Հնագիտության և ազգագրության ինստիտուտ

ՀԱԻ-ում տեղի ունեցավ «Բանագիտական-տեքստաբանական աշխատանքի նրբություններ. «Նոյ նահապետը» ժողովրդական վիպաշարի վերականգնման փորձառությունը» խորագրով բանախոսությունը

Աշխատանքային ժամեր

Երկուշաբթի-ուրբաթ՝ 09:00-18.00 Շաբաթ-կիրակի՝ փակ է:

Կոնտակտային տվյալներ

Հայաստան, Երևան, Չարենցի 15 info@iae.am +374 10 552645

Գտեք մեզ ֆեյսբուքում

24-10-2024 18:00

ՀԱԻ-ում տեղի ունեցավ «Բանագիտական-տեքստաբանական աշխատանքի նրբություններ. «Նոյ նահապետը» ժողովրդական վիպաշարի վերականգնման փորձառությունը» խորագրով բանախոսությունը

Համաշխարհային ջրհեղեղի մասին կան բազմաթիվ ժողովրդական ավանդազրույցներ, որոնք կարծես մեկ ընդհանուր վիպաշարի դրվագներ լինեն։ Այս նյութը երբեք առանձին ուսումնասիրության առարկա չի եղել հայ բանագիտության մեջ։ Հոկտեմբերի 24-ին տեղի ունեցավ «Բանագիտական-տեքստաբանական աշխատանքի նրբություններ. «Նոյ նահապետը» ժողովրդական վիպաշարի վերականգնման փորձառությունը» խորագրով բանախոսությունը, որի ժամանակ պ.գ.թ. Կարեն Հովհաննիսյանը ներկայացրեց իր աշխատասիրած նոր ժողովածուի կազմման և հրատարակման ընթացքը։

Մարդկության նախասկզբի և համընդհանուր նախահոր մասին պատկերացումը ստեղծվել է հնագույն ժամանակներից՝ աշխարհի տարբեր ծագերում և տարբեր ժողովուրդների ավանդական զրույցներում։ Բազմաթիվ ավանդույթներում մարդիկ իրենց տեսակի սկզբնավորումը պատկերացրել են փուլային տարբերակով՝ հատկապես երկփուլ, ընդ որում առաջին փուլի ավարտն ազդարարել է համաշխարհային մեծ աղետը, տարբերակների գերակշիռ մասում՝ ջրհեղեղը, որից փրկված միակ մարդն ու նրա ընտանիքը դարձել են երկրորդ փուլի նախահայր(եր)ը։ Սովորաբար իբրև ջրհեղեղի պատճառ նշվում են մարդկանց ամբարտավանությունը, ծիսական և բարոյական տաբուների խախտումը։ Համաշխարհային ջրհեղեղի օվկիանոսից մարդության վերածնումը նմանեցվել է նախասկզբնական քաոսային ջրերից կյանքի առաջացմանն ու աշխարհի արարմանը։

Ետջրհեղեղյան նախահայրը տարբեր անուններ ունի տարբեր ավանդազրույցներում՝ Զիուսուդրա, Քսիսուստրոս, Ատրա-Հասիս, Ուտ-նապիշտի, Դևկալիոն, Նոյ և այլն։ Որպես կանոն, այդ հերոսը կառուցում է փայտե տապան կամ նավ, որի մեջ համաշխարհային ջրհեղեղի ժամանակ փրկվում են ոչ միայն մարդկության միակ արդար ներկայացուցիչն ու իր ընտանիքը, այլև կենդանի մյուս էակների տեսակները և անգամ բույսերի սերմերը։ Կյանքի մանրատիեզերքն (միկրոկոսմ) ամփոփող այս նավը ջրերի մեջ օրեր, շաբաթներ կամ ամիսներ շարունակ տարուբերվելուց հետո կանգ է առնում տվյալ տարածաշրջանի՝ ենթադրաբար ամենաբարձր գագաթի վրա (Նիցիր, Պառնաս, Մասիս, ևն)։

Համաշխարհային ջրհեղեղի մասին պատմող հայկական ավանդազրույցներն ունեն կարևոր մի առանձնահատկություն. դրանք սերտորեն կապվում են Հայկական լեռնաշխարհի տեղանուններին՝ հատկապես լեռնանուններին։ Բանախոսը ներկայացրեց որոշ հայկական ավանդազրույցներ, խոսեց դրանցում արտացոլված պատկերացումների մասին։