Ավարտվեց «ԽՍՀՄ քաղաքական բռնություններ, բռնաքսոր և հիշողություն» թեմայով գիտաժողովը, որը կազմակերպել էին Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Կիրառական մարդաբանության գ/հ խումբը Արդիական մարդաբանության բաժնի աշխատակիցների հետ: Երկու օր այն ընթացավ Սյունիքի մարզի Գորիս քաղաքում, մեկ օր՝ Երևանում, քաղաքական բռնությունների զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրում:
Գիտաժողովի առաջին և երկրորդ նիստերի ելույթները ներկայացրեցին քաղաքական բռնությունների առանձին դրվագներ Խորհրդային Հայաստանում՝ կոլխոզների ձևավորման ընթացքում գյուղացիական դիմադրական շարժումների ճնշումից մինչև 1949թ. հայերի դեպորտացիան Սևծովյան ավազանի խորհրդային հանրապետությունների տարածքից: Այս նիստին համշենցի հայերին աքսորելու դրվագը ներկայացնելիս գիտաժողովի մասնակիցները մեկ րոպե լռությամբ իրենց հարգանքը վավերացրին 1944թ. աքսորված և մինչև այսօր աքսորավայրից հայրենադարձման իրավունք չնվաճած համշենցի հայերի աքսորավայրի կյանքը հետազոտած մեր գործընկեր Սերգեյ Վարդանյանի հիշատակին: Նիստերի ընթացքում քննարկվեցին նաև ոչ այնքան ակնհայտ բռնությունների ձևերը՝ ըհնդհուպ մինչև անձի և խմբի ինքնության ընտրության իրավունքի խնդիրը ԽՍՀՄ պաշտոնական մարդահամարների ընթացքում: Մի շարք զեկուցումներով ներկայացվեցին բռնությունների ընթացքում կիրառված պաշտոնական, վարչարարական, և խոսակցական, ինչպես նաև լրագրողական «լուսաբանող», իրականում բռնությունների ընթացքը նախապատրաստող և խրախուսող լրատվամիջոցների լեզուն: Ամփոփիչ ելույթ էր 1920-1953թթ. ընթացքում Խորհրդային Հայաստանում բռնադատվածների էթնո-սոցիալական կազմի ներկայացումը ըստ ՀՀ Ազգային արխիվի նյութերի:
Երրորդ նիստը տեղի ունեցավ «Ստալինյան ցուցակներով» 1937թ. գնդակահարության դատապարտված Ակսել Բակունցի տուն թանգարանում: Այս նիստում ներկայացվեցին քաղաքական բռնությունների զոհերի մասնավոր դեպքերի պատմություններ՝ թե որպես կենսագրության էջ, թե որպես հիշաղություն, իսկ գլխավորը՝ որպես քաղաքական բռնության ընդհանուր բնոււթագրի մաս: Գիտաժողովի կազմը հունիսի 13-ին մասնակցեց Ակսել Բակունցի ծննդյան 126-ամյակի՝ Գորիս քաղաքում նշվող տոնահանդեսին:
Հունիսի 14-ին՝ ՀՀ «Տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքով սահմանված «Բռնադատվածների հիշատակի օր»-ը գիտաժողովի մասնակիցները այցելեցին ԽՍՀՄ քաղաքակական բռնությունների զոհերի Երևանում գտնվող հուշահամալիր, հավաքվածներին ներկայացրին ստալինյան ցուցակներով Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում դատապարտվածների քանակական և որակական առանձնահատկությունը, և հնչեցրին 1936-1938 թթ. Հայաստանում գնդակահարության դատապարտվածներից 200-ի անունները: Գիտաժողովի զեկուցումներին կարելի է ծանոթանալ այս հղումով. https://www.youtube.com/playlist?list=PLclo6JyCE6xmbAfVBM2mZSUvf2lUUQEjw