Արմինե Տիգրանյանը պաշտպանեց «Մշակութային ժառանգության պահպանությունը. տեսական մոտեցումները, միջազգային փորձը և Արցախի մշակութային ժառանգության պահպանության խնդիրները» խորագրով թեկնածուական ատենախոսությունը
Մարտի 20-ին ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտում տեղի ունեցավ Թ․ 00․ 06․ «Մշակութաբանություն» մասնագիտությամբ պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի հայցման ատենախոսություն։ ՀԱԻ_ին կից գործող ԲԿԳԿ 007 մասնագիտական խորհրդի նիստին «Մշակութային ժառանգության պահպանությունը. տեսական մոտեցումները, միջազգային փորձը և Արցախի մշակութային ժառանգության պահպանության խնդիրները» խորագրով թեկնածուական ատենախոսության պաշտպանությամբ հանդես եկավ ԵՊՀ պատմության ֆակուլտետի Մշակութաբանության ամբիոնի գիտաշխատող Արմինե Տիգրանյանը։ Ներկա էին ՀԱԻ տնօրեն Արսեն Բոբոխյանը, տարբեր բաժինների աշխատակիցներ, ուսանողներ, թեմայով հետաքրքրվողներ։
Ատենախոսության առաջատար կազմակերպությունն է ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտը։
ՀԱԻ կից գործող ԲԿԳԿ 007 մասնագիտական խորհրդի նիստի նախագահ պ․ գ․ դ․, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Պավել Ավետիսյանը կարևորեց ատենախոսության թեման և բացեց նիստը։ Ներկաներին ողջունեց Մասնագիտական խորհրդի գիտական քարտուղար Արսեն Հարությունյանը` նշելով, որ ատենախոսության թեման հաստատվել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի գիտական խորհրդի նիստում։
Գիտական ղեկավարն է պ․ գ․ դ․, պրոֆեսոր Համլետ Պետրոսյանը, պաշտոնական ընդդիմախոսներն են բ․ գ․ դ․, դոցենտ Թամար լազարի Հայրապետյանը և պ․ գ․ թ․, դոցենտ Արսեն Աշոտի Հակոբյանը։
Ատենախոս Ա․ Տիգրանյանը, ներկայացնելով աշխատանքը, տեղեկացրեց, որ Արցախի Հանրապետության տարածքում 2020թ․ սեպտեմբերի տվյալներով գրանցված է 4000 հուշարձան, որոնց մեծ մասը 4-19-րդ դարերի հայկական քրիստոնեական ժառանգություն է։ Ա. Տիգրանյանը նշեց, որ հետազոտության նպատակն է եղել ուսումնասիրել մշակութային ժառանգության պահպանության տեսական մոտեցումները, միջազգային փորձը (ժառանգության պահպանությանը միտված միջազգային կոնվենցիաները, հռչակագրերը, կանոնակարգերը, ոլորտի միջազգային կառույցների ընդհանուր քաղաքականությունը, բանաձևերը, որոշումները և այլն ), որպեսզի վեր հանվի Արցախի մշակութային ժառանգության պահպանության արդի խնդիրները և գտնվի ժառանգության հնարավոր պաշտպանության մեխանիզմները։ Հետազոտության գիտական նորույթը, ըստ ատենախոսի, երկուսն են՝ Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության դիտարկումն է մշակութային ժառանգության լայն հայեցակարգի համապարփակ շրջանակի ներքո և մշակութային ժառանգության ոչնչացումները, պատերազմական հանցագործությունները, մշակութային ցեղասպանությունը, էթնիկ զտումները ու տեղահանությունը որպես մեկ համակարգ դիտարկելը։ Ներկայացրեց հետազոտության տեսական հիմքն ու մեթոդաբանությունը, աշխատանքի գործնական նշանակությունը, թեմայի ուսումնասիրությունը և ատենախոսության հիմնական բովանդակությունը։
Այնուհետև ելույթ ունեցան գիտական ղեկավարը, ընդդիմախոսները։ Ըստ ընդդիմախոսների՝ աշխատանքում կան որոշակի բացթողումներ, սակայն դրանք էական ազդեցություն չեն թողնում, ատենախոսության պաշտպանության վրա։
Ելույթներից հետո եղավ քվեարկություն, և Մասնագիտական խորհրդի միաձայն որոշմամբ Ա․ Տիգրանյանին շնորհվեց պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։