Հնագիտության և ազգագրության ինստիտուտ

ՀԱԻ-ում տեղի ունեցավ «Պատերազմ և հիշողություն. Արցախյան երկրորդ պատերազմի հուշարձանացման հիմնախնդիրը» գրքի շնորհանդեսը

Աշխատանքային ժամեր

Երկուշաբթի-ուրբաթ՝ 09:00-18.00 Շաբաթ-կիրակի՝ փակ է:

Կոնտակտային տվյալներ

Հայաստան, Երևան, Չարենցի 15 Էլ.հասցե՝ info@iae.am Հեռ.՝+37410-55-26-45

Գտեք մեզ ֆեյսբուքում

06-05-2025 18:00

ՀԱԻ-ում տեղի ունեցավ «Պատերազմ և հիշողություն. Արցախյան երկրորդ պատերազմի հուշարձանացման հիմնախնդիրը» գրքի շնորհանդեսը

Մայիսի 6-ին ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի (ՀԱԻ) ընթերցասրահում տեղի ունեցավ «Պատերազմ և հիշողություն. Արցախյան երկրորդ պատերազմի հուշարձանացման հիմնախնդիրը» գրքի շնորհանդեսը։ Գիրքը քննարկում է Արցախյան երկրորդ պատերազմի հանրային և պաշտոնական հիշման գործընթացները՝ պատերազմի հուշարձանացման ու զոհերի հիշատակման պրակտիկաների օրինակներով: Հեղինակներն են ՀԱԻ սոցիալական գործընթացների և ինստիտուտների մարդաբանության բաժնի ղեկավար Միհրան Գալստյանը, գիտաշխատողներ Գարիկ Աթանեսյանը, Գայանե Հակոբյանը և Լուսինե Անգելուշը։ Հեղինակները 2021-2024 թվականներին ՀՀ սահմանամերձ Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց Ձորի, Արարատի և Սյունիքի մարզերում իրականացրել են հետազոտական աշխատանքներ, որոնց հիման վրա ստացվել է կարևոր աշխատությունը։

Բացելով շնորհանդեսը՝ Մ Գալստյանը ներկայացրեց՝ ինչպես է ստեղծվել գիրքը և ինչ խնդիրներ են հաղթահարել հեղինակները։ Նրա առաջարկով ներկաները 1 րոպե լռությամբ հարգեցին Արցախյան բոլոր պատերազմներում զոհված քաջորդիների հիշատակը։

Տնտեսագետ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, նախագահության անդամ Յուրի Սուվարյանը և ՀԱԻ տնօրեն, պ.գ.դ. Արսեն Բոբոխյանը կարևորեցին աշխատության նշանակությունը թե՛ ներկա, թե՛ հետագա ժամանակներում:

Գրքի համահեղինակ Գարիկ Աթանեսյանը ներկայացրեց աշխատության կառուցվածքը. այն բաղկացած է 4 գլխից՝ «Պատերազմը, սուգը և հիշողությունը», «Հիշողության քաղաքականության դերակատարները», «Հիշողության տարածքը» և «Պատերազմի հիշատակման պրակտիկաները»։

Գիրքը հրատարակվել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե-ի ֆինանսավորմամբ իրականացվող 21T-6A136 գիտական նախագծի շրջանակում կատարվող աշխատանքների արդյունքում։