Շամիրամ գյուղի հարավարևմտյան հատվածում, երկու հեղեղատների ձևավորած հրվանդանի վրա, շարունակվում են հնագիտական պեղումները։ Աշխատանքները ղեկավարում են իտալական ISMEO ինստիտուտի ներկայացուցիչ Ռոբերտո Դանը և Հայաստանի Հնագիտության և ազգագրության ինստիտուտի hնագետ Վարդուհի Մելիքյանը։
Հնագիտական աշխատանքները ցուց են տալիս, որ Շամիրամի ամրոցը կառուցվել է ուրարտական շրջանում, սակայն օգտագործվել է և վերաշարվել նաև հետագա դարերում։ Ռոբերտո Դանի խոսքով՝ այժմ պեղումներ են կատարվում պայմանականորեն «4-րդ աշտարակ» կոչվող հատվածում, որտեղ բացահայտվել են տարբեր ժամանակաշրջանների շերտեր։ Մասնավորապես, պեղված աշտարակի հյուսիսային պատի մոտ միջնադարյան շինության հետքեր են հայտնաբերվել, աշտարակի վրա՝ 5-6-րդ դարերով թվագրվող նոր շինություն։ Ամրոցում վերակառուցումներն իրականացվել են անգամ մինչև 20-րդ դար, իսկ ամրոցի պարիսպների, շինությունների քարերը հաճախ օգտագործվել են գյուղում բնակելի կամ տնտեսական շինություններ կառուցելու համար։ Պեղումների արդյունքում հայտնաբերված նյութերը հիմնականում թվագրվում են միջին երկաթե դարով, սակայն, ըստ հնագետների, ամենահետաքրքիր և նշանակալի բացահայտումը 5-րդ պաշտպանական կառույցն է՝ պատը, որն ունի 320 մ երկարություն և 3,5 մ լայնություն։ Հայտնաբերվել են նաև 4 մեծ աշտարակներ և ձորամերձ տեղանքում ձգվող որմերի հիմքեր:
Շամիրամ գյուղի հարավ-արևմտյան կողմում՝ հեղեղատ-կիրճի ձախ ափամերձ տարածքում, սկսվել են նաև դամբարանադաշտի պեղումները։ Այստեղ, Վարդուհի Մելիքյանի ղեկավարությամբ, սկսել են մեկ դամբարանի պեղումները: