Հ Ր Ա Մ Ա Ն N 66 - Լ
« 4 » ՄԱՅԻՍԻ 2020 Թ. Ք. ԵՐԵՎԱՆ
ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՂ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀՀ ՊԱՐԵՏԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ
ԻՆՍՏԻՏՈՒՏՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՌԵԺԻՄԻ ԵՎ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
ՀՀ ողջ տարածքում կիրառվող ժամանակավոր սահմանափակումների վերաբերյալ 2020 թ. մայիսի 3-ի ՀՀ պարետի նո 63 որոշման պահանջներին համապատասխան ինստիտուտում աշխատանքները կազմակերպելու ժամանակավոր աշխատանքային ռեժիմը և կարգն իրականացնելու համար
Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ ԵՄ
Կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման նպատակով միջոցառումների պատասխանատու նշանակել ինստիտուտի գործերի կառավարիչ Արտակ Ավետիսյանին:
Պատասխանատուն ապահովում է գրասենյակի ողջ տարածքում ընդհանուր սանիտարահամաճարակային անվտանգության կանոնների և հիգիենիկ նորմերի պահպանման նկատմամբ պատշաճ հսկողությունը և կանոնների համար անհրաժեշտ պարագաների, նյութերի ու հարմարությունների առկայությունը:
Պատասխանատուն ապահովում է ախտահանումների, աշխատողների և այցելուների առողջական վիճակի մասին գրանցումների (այլ գրանցումներն՝ ըստ նպատակահարմարության) վարումը:
Յուրաքանչյուր աշխատողի ջերմությունը չափվում է օրական երկու անգամ՝ հեռահար կամ անհատական ջերմաչափով, որից մեկը՝ աշխատանքի ներկայանալու պահին՝ կատարելով համապատասխան նշում գրանցամատյանում: Օրվա գրանցամատյանի վարողին նշանակում է Պատասխանատուն:
Աշխատակիցներն աշխատանքի են ներկայանում անհատական պաշտպանական միջոցներ կրելու պարտադիր պայմանով՝ բժշկական դիմակ, մեկանգամյա օգտագործման ձեռնոցներ, անհատական ջերմաչափ:
Աշխատանքի և ընդմիջման ժամերին արգելվում է ինստիտուտի տարածքից աշխատողների ելքը:
Ինստիտուտի տնօրինությունը, վարչասպասարկող անձնակազմը հաճախում է աշխատանքի սովորական գրաֆիկին համապատասխան՝ աշխատասենյակում աշխատողների քանակն երեք մարդուց ոչ ավել հաշվարկով:
Ինստիտուտի Կամերալ մշակման և վերականգնման լաբորատորիայի, անձնակազմը հաճախում է աշխատանքի սովորական գրաֆիկին համապատասխան աշխատասենյակում աշխատողների քանակն հինգ մարդուց ոչ ավել հաշվարկով: Վերականգնման աշխատանքները տնային պայմաններում իրականացնելու հնարավորության դեպքում աշխատանքները կարելի է կազմակերպել տանը:
Ինստիտուտի գրադարանն աշխատակիցներին և այցելուներին սպասարկում է աշխատանքային բոլոր օրերին: Գրադարավարներն աշխատանքի են հաճախում հերթափոխով՝ գրադարանի վարիչի ներկայացրած գրաֆիկին համապատասխան: Ընթերցասրահից միաժամանակ կարող են օգտվել 5 մարդ՝ պարտադիր պահպանելով մինչև 2 մ հեռավարություն:
Ինստիտուտի արխիվն աշխատակիցներին և այցելուներին սպասարկում է երեքշաբթի, հինգշաբթի և ուրբաթ օրերին: Արխիվի այցելուներին սպասարկող աշխատակիցներն աշխատանքի են հաճախում արխիվի, հայ ազգագրության և բանահյուսության պատմության և տեսության բաժիների վարիչների ներկայացրած գրաֆիկին համապատասխան:
Ինստիտուտի համակարգչային մշակման լաբորատորիայի աշխատանքներն ընթանալու են հեռավար եղանակով:
Ինստիտուտի գիտահետազոտական մասի աշխատանքներն ընթանալու են հեռավար եղանակով:
Գիտահետազոտական աշխատանքներն ինստիտուտում կատարելու անհրաժեշտության դեպքում գիտական բաժինների աշխատակիցները կարող են աշխատանքի ներկայանալ բաժնի վարիչի թույլտվությամբ՝ 1 սենյակում աշխատողների քանակն երեք մարդուց ոչ ավել հաշվարկով: Ինստիտուտ հաճախող աշխատակիցնե-րի մասին բաժնի վարիչը նախապես տեղեկացնում է (կամ տրամադրում է աշխատակիցների ինստիտուտ հաճախելու գրաֆիկ) կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման նպատակով միջոցառումների պատասխանատուին:
Սույն հրամանն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
Տնօրեն` Պ. Ավետիսյան
«Վետո» շարժման ղեկավար Նարեկ Մալյանը, թաքնվելով հակաթուրքական «հայրենասիրության» քողի տակ, սոցիալական ցանցերում օրերս տարածած հրապարակումներով փորձում է վարկաբեկել Հայաստանի վաստակաշատ և հեղինակավոր երկու ազգագրագետների՝ Հրանուշ Խառատյանի և Հարություն Մարությանի գիտական վարկը և մարդկային արժանապատվությունը: Հրանուշ Խառատյանը և Հարություն Մարությանը հայոց պատմության ու մշակույթի ուսումնասիրության մեջ ծանրակշիռ ավանդ ունեցող գիտնականներ են՝ հայոց ավանդական մշակույթի բազմաթիվ ոլորտների ուսումնասիրությանը նվիրված հարյուրավոր գիտական հոդվածներով և տասնյակ մենագրություններով, որոնց կշիռն ավելին է, քան մալյանների՝ կեղծիք սփռող աղբյուրներից համալրվող նետտո և բրուտտո քաշը։ Նշված գիտնականները նաև ունեն հրատարակած արժեքավոր աշխատություններ Արցախի հայ բնակչության, հայոց Ցեղասպանության, հայկական համայնքների, առաջին հանրապետության, խորհրդային շրջանի և հայոց պատմության այլ կարևոր դրվագների մասին։ Նրանք բազմիցս աշխարհի տարբեր գիտական ամբիոններից ներկայացրել են հայ ժողովրդի շահերը և ճանաչելի դարձրել միջազգային լայն հանրության առջև հայոց պատմության և մշակույթի կարևոր փաստեր ու դրվագներ:
Խստորեն դատապարտում ենք մեր գործընկերների հասցեին Նարեկ Մալյանի հնչեցրած ֆաշիստական բովանդակության հայտարարություններն ու նրանց ընտանիքների անդամների հետ ֆիզիկական հաշվեհարդարի, ընդհուպ մինչև մահվան սպառնալիք պարունակող բովանդակությամբ կոչերը և հրավիրում ՀՀ դատախազության և իրավապահ մարմինների ուշադրությունը՝ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու համար: Միևնույն ժամանակ Հայաստանի գիտական և ակադեմիական հանրությանը կոչ ենք անում դատապարտելու վաստակաշատ գիտնականների վրա ծայրահեղական ուժերի կողմից բռնություն կիրառելու այս կոչերը:
Մարդկային համակեցությունը միշտ ունեցել է և ունի արատավոր շեղումներ՝ «մատնիչների» և զրպարտիչների ցանցեր, դավադրագիտության տեսաբաններ ու մոլագարներ, ծայրահեղական և պսևդոհայրենասիրական խմբակներ, որոնց միջոցով բազմիցս փորձել են հալածել գիտնականներին, հանրային ուղղամիտ կեցվածքն ու այլակարծությունը: Հանրային կեցության այս թարախապալարները եղել են և մնալու են ազգագրագետների ուսումնասիրության առարկա: Ազգագրությունը մարդկային մտքի և դրա կարևորագույն արդյունքի՝ մշակույթի, շարունակական ապագաղութացման գործընթաց է։ Եվ դրանից սպասվող անհանգստությունն է, որ ցնցումների մեջ է գցել մերօրյա պսևդոհայրենասերներին:
Չէինք անդրադառնա խնդրին, եթե մալյանների արտահայտությունները չդառնային բացահայտ սպառնալիքներ, մարդկանց ֆիզիկական ոչնչացման կոչեր, որոնք այլևս դուրս են հանրային խոսք լինելուց և պարունակում են քրեական հանցանքի բացահայտ տարրեր։
Միաժամանակ, փաստում ենք, որ այո, նաև՝ մեր՝ գիտնականներիս ջանքերով է հնարավոր դարձել բռնապետությունների կազմաքանդումը, տեռորի պատմության լուսաբանումը, ցեղասպանության մարդկային պատմությունների բարձրաձայնումը, փախստական, հալածված խմբերի, աղքատների ձայների հանրայնացումը, ինչպես նաև մալյանների համար քաղաքացիական ազատությունները հնարավոր դարձնելն ու պահպանելը։
Այս նամակը դիտարկում ենք ոչ միայն որպես Հրանուշ Խառատյանին, Հարություն Մարությանին պաշտպանելու գործընկերային դիրքորոշում, այլև ազատ միտք ունենալու, գիտական գործունեությամբ զբաղվելու իրավունքի իրացմանը խոչընդոտելու մասին ահազանգ, ինչի արժանապատիվ իրականացման իրավունքը մեզանից յուրաքանչյուրին տրված է ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով։
ՀՀ ԳԱԱ Հնագիության և ազգագրության ինստիտուտի գիտական անձնակազմ
12 մայիս 2020թ.
Ուշադրությո՛ւն՝ թարմացում․ պաշտպանությունը կանցկացվի առցանց՝ մայիսի 19-ին, ժ. 14:00-ին հետևյալ հղումով՝ https://us02web.zoom.us/j/86539334749?pwd=STlRSi9BVmE1di9pT0tQWitoc3VWZz09 (Zoom Meeting ID: 865 3933 4749, Password: 183875):
ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտում գործող ԲՈԿ-ի 007 Հնագիտության և ազգագրության մասնագիտական խորհրդում (հասցեն՝ Երևան-0025, Չարենցի 15) կայանալու է Հովհաննիսյան Կարեն Հովհաննեսի «Թուխ Մանուկ սրբավայրերը» (պատմաազգագրական ուսումնասիրություն)» Է.00.04 - ‹‹Ազգագրություն›› մասնագիտությամբ պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի հայցման ատենախոսության պաշտպանությունը:
Ատենախոսությանը կարելի է ծանոթանալ ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գրադարանում։
Մասնագիտական խորհուրդ
Եղեգնաձորի երկրագիտական թանգարանը Հնագիտության և ագգագրության ինստիտուտի և «Իմ Հայաստան» ծրագրի հետ համատեղ կազմակերպում է միջազգային գիտաժողով, որը տեղի կունենա 2020 թ․-ի մարտի 13-14-ին Եղեգնաձորի երկրագիտական թանգարանում:
Հազարամյակներ շարունակ գտնվելով տարբեր մշակույթների խաչմերուկում՝ Վայոց ձորի մարզն իր մշակութային և բնական լանդշաֆտում ամփոփում է հնագույն, միջնադարյան և ժամանակակից հասարակությունների հետքերը: Վերջին տարիներին գիտնականները նոր բացահայտումներ են կատարել Վայոց ձորի հեռավոր անցյալի մասին: 2007թ.-ին հնագետները հայտնաբերել են առնվազն 6000 տարվա վաղեմության գտածոներ, որոնք վկայում են այն մասին, որ Արենի-1 քարանձավային համալիրը եղել է գինու արտադրության հնագույն կենտրոններից մեկը ողջ աշխարհում: Մարզում այսօր էլ լավագույն գինեգործական ավանդույթները պահպանվում են Հայաստանի ամենահայտնի գինիների և գինեգործների շնորհիվ:
Գիտաժողովի նպատակն է ուսումնասիրել Վայոց ձորի մարզի պատմամշակութային ժառանգությունը:
Գիտաժողովը տեղի կունենա Եղեգնաձորի երկրագիտական թանգարանում, որտեղ ներկայացված է նախապատմական ժամանակաշրջանից մինչև 20-րդ դարին պատկանող արտեֆակտների հարուստ հավաքածու: Սա իր տեսակի մեջ առաջին գիտաժողովն է, որը նախատեսվում է անցկացնել տվյալ մարզում: Ասպիրանտուրայի ուսանողները, տարբեր գիտահետազոտական հաստատությունների գիտաշխատողները, թանգարանային մասնագետները և գիտնականները կարող են աշխատության ամփոփագիր ներկայացնել՝ գիտաժողովի ընթացքում զեկուցումով հանդես գալու համար:
ՀԱՅՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ
Գիտաժողովի շրջանակում ընդունվում են Վայոց ձորին առնչվող աշխատություններ հետևյալ թեմաներով.
Պատմություն
Հնագիտություն
Ազգագրություն
Բանահյուսություն
Մշակութաբանություն
Երկրագիտություն
Ճարտարապետություն և արվեստ
Զեկուցումների տևողությունը 20 րոպե է, ևս 10 րոպե կհատկացվի քննարկման համար: Բանախոսները սլայդներ ցույց տալու հնարավորություն կունենան: Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են հայերենը և անգլերենը: Աշխատությունները կհրատարակվեն գիտաժողովի նյութերում:
Գիտաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև դեկտեմբերի 20-ը tangaran68@gmail.com էլեկտրոնային հասցեին ուղարկել ներկայացվող աշխատության մոտ 300-բառանոց ամփոփագիր՝ հեղինակ(ներ)ի հակիրճ կենսագրությամբ հանդերձ: Գիտաժողովի գիտական կոմիտեն ընտրություն կկատարի ներկայացված հայտերի միջև: Զեկուցողների ընտրության արդյունքները կծանուցվեն մինչև դեկտեմբերի 25-ը:
Ուղևորափոխադրումը և Եղեգնաձորում կեցությունը հոգում են կազմակերպիչները:
Գիտաժողովի նյութերը կհրատարակվեն Եղեգնաձորի երկրագիտական թանգարանի կողմից գիտաժողովից հետո:
Կոնտակտային տվյալներ
Եղեգնաձորի երկրագիտական թանգարան
Շահուկյան 4 փողոց, 3601 Եղեգնաձոր, Վայոց ձոր
tangara68@gmail.com
+374 281 233 92
2020 թ․-ի մարտի 10-ին ժամը 14։00-ին ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտում գործող ԲՈԿ-ի 007 հնագիտության և ազգագրության մասնագիտական խորհրդում (հասցեն՝ Երևան-0025, Չարենցի 15) կայանալու է Վարդանյան Բենիկ Վարդանի «Հայկական Լեռնաշխարհի հյուսիսարևելյան հատվածի բնակչության սոցիալական կազմը և թաղման ծեսն ըստ ուշ բրոնզ և վաղերկաթեդարյան դամբանային համալիրների» Է.00.03 - ‹‹Հնագիտություն›› մասնագիտությամբ պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի հայցման ատենախոսության պաշտպանությունը:
Ատենախոսությանը կարելի է ծանոթանալ ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գրադարանում։
Մասնագիտական խորհուրդ
Կյանքի 71-րդ տարում մահկանացուն կնքեց ՀՀ ԳԱԱ արտասահամանյան անդամ, Հայաստանի ամերիկյան համալսարանի պրոֆեսոր, Հայաստանի Հանրապետության նախկին պետական նախարար Գրիգոր Եվգենիի Արեշյանը:
Գրիգոր Արեշյանը ծնվել է 1949 թ. մայիսի 13-ին Երևանում: 1970 թվականին ավարտել է ԵՊՀ պատմության ֆակուլտետը: 1970-1973 թթ. սովորել է ԵՊՀ, իսկ1973-1975 թթ. Ս. Պետերբուրգի ասպիրանտուրայում և 1975 թ. հաջողությամբ պաշտպանել թեկնածուական ատենախոսությունը՝ ստանալով պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: Նրա ղեկավարն էր հայտնի հնագետ, Էրմիտաժի տնօրեն Բորիս Պիոտրովսկին: 1970-1973 թվականներին աշխատել է ԵՊՀ հնագիտության և ազգագրության ամբիոնում, 1973-1980 թվականներին՝ ԵՊՀ հայագիտության կենտրոնում, որպես գիտաշխատող: 1981 թվականին Գ. Արեշյանի նախաձեռնությամբ և մասնակցությամբ ԵՊՀ-ում ստեղծվեց հնագիտական հետազոտությունների գիտական լաբորատորիան, որն էլ ղեկավարել է մինչև 1987 թվականը: 1987-1991 թթ. նա զբաղեցնում է ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրենի տեղակալի պաշտոնը: Անկախության առաջին տարիներին Գ. Արեշյանը ներգրավվեց երկրի կառավարման գործում: 1991-1992 թթ. նա Հայաստանի Հանրապետության պետնախարար էր, ղեկավարել է ՀՀ պատվիրակությունը Ռուսաստանի հետ բանակցություններում: 1993 թ. բուժման նպատակով տեղափոխվում է ԱՄՆ, որտեղ բուժմանը զուգընթաց զբաղվում է գիտամանկավարժական գործունեությամբ: Դասավանդել է ԱՄՆ-ի տարբեր համալսարաններում և քոլեջներում, ի մասնավորի Կալիֆորնիայի, Չիկագոյի, Վիսկոնսինի համալսարաններում: Սկսած 2001 թ-ից` դասավանդել և գիտական տարբեր պաշտոններ է զբաղեցրել Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի Կոտսընի անվան հնագիտության ինստիտուտում, 2010 թ-ին դարձել է ինստիտուտի փոխտնօրենը:
2016 թվականին տեղափոխվեց Հայաստան, դասավանդում էր Հայաստանի ամերիկյան համալարանում:
Մեծ է նրա ավանդը ՀՀ տարածքի հնագիտական հուշարձանների դաշտային հետազոտությունների ոլոտում: Դեռևս ուսանողական տարիներին մասնակցել է Լճաշենի, Արթիկի դամբարանադաշտերի, Կարմիր բլուրի պեղումներին: 1970-80-ական թվականներին Գրիգոր Արեշյանը ղեկավարել է Ադաբլուրի, Մոխրաբլուրի, Նորաբացի բլուր բնակատեղիների, Բերքաբերի (Հ. Սիմոնյանի հետ համատեղ), Մայիսյանի, Շամիրամի դամբարանադաշտերի պեղումները: Կոտսենի անվ. Հնագիտության ինստիտուտում աշխատելու տարիներին նրա ջանքերով և ղեկավարությամբ մշակվեցին և կյանքի կոչվեցին հայ-ամերիկան մի շարք համատեղ ծրագրեր, որոնք իրենց նպաստը բերեցին հայաստանյան հնագիտության միջազգայնացման, հայ-ամերիկյան գիտական կապերի ընդլայնման ու ամրապնդման գործին: Մասնավորապես 2008-2012 թվականներին Գրգոր Արեշյանը, որպես հայ-ամերիկյան արշավախմբի ամերիկյան կողմի ղեկավար, ակտիվ մասնակցություն է ունեցել միջազգային լայն արձագանք ստացած Արենի 1 քարայրի պեղումներին, պեղումների արդյունքների ուսումնասիրությանն ու հանրահռչակմանը: 2011 թվակաինց նրա ջանքերով ձևավորվեց ևս մեկ հայ-ամերիկյան արշավախումբ, որը վերսկսեց և ներկայումս էլ շարունակում է Մասիս բլուր նեոլիթյան հնավայրի պեղումներն ու նյութերի ուսումնասիրությունները:
Մեծ է Գրգոր Արեշյանի ավանդը Հայկական լեռնաշխարհի հնագույն անցյալի ուսումնասիրության ասպարեզում: Նրա հրատարակած ուսումնասիրություններից շատերը ուղենիշային դեր են խաղացել Հայկական լեռնաշխարհի հնագիտական մշակույթների ժամանակագրության և պարբերացման ներկայիս համակարգի ձևավորման, լեռնաշխարհի հնագույն հասարակությունների հասարակական և սոցիալական միջավայրի առանձնահատկությունների վերհանման, արժևորման համար: Անուրանալի ձիրքի ու գիտելիքների շնորհիվ Գրիգոր Արեշյանը կարողանում էր անցյալի մշակութային ֆենոմենների ուսումնասիրության համար, հնագիտական տարբեր դպրոցների ու ուղղությունների տեսական մտքի քննական վերլուծությամբ գտնել այնպիսի լուծումներ, որոնք հեղինակին բերեցին լայն ճանաչում և համբավ: Նա ավելի քան 150 գիտական աշխատանքների հեղինակ է, որոնք հրատարակվել են 5 լեզուներով՝ 12 երկրներում: Գրիգոր Արեշյանի գիտական աշխատանքները նվիրված են Հայկական լեռնաշխարհի, Կովկասի և Առաջավոր Ասիայի հնագիտության և մշակույթի տարբեր ասպեկտների վերլուծությանը:
Գրիգոր Արեշյանը տիրապետում էր մի շարք, այդ թվում ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն լեզուների, ազատ կարդում էր գրաբար, լատիներեն, ուրարտական սեպագիր տեքստեր:
Գիտական նշանակալից արդյունքների համար 2014 թ. նա ընտրվել է ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ:
Գրիգոր Արեշյանն իր ժողովրդի և Արեշյանների տոհմի արժանավոր զավակն էր։ Նա ամբողջ կյանքը դրեց գիտության, մասնավորապես՝ հնագիտության և հայագիտության զարգացման, երիտասարդ կադրերի պատրաստման, հայոց մշակութային ժառանգության հանրայնացման համար։ Նրա հիշատակը մշտապես կմնա բազմաթիվ հնագետների, հայագետների, նրան ճանաչողների սրտերում։
ՀՀ ԳԱԱ նախագահություն
ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունք
ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտ
ԵՊՀ հնագիտության և ազգագրության ամբիոն
2020 թ․-ի մարտի 5-ին ժամը 13։00-ին ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտում գործող ԲՈԿ-ի 007 Հնագիտության և ազգագրության մասնագիտական խորհրդում (հասցեն՝ Երևան-0025, Չարենցի 15) կայանալու է Բարսեղյան Սյուզաննա Սոսի «Էթնիկ մամուլի դերը Հայկական Սփյուռքում (էթնոսոցիոլոգիական հետազոտություն)» Է.00.04 - ‹‹Ազգագրություն›› մասնագիտությամբ պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի հայցման ատենախոսության պաշտպանությունը:
Ատենախոսությանը կարելի է ծանոթանալ ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գրադարանում։
Մասնագիտական խորհուրդ
2020 թ․-ի մարտի 5-ին ժամը 15։00-ին ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտում գործող ԲՈԿ-ի 007 Հնագիտության և ազգագրության մասնագիտական խորհրդում (հասցեն՝ Երևան-0025, Չարենցի 15) կայանալու է Տանաջյան Լուսինե Ասատուրի «Սոցիալական փոփոխությունները Հայկական Սփյուռքում (Լոս Անջելեսի, Թեհրանի, Բեյրութի հայերի էթնոսոցիոլոգիական հետազոտություն)» Է.00.04 - ‹‹Ազգագրություն›› մասնագիտությամբ պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի հայցման ատենախոսության պաշտպանությունը:
Ատենախոսությանը կարելի է ծանոթանալ ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գրադարանում։
Մասնագիտական խորհուրդ
ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի միջճյուղային թիմն իրագործում է Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի կողմից ֆինանսավորվող ծրագիր, որի նպատակն է ուսումնասիրել անհատների սեփականությունը հանդիսացող, բայց և ժողովրդական քրիստոնեության կարևոր մի մասը ներկայացող սուրբ համարվող ձեռագրերի և հնատիպ գրքերի և դրանց շուրջ ձևավորված խորհրդանշական հարուստ մշակույթի ուսումնասիրությունը:
Հայոց մշակույթի համար բարձր արժեք են ներկայացնում ոչ միայն նկարազարդ հին մատյանները, այլև այն ծեսերը, ավանդույթներն ու բանահյուսությունը, որոնք գոյություն ունեն դրանց շուրջ ժողովրդի մի ստվար զանգվածի շրջանակում:
Սեմինար-դասախոսության ընթացքում ինստիտուտի գիտաշխատողներ Լ. Սիմոնյանը, Հ. Հակոբյանը և Կ. Հովհաննիսյանը կներկայացնեն 2019 թ. ընթացքում կատարված դաշտային աշխատանքների արդյունքները:
2019 թ․-ի նոյեմբերի 19-ին ժամը 14։00-ին ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտում գործող ԲՈԿ-ի 007 Հնագիտության և ազգագրության մասնագիտական խորհրդում (հասցեն՝ Երևան-0025, Չարենցի 15) կայանալու է Հակոբյան Գայանե Լևոնի «Սիրիահայերի սոցիալ-մշակութային ադապտացիայի հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում» Է.00.04 - ‹‹Ազգագրություն›› մասնագիտությամբ պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի հայցման ատենախոսության պաշտպանությունը:
Ատենախոսությանը կարելի է ծանոթանալ ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գրադարանում։
Մասնագիտական խորհուրդ
ՀՀ ԳԱԱ ՀԱԻ Երիտասարդ գիտնականների խորհուրդը հրավիրում է հետազոտողների, գիտաշխատողների և ասպիրանտների (մինչև 40 տարեկան)՝ մասնակցելու հերթական 16-րդ միջազգային գիտաժողովին: Այն միջգիտակարգային է և ընդգրկում է հետևյալ ոլորտները.
Մասնակցության համար անհրաժեշտ է ներկայացնել ՝
Մասնակցության հայտը և աբստրակտը ուղարկել հետևյալ էլ. հասցեներին ysc@iae.am cc: ysc.iae.arm@gmail.com մինչև 2019 թ. հունիսի 21-ը (ուշացած հայտերը չեն ընդունվելու):
Ընտրված զեկուցումների մասին կտեղեկացնենք էլ. փոստով` մինչև 2019 թ. հուլիսի 26-ը։
Ընտրված զեկուցումների աշխատանքային տեքստերը (մոտ 3000 բառ) ուղարկել մինչև 2019 թ. հոկտեմբերի 25-ը:
Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են հայերենը, անգլերենը և ռուսերենը: Հնարավոր է նաև առցանց զեկուցման տարբերակ: Զեկուցումների տևողությունը` 15 րոպե:
Գիտաժողովին ներկայացված և խմբագրական խորհրդի հավանությանն արժանացած զեկուցումները կհրատարակվեն գիտական հոդվածների տեսքով։
Հրավիրող կողմը հոգում է արտերկրից դիմողների միայն մնալու ծախսերը:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք գրել ysc.iae.arm@gmail.com հասցեին:
Ամենամյա գիտաժողովը կազմակերպում է ՀՀ ԳԱԱ ՀԱԻ ԵԳԽ-ը:
Հասցե` Երևան, 0025, Չարենցի փ., 15
Հեռ.` (+374) 10 55 68 96, Էլ. հասցե info@iae.am