Հուլիսի 14-18-ին մասնակցեցինք Հիշողության Ուսումնասիրությունների Ասոցիացիայի (Memory Studies Association) 9-րդ ամենամյա համաժողովին, որը տեղի ունեցավ Պրահայում՝ քաղաք, որի պատմական շերտերը, քաղաքական անցյալն ու մշակութային միջավայրը յուրահատուկ հարթակ էին ստեղծում հիշողության խնդիրների վերաբերյալ համատեղ մտածելու համար։
Համաժողովը, որին մասնակցում էին 1200 զեկուցողներ՝ բոլոր մայրցամակներից, տեղի ունեցավ մի ժամանակաշրջանում, երբ հիշողության դաշտը վերաիմաստավորման փուլում է՝ ինչպես ակադեմիական կենտրոնների աշխարհագրական բազմազանությամբ, այնպես էլ հետազոտության նոր թեմատիկ ուղղություններով պայմանավորված։ Հիշողության ուսումնասիրության ոլորտում գրեթե բոլոր անվանի գիտնականների մասնակցությամբ՝ քննարկվում էին հիշողության ուսումնասիրման խոսույթներիվերաձևավորման նոր ուղիներ՝ հատկապես գլոբալ ճգնաժամերի, պատերազմների, բռնի տեղահանությունների և ժողովրդավարական ինստիտուտների թուլացման համատեքստում։ Միջազգայնորեն կարևորվող մի շարք հիշարժան տարեդարձերի (Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտ՝ 1945, Վիետնամի պատերազմի ավարտ՝ 1975), ցեղասպանությունների և կոտորածների տարելիցների (Սրեբրենիցա (Բոսնիա)՝ 1995, Սուդան՝ 2005) և ընթացիկ կոնֆլիկտների (Ուկրաինական պատերազմ, Գազայի կոնֆլիկտ) ֆոնին՝ մեր նպատակն էր բարձրաձայնել արցախյան կոնֆլիկտի և էթնիկ զտման անտեսված խնդիրը, վերլուծել, թե ինչպես են արցախցի տեղահանվածները, զրկված լինելով միջազգային ճանաչումից և կենսագրական «իրավականությունից», շարունակում դիմակայել՝ հիշողության միջոցով վերակառուցելով իրենց անհատական և հավաքական ներկան։
Այս շրջանակում ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի աշխատակիցների խումբը (Գայանե Շագոյան, Ռուզաննա Ծատուրյան, Գոհար Ստեփանյան, Զարուհի Համբարձումյան, Հասմիկ Կնյազյան, Շուշանիկ Սարատիկյան) հանդես եկավ պանելային քննարկմամբ՝
«Շրջանակելով շարունակվող ճգնաժամը Արցախում/Ղարաբաղում․ հիշողությունը՝ կենսագրության փոխարեն» վերտառությամբ, որը նվիրված էր Արցախի/Լեռնային Ղարաբաղի 2020 և 2023 թթ. պատերազմների և դրանց հաջորդած հարկադիր տեղահանության հիշողության անդրադարձին։
Պանելում ներկայացված էր 5 հետազոտություն, որոնք հարցադրում էին՝ ինչպե՞ս է կոլեկտիվ հիշողությունը դառնում պատկանելիության ձևավորման առանցք՝ այն դեպքերում, երբ անձնական կենսագրությունը դառնում է իրավազուրկ կամ «քրեականացված» պետական դիսկուրսներում։ Քննարկվեցին հիշողության նյութականության (Գոհար Ստեփանյան, Արցախցիների ինքնության փաստաթղթերը և բռնի տեղահանությունը 2023-ին) ու վիրտուալ արխիվացման (Հասմիկ Կնյազյան, Մարտահրավեր ջնջմանը․ թվային արխիվացումը «ներքևից» և մշակութային հիշողության հաստատումը 2023 թ․ բռնի տեղահանությունից հետո) նախաձեռնությունները, Լաչինի միջանցքի 9-ամսյա շրջափակման հուշապատումները (Ռուզաննա Ծատուրյան, Հիշելով դիմացկունությունը և դիմադրությունը։ Դիմակայունության պրակտիկաները), ինչպես նաև՝ այն մեթոդաբանական և էթիկական խնդիրները, որոնք առաջանում են դեռևս չգրված բռնի միգրացիայի պատմությունը վերհանելու փորձերի ընթացքում (Զարուհի Համբարձումյան, Շուշան Սարատիկյան)։ Ժամանակի սղության պատճառով պանելի ավարտին քննարկո՞ւմ թե վերջին զեկուցում ընտրության մեջ պանելը վարող Գայանե Շագոյանի սիրահոժար նախաձեռնությամբ նախապատվությունը տրվեց հարցերին և քննարկմանը, որի հետևանքով նրա՝ Գայանե Շագոյանի «Շրջանակելով կոլեկտիվ տրավման․ բռնի տեղահանությունը Ղարաբաղից և ցեղասպանության մասին հիշողությունը» վերտառությամբ ուշագրավ զեկուցումը, ցավոք, չներկայացվեց։ Դրան որոշակի անդրադարձներ եղան իր Բացման խոսքում և հարց-պատասխան բաժնում՝ արցախյան խնդրի պատմական և սոցիալական համատեքստի ներկայացման շրջանակում։