Հայաստանում մեկնարկել է «Գիտության շաբաթ․ Հայաստան 2025»-ը
Սեպտեմբերի 30-ին մեկնարկեց «Գիտության շաբաթ․ Հայաստան 2025» միջոցառումը, որը նվիրված է գիտության և տեխնոլոգիաների հանրահռչակմանը։ «Զարգացնել գիտությամբ» խորագրով շաբաթն անցկացվում է վեց օր՝ ընդգրկելով միջոցառումներ, որտեղ ներկայացված են գիտության, տեխնոլոգիաների և արվեստի ոլորտները։
Միջոցառմանը մասնակցում են Հայաստանի պետական, ակադեմիական, կրթական, տեխնոլոգիական և ստեղծարար կազմակերպությունների առաջատար մասնագետները՝ նպատակ ունենալով գիտությունը հասանելի դարձնել հանրության լայն շերտերին։
Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի Հնագիտության և ազգագրության ինստիտուտը (ՀՀ ԳԱԱ ՀԱԻ) նույնպես ակտիվ մասնակցություն է ունենում շաբաթվա միջոցառումներին։ Ինստիտուտը ներկայացված է իր կազմում գործող հեռավար լաբորատորիաներով՝
• «Հայ մշակութային ժառանգության միջգիտակարգային ուսումնասիրություններ» 23 RL-6A006,
• «Հայաստանը և բրոնզի դարի աշխարհ-համակարգը. հին տեխնոլոգիաները փորձարարական հնագիտության լույսի ներքո», 23RL-6A041։
Լաբորատորիաները ներկայացնում են կատարած աշխատանքները, անցկացնում քուիզ-հարցումներ, ցուցադրում հնագիտական վերակազմություններ և կազմակերպում ինտերակտիվ խաղեր՝ խթանելով այցելուների հետաքրքրությունը դեպի գիտություն և ժառանգություն։