Հնագիտության և ազգագրության ինստիտուտ

ՀԱԻ-ում տեղի ունեցավ «Բանահավաքչության արդի գործիքները. բանագետը դաշտում և համացանցում» բանախոսությունը

Աշխատանքային ժամեր

Երկուշաբթի-ուրբաթ՝ 09:00-18.00 Շաբաթ-կիրակի՝ փակ է:

Կոնտակտային տվյալներ

Հայաստան, Երևան, Չարենցի 15 Էլ.հասցե՝ info@iae.am Հեռ.՝+37410-55-26-45

Գտեք մեզ ֆեյսբուքում

20-03-2025 22:00

ՀԱԻ-ում տեղի ունեցավ «Բանահավաքչության արդի գործիքները. բանագետը դաշտում և համացանցում» բանախոսությունը

Մարտի 20-ին Հնագիտության և ազգագրության ինստիտուտի «Բանագիտական քննարկումներ»-ի շրջանակում տեղի ունեցավ «Բանահավաքչության արդի գործիքները. բանագետը դաշտում և համացանցում» բանախոսությունը, որի ընթացքում քննարկվեց բանահավաքչության ավանդական մեթոդների և արդիական տեխնոլոգիաների համադրման հարցը։ Ներկայացվեց, թե ինչը կարող ենք համարել ժամանակակից բանահյուսություն, ինչպես կարող ենք արձանագրել այդ նյութը, և ինչ կարող է մեզ տալ դրա հետազոտումը:
 
Բանագետ, բ․գ․թ․ Նվարդ Վարդանյանը, խոսելով ավանդական մոտեցման մասին, նշեց, որ վերջինս դեռևս մնում է ավելի մեծ ազդեցություն ունեցող երևույթ, սակայն կարևոր համարեց նաև բանահյուսության հավաքագրման նոր մոտեցումը` համացանցային տիրույթի ուսումնասիրումը` որպես նորարարական և ժամանակակից ճանապարհ՝ զանազան նյութերի տարածման հարթակ։
 
Քննարկվեցին այն բարդությունները, որոնք կարող են առաջանալ համացանցում՝ տվյալների ստուգման, աղբյուրների ճշգրտման և տեղեկատվության ամբողջականացման տեսանկյունից։ Քննարկման մասնակիցներն անդրադարձան նաև այն հարցին, թե որքան կարևոր է պահպանել ավանդական մեթոդների կիրառությունը, որպեսզի դաշտը չկորցնի իր բնույթը։ Սեմինարի երկրորդ մասում աշխույժ քննարկում ծավալվեց եզրույթների ճշգրտման, հայ իրականության մեջ դրանց ստեղծման և զարգացման ուղու մասին։ Ընդգծվեց, որ գիտության զարգացումը պարտադիր չէ, որ կատարվի դրսից մեխանիկական պատճենման ճանապարհով, այլ հարկավոր է առաջին հերթին օգտագործել այն հսկայական գիտելիքն ու հմտությունները, որոնք ստեղծվել են մեր իրականության մեջ` անշուշտ դրանք համադրելով միջազգային գիտության նվաճումներին։