Դեկտեմբերի 16-ի ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտին (ՀԱԻ) կից գործող ԲԿԳԿ 007 «Հնագիտություն և ազգագրություն» մասնագիտական նիստի ընթացքում կայացավ ՀԱԻ Վաղ հնագիտության բաժնի գիտաշխատող Արմինե Հարությունյանի «Հայաստանի նեոլիթ-էնեոլիթյան խեցեղենը (ըստ Արարատյան դաշտի Ակնաշեն և Առատաշեն բնակատեղիների նյութերի)» խորագրով թեկնածուական ատենախոսության պաշտպանությունը:
Ա․ Հարությունյանը երկար տարիների ընթացքում ստեղծել է մի շատ կարևոր աշխատություն՝ նվիրված Հայաստանի վաղագույն` նեոլիթյան և վաղ Էնեոլիթյան դարաշրջանների խեցեղենի ուսումնասիրությանը։ Ատենախոսության գիտական ղեկավար, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պ. գ. դ. Պավել Ավետիսյանը ներկայացրեց ատենախոսին՝ նշելով, որ աշխատությունը նշանավորում է Հայաստանում և ամբողջ Հարավային Կովկասում խեցեգործության սկզբնավորման փուլերը։
«Հնագիտություն և ազգագրություն» մասնագիտական խորհրդի գիտքարտուղար, պ․ գ․ թ․ Արսեն Հարությունյանը ողջունեց ներկաներին և ներկայացրեց Ա․ Հարությունյանի կենսագրականը։ Ելույթներով հանդես եկան նաև պաշտոնական ընդդիմախոսներ պ. գ. դ., պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանը և պ. գ. թ., ՀԱԻ տնօրեն Արսեն Բոբոխյանը։ Ատենախոսությունը ներկայացրեց Ա․ Հարությունյանը՝ նշելով՝ ամբողջ աշխատանքը կատարվել է հնագիտական տվյալների և հնաչափական անալիզների արդյունքների հիման վրա։ Համակարգվել և վերլուծվել են ինչպես խեցեղենի մորֆոտիպաբանական, այնպես էլ տեխնիկական և տեխնոլոգիական պարամետրերն ու հատկանիշները։ Մշակութային և ժամանակագրական լայն զուգահեռների ընդգրկմամբ կատարվել է համեմատական վերլուծություն՝ ուսումնասիրվող երևույթի պատմա-մշակութային համատեքստը վերհանելու նպատակով:
Ատենախոսության վերաբերյալ կարծիքներ հայտնեցին «Հնագիտություն և ազգագրություն» մասնագիտական նիստի հանձնաժողովի անդամները։ Բոլորն էլ աշխատությունը կարևորեցին, նշեցին առկա թերությունները, որոնք էական ազդեցություն չունեն։ Եղան նաև այլ ելույթներ, առաջարկներ։ Վերջում գաղտնի քվեարկությոմբ աշխատությունն ընդունվեց դրական. Ա․ Հարությունյանին կշնորհվի պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։
Ա․ Հարությունյանը շնորհակալություն հայտնեց աշխատանքի ընթացքում իրեն աջակցողներին՝ գիտական ղեկավարին, ՀԱԻ Վաղ հնագիտության բաժնի ղեկավար Ռուբեն Բադալյանին, Երևանի պետական համալսարանի հնագիտության և ազգագրության ամբիովի վարիչ Հայկ Ավետիսյանին, ՀՀ ԳԱԱ երկրաբանության ինստիտուտի աշխատակիցներին, առանց որոնց համագործակցությամբ աշխատությունը չէր ստացվի, այլոց։