Մեկնարկել է «Տեղահանություն և հիշողություն․ Արցախի շարունակվող ճգնաժամը բանավոր պատմություններում» միջազգային գիտաժողովը
ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Մշակութային մարդաբանության բաժնի, Կիրառական մարդաբանության գիտահետազոտական խմբի, «Հազարաշեն» ազգաբանական հետազոտությունների հայկական կենտրոնի և Ֆրանսիայի INALCO (Institut National des Langues et Civilisations Orientales) համալսարանի նախաձեռնությամբ հոկտեմբերի 16-ին՝ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) դահլիճում, մեկնարկեց «Տեղահանություն և հիշողություն․ Արցախի շարունակվող ճգնաժամը բանավոր պատմություններում» թեմայով եռօրյա գիտաժողովը։
Բացման խոսքով հանդես եկան ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Յուրի Սուվարյանը և ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն, պ.գ.դ. Արսեն Բոբոխյանը, ովքեր կարևորեցին գիտաժողովի թեմատիկ ուղղվածությունը՝ որպես Արցախի վերջին իրադարձությունների գիտական վերլուծության և բանավոր պատմությունների պահպանման հարթակ։
Գիտաժողովի առաջին նիստը վարեց ՀԱԻ Արցախի պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության խմբի ղեկավար, պ.գ.դ., պրոֆեսոր Համլետ Պետրոսյանը, որի ընթացքում զեկույցներով հանդես եկան չորս բանախոսներ:
Առաջին զեկույցով՝ «Միջնադարյան աղբյուրների տեղեկությունները Առան, Աղվանք, Ռան, Խաչեն, Ղարաբաղ անունների, դրանց տեղադրության և իմաստի շուրջ» թեմայով, հանդես եկավ ՀՀ ԳԱԱ ՀԱԻ գիտաշխատող, ազգագրագետ, պ.գ.թ. Հրանուշ Խառատյանը։
Հնագետ, արվեստագիտության դոկտոր, պ.գ.թ., Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի հնագիտության բաժնի վարիչ Հակոբ Սիմոնյանը ներկայացրեց «Ծիծեռնավանքը պեղումների լույսի ներքո» թեմայով զեկույցը՝ անդրադառնալով 1997–2001 թթ․ Արցախի Քաշաթաղի շրջանում իր ղեկավարությամբ իրականացված հնագիտական ուսումնասիրությունների և պեղումների արդյունքներին։ ՀՀ ԳԱԱ ՀԱԻ գիտաշխատող, ազգագրագետ Լեռնիկ Հովհաննիսյանը հանդես եկավ «Արցախի հայ բնակչության բռնագաղթը 18-րդ դարի վերջին – 19-րդ դարի սկզբին՝ տարածաշրջանում միգրացիոն գործընթացների համատեքստում» թեմայով զեկույցով։ Նիստը եզրափակեց Հայաստանի պատմության թանգարանի գիտական գծով փոխտնօրեն, պ.գ.թ. Նժդեհ Երանյանը, որը ներկայացրեց «Մշակութային ժառանգությունը որպես հակամարտության դաշտ․ Արցախի նախաքրիստոնեական մշակույթի օրինակը» թեմայով զեկույցը։
Նիստի ավարտին տեղի ունեցավ քննարկում, մասնակիցները հարցեր ուղղեցին զեկուցողներին և ներկայացրին դիտարկումներ։