Սեպտեմբերի 15-ին ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի ընթերցասրահում կայացավ հերթական սեմինարը՝ նվիրված թանգարանների խնդրին։ Արցախի պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության խմբի անդամ, պ.գ.թ. Նժդեհ Երանյանը հանդես եկավ «Թանգարանները ճգնաժամային պայմաններում. Արցախի թանգարանների փորձը» բանախոսությամբ։ Բանախոսը ներկայացրեց թանգարանների խնդիրները աղետների ժամանակ։ Մասնակցելով թանգարանային խնդիրներին նվիրված միջազգային տարբեր միջոցառումների՝ Ն․ Երանյանը ներկայացրեց միջազգային փորձը՝ ինչպես գործել աղետների դեպքում։ Ըստ բանախոսի՝ թանգարանների աշխատակիցները, պետական ու համայնքային կառույցները, կամավորականները պետք է պատրաստ լինեն ցանկացած աղետի, այդ թվում պատերազմների ժամանակ հնարավորինես փրկելու մշակութային ժառանգությունը։ Ըստ միջազգային փորձի՝ այդ հարցում պետք է համախումբ աշխատեն մշակույթի նախարարությունը, արտակարգ իրավիճակների կենտրոնը, բանակը, ոստիկանությունը, թանգարանների, արխիվների, գրադարանների անձնակազմը, կամավորականները՝ մշակութային ժառանգության փրկարարները և տեղական ինքնակառավարման մարմինները։
Ընթացքում անդրադարձ եղավ Արցախի թանգարանների նյութերի տարհանման խնդրին։ Արցախի թանգարանների մասին խոսեց նաև ԱՀ մշակույթի և զբոսաշրջության նախկին նախարար Սերգեյ Շահվերդյանը։ Եղան այլ ելույթներ Արցախի պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության խմբի անդամների կողմից։