուլերը։ Հնագիտական տվյալների և հնաչափական անալիզների արդյունքների հիման վրա համակարգվել և վերլուծվել են ինչպես խեցեղենի մորֆոտիպաբանական, այնպես էլ տեխնիկական և տեխնոլոգիական պարամետրերն ու հատկանիշները։ Մշակութային և ժամանակագրական լայն զուգահեռների ընդգրկմամբ կատարվել է համեմատական վերլուծություն՝ ուսումնասիրվող երևույթի պատմա-մշակութային համատեքստը վերհանելու նպատակով:
Հասցե` ք. Երևան 0025, Չարենցի 15
Սեղմագիրը՝ ստորև Arutunan A._avtoreferat
Հնագիտության և ազգագրության ինստիտուտի (ՀԱԻ) Սփյուռքի ուսումնասիրության բաժինը հրավիրում է «Փոխակերպվող ինքնությունները իրական քաղաքականության իրականացման համատեքստում» խորագրով հանդիպում-բանախոսությանը:
Բանախոսությունը վարելու են Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի Միջազգային հարաբերությունների և հասարակաքաղաքական գիտությունների ինստիտուտի Քաղաքագիտության ամբիոնի վարիչ, փիլիսոփայական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Հովհաննես Լավրենտիի Սարգսյանը և նույն ամբիոնի դոցենտ, քաղաքական գիտությունների թեկնածու Նորայր Արմենի Դունամալյանը:
Բանախոսությունը տեղի կունենա ՀԱԻ ընթերցասրահում (3-րդ հարկ) դեկտեմբերի 11-ին՝ չորեքշաբթի, ժամը 15.00-ին:
Մուտքն ազատ է:
Ս.թ. դեկտեմբերի 5-ին, ժամը՝ 14:00, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի «Միջնադարագիտական քննարկումներ» սեմինարների շարքում տեղի կունենա «Ստորջրյա հնագիտության զարգացումն ու հայկական ջրասույզ ժառանգությունը» խորագրով դասախոսությունը, որը կներկայացնի Շիրակի փոխմարզպետ, անկախ հետազոտող, սուզորդ Աննա Մարտիկյանը:
Դասախոսության առանցքային թեմաներն են՝
- Ջրում սուզվելու հնարքներն ու դրանց փուլային զարգացումները:
- Հայկական ջրասույզ ժառանգության պահպանությունը:
- ՀՀ ստորջրյա հնագիտության զարգացմամբ միջգիտակարգային համագործակցության արդյունավետությունը:
Բանահյուսության տեքստաբանության բաժինը «Բանագիտության տեսական և տեքստաբանական հարցեր» խորագրով սեմինարների շրջանակում երեքշաբթի օրը՝ նոյեմբերի 26-ին, ժամը 14:30-ին հրավիրում է հերթական սեմինար-քննարկմանը:
Բանախոս՝ Բանահյուսության տեքստաբանության բաժնի կրտսեր գիտաշխատող՝ Լիլիթ Սահակյան: Զեկուցման թեման՝ «Կերպարանափոխությունը որպես հմտութուն, շնորհք, հնարիմացություն «Կախարդը և իր երեխաները» հեքիաթախմբում»: