Հնագիտության և ազգագրության ինստիտուտ

Հայտարարություններ

Միջազգային գիտաժողով.  Տեղահանություն և հիշողություն․ Արցախի շարունակվող ճգնաժամը բանավոր պատմություններում

Միջազգային գիտաժողով. Տեղահանություն և հիշողություն․ Արցախի շարունակվող ճգնաժամը բանավոր պատմություններում

16-10-2025 09:00

ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Մշակութային մարդաբանության բաժնի, Կիրառական մարդաբանության գիտահետազոտական խմբի, “Հազարաշեն” ազգաբանական հետազոտությունների հայկական կենտրոնի և Ֆրանսիայի Inalco (Institut National des Langues et Civilisations Orientales) համալսարանի նախաձեռնությամբ 2025 թ. հոկտեմբերի 16-17-ին կկազմակերպվի «Տեղահանություն և հիշողություն․ Արցախի հընթացս ճգնաժամը բանավոր պատմություններում» խորագրով միջազգային գիտաժողով։

Գիտաժողովի նպատակն է քննարկել, թե ինչպես է 2020 թ. Արցախի դեմ սանձազերծված պատերազմը, Արցախի փաստացի պաշարումը, 2020-2023 թթ․ ընթացքում նախապատրաստված և 2023 թ․ սեպտեմբերին տեղի ունեցած Արցախի բնակչության տեղահանությունն արտացոլվել և իմաստավորվել միջազգային և հայկական լրատվականներում ու հանրային դաշտում և փոխանցվել բանավոր պատմությունների միջոցով։ Կարևոր են ոչ միայն հիշողության բովանդակային և տեղեկատվական շերտերը, այլև դրանց փոխանցման միջոցներն ու ձևերը, հիշողության կրողները, ինչպես նաև պատերազմի, տեղահանության և հիշողության ձևավորման քաղաքականությունը, սոցիալական, մշակութային հետևանքները։ Չնայած գիտաժողովի բուն նպատակն է Արցախի ընթացիկ ճգնաժամի քննարկումը, բայց, հաշվի առնելով Արցախի աշխարհագրական տեղը և բնակչության ինքնությունների բարդ հետագիծը, գիտաժողովում կարող են քննարկվել նաև Արցախի ճգնաժամերի պատմական թեմաներն ու դրանց անդրադարձն այսօրվա հանրային, գիտական, քաղաքական խոսույթներում:

Զեկուցումները կարող են ներառվել հետևյալ ենթաբաժիններում, բայց չսահմանափակվել դրանցով․
1. Դրվագներ Արցախի ճգնաժամերի պատմությունից․ պատճառներ, դրսևորումներ, հետևանքներ, արտացոլում արդի գիտական և հանրային խոսույթներում.
ա. 16-17-րդ դդ․ Ղզլբաշական Պարսկաստանի շրջան
բ. 18-19-րդ դդ.՝ Ղարաբաղի խանության շրջանի 70 տարիների ճգնաժամերը
գ. Արցախը 19-րդ դ․ Ռուսական կայսրության շրջանում․ Արցախի բնակչությունն ու դասային կառուցվածքի վերաձևավորումները
դ. 20-րդ դ.՝ Արցախը Ադրբեջանի մուսավաթական իշխանության շրջանում
ե. 20-րդ դ.՝ Բոլշևիկյան և ԽՍՀՄ շրջաններ, արցախցիների փորձերը իշխանությունների ուշադրությունը հրավիրելու իրենց խնդիրների վրա
զ. 20-րդ դ. ԽՍՀՄ «ինտերնացիոնալիզմի» քաղաքականությունն Արցախում
է. 20-րդ դ.՝ փակ հասարակություն փակ հասարակությունում․ Արցախի մասին գիտելիքը Արցախում, Կովկասում և ԽՍՀՄ-ում (աղբյուրներ և փոխանցման միջոցներ)
ը. 20-րդ դ.՝ Արցախի քաղաքացիական և էթնիկ միավորների մոբիլիզացիոն գործընթացները ճգանաժամային իրավիճակում
2. Արցախի չճանաչված հանրապետության 30 տարվա պատմությունը. պատերազմների ճանապարհն ու տեղահանությունը
3. Պաշարված Արցախը տեղեկատվական աղբյուրներում և բանավոր պատմություններում
4. Հիշողության և մոռացության քաղաքականություն, իշխանության տեքստեր, պաշտոնական պատումներ
5. Արցախցիների բանավոր պատումությունները որպես ուսումնասիրության մեթոդ և պաշտոնական պատմագրության այլընտրանք
6. ԽՍՀՄ-ի հիշողության քաղաքականությունը Արցախի/Ղարաբաղի հարցում
7. Սումգայիթյան ջարդերի մասին իմացությունը Հայաստանում, Ադրբեջանում, Վրաստանում, Կովկասում, ԽՍՀՄ-ում, հետխորհրդային հանրապետություններում
8. Արցախի տեղահանության բանավոր պատմություններ․ մեթոդաբանություն և էթիկական խնդիրներ
9. Սպառնալիքի, բռնաքսորի (դեպորտացիայի), տեղահանության և ցեղասպանության եզրութաբանության համեմատական քննություն՝ Արցախի օրինակով
10. Արցախի նյութական մշակութային ժառանգությունն ու դրա պահպանության խնդիրները
11. Արցախի ոչ նյութական մշակութային ժառանգությունը
12. Բռնի տեղահանվածների առօրյա կյանքն ու սոցիալական կազմակերպվածությունը
13. Նյութականություն և հիշողության կրիչներ (ֆոտոարխիվ, առարկաներ, ևն)
14. Թվանշային հարթակներն ու հիշողության արխիվացումը
15. Հիշողության գենդերային տեսանկյուններ
16. Հիշողություն և տրավմա՝ խմբային և անհատական
17. Տեղահանության հիշողության ներկայացում արվեստի տարբեր ճյուղերում, գրականությունում
18. Համեմատական դեպքեր․ բռնի տեղահանումներ և դրանց մասին հիշողությունն այլ երկրներում
19. Արցախի հիշողության վայրեր և հիշատակի ծեսեր
20. «Արցախյան հիշողությունն ու պատմությունը» կրթական համակարգում
21. Բռնի տեղահանության և ինքնության վերաիմաստավորման գործընթացներ
22. Հիշողությունն ի նպաստ դիմակայության և ինքնության պահպանության
 
Գիտաժողովին կարող են մասնակցել գիտական հաստատությունների գիտաշխատողներ, անկախ հետազոտողներ, և ասպիրանտներ։
Գիտաժողովին մասնակցել ցանկացողները պետք է ուղարկեն իրենց զեկուցման վերնագիրը հայերեն և անգլերեն, ինչպես նաև 300 բառի սահմաններում ամփոփագիրը (հայերեն կամ անգլերեն) մինչև 2025 թ. սեպտեմբերի 15-ը` iae.anthropology@gmail.com  հասցեով, ինչպես նաև լրացնեն անհատական ձևաթուղթը հետևյալ հղմամբ՝ https://forms.gle/9tqFppheHr8KXRVA8։
 
Ընտրված հայտերի մասին տեղեկությունը կհայտարարվի մինչև սեպտեմբերի 25։
???? Զեկուցումների տևողությունը՝ մինչև 20 րոպե։
???? Մասնակցությունը՝ առցանց և անցանց։
???? Ընտրված զեկուցումները հնարավորություն կունենան հրապարակվելու։
❓Հարցերի կամ լրացուցիչ տեղեկության համար դիմել գիտաժողովի համակարգողներին՝ iae.anthropology@gmail.com
 
Գիտաժողովի կազմկոմիտե՝
Լևոն Աբրահամյան,
Հրանուշ Խառատյան,
Անահիտ Տոնապետյան-Դեմոպուլիս
Գայանե Շագոյան,
Լուսինե Խառատյան
 
Գիտաժողովի ծրագիրը ստորև՝ 
https://www.dropbox.com/scl/fi/8ah26ggxoulkygp9gt93l/Program-Displacement-and-Memory.pdf?rlkey=rzut6mvl2k5ldda4ujtkgl48r&e=1&dl=0
 
Տեսնել ավելին
Ինստիտուտը մեկնարկում է «Վիշապների պահապանները» ծրագիրը

Ինստիտուտը մեկնարկում է «Վիշապների պահապանները» ծրագիրը

10-10-2025 16:09

ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը (ՀԱԻ) «Մշակույթը՝ գործոն» հասարակական կազմակերպության հետ մեկնարկել է համագործակցային նոր ծրագիր «Վիշապների պահապանները» խորագրով։ Ծրագրի հիմնական նպատակն է բարձրացնել 10-14 տարեկանների և տեղական համայնքների իրազեկվածությունը հայկական վիշապաքարերի բացառիկ մշակութային նշանակության վերաբերյալ, ինչպես նաև խթանել ժառանգության պահպանությունը, քննադատական մտածողությունը և քաղաքացիական ներգրավվածությունը։

Այս նախաձեռնությունը, որը մեկնարկում է Հ․ Հովնանյան ընտանեկան հիմնադրամի դրամաշնորհի շրջանակներում, միավորում է հիմնարար գիտելիքը նորարարական կրթական մեթոդաբանության հետ։ Որպես առաջատար գիտական կենտրոն՝ ՀԱԻ-ն ապահովում է ծրագրի բովանդակության գիտական ճշգրտությունն ու հիմնավորվածությունը։

Մեր մասնագետները խորհրդատվություն են տրամադրում ծրագրի ընդհանուր հայեցակարգի և բոլոր կրթական նյութերի վերաբերյալ՝ վիշապաքարերի մասին առկա տեղեկատվությունը համապատասխանեցնելով վերջին հնագիտական հետազոտությունների տվյալներին։

ՀԱԻ-ն ուղղակիորեն պատասխանատու է նաև մասնագիտացված ուսուցողական դասընթացների  մշակման և իրականացման համար։ Այս դասընթացներն անցկացվելու են դպրոցականների և նրանց ընտանիքների համար՝ համայնքային իրազեկման արշավների ընթացքում։ Այս փորձառական ուսուցումը մասնակիցներին կզինի վիշապաքարերի յուրահատուկ պատկերագրության և հնագիտական համատեքստի մասին խորը գիտելիքներով՝ նրանց դարձնելով այս համաշխարհային նշանակության ժառանգության տեղեկացված պահապաններ։

«Վիշապների պահապանները» 9-ամսյա ծրագիրը, որը մեկնարկել է 2025 թվականի սեպտեմբերին, իրականացվում է «Մշակույթը՝ գործոն» ՀԿ-ի կողմից մշակված հայեցակարգով, որը ներառում է «Վահագնը և վիշապը» անիմացիոն ֆիլմի արտադրություն, տեղեկատվական գրքույկների տպագրություն և ֆիլմի ցուցադրություն համայնքային արշավների ժամանակ։

Այս համատեղ աշխատանքի միջոցով ՀԱԻ-ը նպատակ է դնում ոչ միայն տարածել գիտական տեղեկատվությունը, այլև վիշապաքարերի պատմական և մշակութային արժեքը ներկայացնել հասարակության ամենատարբեր շերտերի համար, հատկապես երիտասարդ սերնդի  շրջանում, դրանով իսկ նպաստելով հայկական մշակութային ժառանգության երկարաժամկետ պահպանությանը։

 

Տեսնել ավելին
Բանախոսություն «Հրաչյա Աճառյանի անտիպ ժառանգությունը. ՀԱՅԱՐՁԱՆ» խորագրով

Բանախոսություն «Հրաչյա Աճառյանի անտիպ ժառանգությունը. ՀԱՅԱՐՁԱՆ» խորագրով

25-09-2025 16:00
Սեպտեմբերի 25-ին, ժամը՝ 16.00, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի «Միջնադարագիտական քննարկումներ» սեմինարների շրջանակում տեղի կունենա հերթական բանախոսությունը՝ «Հրաչյա Աճառյանի անտիպ ժառանգությունը. ՀԱՅԱՐՁԱՆ»:
Բանախոս՝ պ.գ.թ. Սուսաննա Ադամյան:
Տեսնել ավելին
«Անթրոպոմորֆիզմ. բուսական և կենդանական աշխարհի մարդացումը հրաշապատում միջավայրում» թեմայով բանախոսություն

«Անթրոպոմորֆիզմ. բուսական և կենդանական աշխարհի մարդացումը հրաշապատում միջավայրում» թեմայով բանախոսություն

18-09-2025 16:30

Սեպտեմբերի 18-ին, ժամը 16։30 - 18։00, ՀԱԻ «Բանագիտական քննարկումներ»-ի շրջանակում տեղի կունենա «Անթրոպոմորֆիզմ. բուսական և կենդանական աշխարհի մարդացումը հրաշապատում միջավայրում» խորագրով դասախոսություն: Բանախոս՝ Ալվարդ Ջիվանյան, բ․գ․դ․, ԵՊՀ

Տեսնել ավելին
«Դաշտադեմի ամրոցի վերականգնման մարտահրավերներն ու թանգարանացումը» խորրագրով բանախոսություն

«Դաշտադեմի ամրոցի վերականգնման մարտահրավերներն ու թանգարանացումը» խորրագրով բանախոսություն

17-09-2025 15:00

Սեպտեմբերի 17-ին ժամը 15:00-ին, ՀԱԻ-ում տեղի կունենա Ճարտարապետական մոդելավորման գիտահետազոտական խմբի հերթական սեմինարը։

Թեմա՝ «Դաշտադեմի ամրոցի վերականգնման մարտահրավերներն ու թանգարանացումը»

Բանախոս՝ Սոսե Աղայան

Տեսնել ավելին
«Թանգարանները ճգնաժամային պայմաններում. Արցախի թանգարանների փորձը» խորագրով բանախոսություն

«Թանգարանները ճգնաժամային պայմաններում. Արցախի թանգարանների փորձը» խորագրով բանախոսություն

15-09-2025 16:00

Սեպտեմբերի 15-ին, ժամը 16:00-ին ինստիտուտի գրադարանում տեղի կունենա Արցախի պատմամշակութային ժառանգության հետազոտության խմբի սեմինարը։

Թեմա՝ «Թանգարանները ճգնաժամային պայմաններում. Արցախի թանգարանների փորձը»

Բանախոս՝ պ.գ.թ. Նժդեհ Երանյան

Տեսնել ավելին
ՀԱԻ-ն  կազմակերպում է միջազգային գիտաժողով ‹‹Ամրոցները և պաշտպանական համակարգն Առաջավոր Ասիայում›› խորագրով

ՀԱԻ-ն կազմակերպում է միջազգային գիտաժողով ‹‹Ամրոցները և պաշտպանական համակարգն Առաջավոր Ասիայում›› խորագրով

20-08-2025 09:00

ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը 2025 թ. հոկտեմբերի 23-25-ը կազմակերպում է միջազգային գիտաժողով ‹‹Ամրոցները և պաշտպանական համակարգն Առաջավոր Ասիայում›› խորագրով:

Գիտաժողովի կազմակերպման նպատակն է Հայաստանում համախմբել ամրոցներով, ռազմական ենթակառուցվածքներով և պաշտպանական համակարգերի ուսումնասիրությամբ զբաղվող հնագետների, ճարտարապետների, պատմաբանների, պատմամշակութային ժառանգության պահպանությունն ու կառավարումն իրականացնող փորձագետների, ինչպես նաև ոլորտին առնչվող այլ հետազոտողների` խթանելու Հայաստանում  և հարակից երկրներում ամրոցների և պաշտպանական համակարգերի համակողմանի ուսումնասիրությունը:

Գիտաժողովը հնարավորություն կտա ներկայացնել պաշտպանական ենթակառուցվածքների վերաբերյալ նոր հետազոտությունները և ընդգծել դրանց ռազմավարական, քաղաքական և տնտեսական դերը տարբեր ժամանակաշրջաններում:

 

Գիտաժողովի բաժիններն են`

  • Հնագիտություն
  • Ճարտարապետություն
  • Պատմագիտություն, աղբյուրագիտություն
  • Բանահյուսություն, ազգագրություն
  • Զբոսաշրջություն

Գիտաժողովին մասնակցելու համար`

  • Մինչև սույն թվականի հուլիսի 30-ը ներկայացնել զեկուցման հիմնադրույթները 300-350 բառի սահմաններում` ներառյալ զեկույցի վերնագիրը, մասնակցի անունը, ազգանունը, հաստատությունը, որը ներկայացնում է մասնակիցը (անկախ հետազոտողները ևս կարող են մասնակցել):
  • Հիմնադրույթներն անհրաժեշտ է ուղարկել fortresses.conference@iae.am  էլ. հասցեին:
  • Ներկայացված հայտերի ընտրությունը տեղի կունենա մինչև սույն թվականի օգոստոսի 20-ը:

 

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. անհրաժեշտության դեպքում արտերկրից եկած մասնակիցների կեցության ծախսերը կհոգա հրավիրող կողմը:  

Գիտաժողովի կազմակերպիչ՝ ՀԱԻ Միջնադարյան հնագիտության բաժին

Անցկացվում է Հայագիտական ուսումնասիրությունները ֆինանսավորող համահայկական հիմնադրամի դրամաշնորհով

 

 

Տեսնել ավելին
Բանախոսություն «Հնագիտական գտածոների զարդամոտիվների օգտագործումը ժամանակակից զարդարվեստում» թեմայով

Բանախոսություն «Հնագիտական գտածոների զարդամոտիվների օգտագործումը ժամանակակից զարդարվեստում» թեմայով

16-07-2025 16:00

Հուլիսի 16-ին, ժամը՝ 16:00-ին ՀԱԻ-ում տեղի կունենա Ճարտարապետական մոդելավորման գիտահետազոտական խմբի կողմից կազմակերպվող սեմինարը՝ «Հնագիտական գտածոների զարդամոտիվների օգտագործումը ժամանակակից զարդարվեստում» խորագրով:

Բանախոսութ՝ Անի Սահակյան

Տեսնել ավելին
ՀԱԻ-ում տեղի կունենա Ռուզաննա Մկրտչյանի «Սևանի ավազանի կենսահնագիտությունը (Միջին և ուշ բրոնզի դարաշրջաններ)» խորագրով դոկտորական ատենախոսության պաշտպանությունը

ՀԱԻ-ում տեղի կունենա Ռուզաննա Մկրտչյանի «Սևանի ավազանի կենսահնագիտությունը (Միջին և ուշ բրոնզի դարաշրջաններ)» խորագրով դոկտորական ատենախոսության պաշտպանությունը

26-06-2025 14:00

ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտին (ՀԱԻ) կից գործող ԲԿԳԿ 007 «Հնագիտություն և ազգագրություն» մասնագիտական խորհրդի ս.թ. հունիսի 26-ի նիստին՝ ժ.14:00-ին, տեղի կունենա Ռուզաննա Մկրտչյանի «Սևանի ավազանի կենսահնագիտությունը (Միջին և ուշ բրոնզի դարաշրջաններ)» խորագրով դոկտորական ատենախոսության պաշտպանությունը:

Ատենախոսությունը նվիրված է Սևանի ավազանի միջին և ուշբրոնզեդարյան բնակչության մարդաբանական տիպի, ժողովրդագրական պատկերի, կենսակերպի, սննդակարգի, թաղման ծեսի առանձնահատկությունների վերակազմությանն՝ ըստ գանգաչափական, ոսկրաչափական, սեռատարիքային և ատամնաախտաբանական հատկանիշների:

Պաշտոնական ընդդիմախոսներ` պ. գ. դ., պրոֆեսոր Հայկ Գրիգորի Ավետիսյան, պ. գ. դ. Գարեգին Սահակի Թումանյան, ա.գ.դ., պրոֆեսոր Հակոբ Երվանդի Սիմոնյան

Առաջատար կազմակերպություն՝ ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտ 

Տեսնել ավելին
Բանախոսություն «Արցախի իսլամական հուշարձանների առաջացման պատմաժամանակային համատեքստը» խորագրով

Բանախոսություն «Արցախի իսլամական հուշարձանների առաջացման պատմաժամանակային համատեքստը» խորագրով

16-06-2025 16:00
Ս.թ. հունիսի 16-ին, ժամը 16:00-ին ՀԱԻ գրադարանում տեղի կունենա Արցախի պատմամշակութային ժառանգության հետազոտության խմբի սեմինարը։
Թեմա` Արցախի իսլամական հուշարձանների առաջացման պատմաժամանակային համատեքստը
Բանախոս՝ պ.գ.թ. Ռուբեն Հովսեփյան
Տեսնել ավելին
«ԽՍՀՄ քաղաքական բռնություններ, բռնաքսոր և հիշողություն» խորագրով գիտաժողով

«ԽՍՀՄ քաղաքական բռնություններ, բռնաքսոր և հիշողություն» խորագրով գիտաժողով

12-06-2025 09:00

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան, Հնագիտության և ազգագրության ինստիտուտը և «Հազարաշեն» ազգաբանական հետազոտությունների հայկական կենտրոն Հ/Կ-ն կազմակերպում են «ԽՍՀՄ քաղաքական բռնություններ, բռնաքսոր և հիշողություն» խորագրով գիտաժողով:

Գիտաժողովը տեղի կունենա ս.թ. հունիսի 12-14՝ Գորիսում և Երևանում:

XSHM KAGAKAKAN BRNUTYUNNER_Gitazogovi Cragir_page-0002.[1]

XSHM KAGAKAKAN BRNUTYUNNER_Gitazogovi Cragir_page-0003.[1]

XSHM KAGAKAKAN BRNUTYUNNER_Gitazogovi Cragir_page-0004.[1]

 

Տեսնել ավելին
«Կարլ-Գուստավ Յունգ – 150» . աշխատաժողով-դասախոսություններ

«Կարլ-Գուստավ Յունգ – 150» . աշխատաժողով-դասախոսություններ

02-06-2025 10:00

Հնագիտության և ազգագրության ինստիտուտի (ՀԱԻ) Համայնքային հետազոտությունների գ/հ խմբի նախաձեռնությամբ կկազմակերպվի «Կարլ-Գուստավ Յունգ – 150» խորագրով աշխատաժողով-դասախոսություններ, որոնք տեղի կունենան ս.թ. հունիսի 2-8-ը, ժամը՝ 10:00-ին, Իջևանում:

2025 թ. լրանում է շվեյցարացի մեծ փիլիսոփա, հոգեբան և մշակութաբան Կ. Գ. Յունգի 150-ամյակը, որը լայնորեն նշվում է աշխարհի մի շարք ինստիտուտների կողմից։ ՀՀ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Համայնքային ուսումնասիրությունների գ/հ խումբն իր հետազոտություններում կիրառում է Յունգի տեսական և մեթոդաբանական բազմաթիվ սկզբունքներ, մասնավորապես, նրա բացահայտումները կրոնի հոգեբանության և մարդկային ստեղծագործական կարողության ոլորտներում։ Մեծ գիտնականի հոբելյանին ներկայացվելու են դասախոսություններ նվիրված Յունգի և նրա կարկառուն աշակերտների մշակութաբանական աշխատություններին, դրանց առնչվող հայագիտական նյութերին, յունգյան մեթոդներով կատարված հետազոտություններին, այդ թվում՝ քառակողմ կոթողներին, թաղման ծեսին, տեսիլներին և երազներին։

Բանախոսներն են Լիլիթ Սիմոնյանը, պ.գ.թ., Հայկ Հակոբյանը, պ.գ.թ. և Կարեն Հովհաննիսյանը, պ.գ.թ., թիմ, որն ավելի քան 15 տարի զբաղվում է ժողովրդական քրիստոեության, պաշտամունքային ձեռագրերի, սրբավայրերի, ուխտագնացությունների, առասպելների և խորհրդանշանների, նվիրական գրաֆիտիների և այլ թեմաներով։ Դասախոսությունների շարքը չի սահմանափակվելու հունիսի 2-8-ին ներկայացված քննարկումներով, այլ կարող է համալրվել յունգյան մեթոդները կիրառող այլ մասնագետների ելույթներով, իսկ հոբելյանի բուն օրը՝ հուլիսի 26-ին տեղի կունենա առցանց ինտերակտիվ միջոցառում՝ Հայաստանի և արտերկրի այն գիտնականների մասնակցությամբ, ովքեր ևս կիրառում են Յունգի մոտեցումները և արժևորում են նրա ներդրումը համաշխարհային մշակույթի մեջ՝ հոգեթերապիայի, արվեստի և արվեստաբանության, գրականության և գրականագիտության, կրթության, կրոնագիտության և այլ ոլորտներում։

 

Տեսնել ավելին