Հնագիտության և ազգագրության ինստիտուտ

Մեկնարկեց «Ամրոցները եվ պաշտպանական համակարգերը Առաջավոր Ասիայում» միջազգային գիտաժողովը

Աշխատանքային ժամեր

Երկուշաբթի-ուրբաթ՝ 09:00-18.00 Շաբաթ-կիրակի՝ փակ է:

Կոնտակտային տվյալներ

Հայաստանի Հանրապետություն Երևան, 0025, Չարենցի 15
Էլ.հասցե՝ info@iae.am Հեռ.՝+37410-55-26-45

Գտեք մեզ ֆեյսբուքում

23-10-2025 19:00

Մեկնարկեց «Ամրոցները եվ պաշտպանական համակարգերը Առաջավոր Ասիայում» միջազգային գիտաժողովը

Հոկտեմբերի 23-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի կլոր դահլիճում մեկնարկեց «Ամրոցները և պաշտպանական համակարգերը Առաջավոր Ասիայում» թեմայով միջազգային գիտաժողովը։ Եռօրյա գիտաժողովը կազմակերպել է ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի (ՀԱԻ) Միջնադարյան հնագիտության բաժինը՝ Հայագիտական ուսումնասիրությունները ֆինանսավորող համահայկական հիմնադրամի աջակցությամբ։
Բացման և ողջույնի խոսքով հանդես եկավ ՀԱԻ տնօրեն, պ. գ. դ. Արսեն Բոբոխյանը՝ ընդգծելով գիտաժողովի կարևորությունը և այն, որ քննարկումներին մասնակցում են մի շարք երկրների գիտնականներ։ Առաջին նիստը նախագահեց ՀԱԻ Միջնադարյան հնագիտության բաժնի վարիչ, պ. գ. թ. Դիանա Միրիջանյանը։
 
Առաջին օրը անցկացվեց երեք նիստ։
Առաջին նիստում արվեստագիտության դոկտոր, պ. գ. թ., հնագետ Հակոբ Սիմոնյանը («Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն») ներկայացրեց «Հայաստանի հնագույն պաշտպանական համակարգերը»՝ անդրադառնալով «Շենգավիթ» հնավայրին և նույն ժամանակաշրջանի հարակից հուշարձաններին:
ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Հին հնագիտության բաժնի ղեկավար, պ. գ. թ. Մկրտիչ Զարդարյանը ներկայացրեց «Արմավիր – Արտաշատ – Գառնի. Անտիկ Հայաստանի ամրաշինությունն ու դրա փուլային վերափոխումները» զեկույցը։
ՀԱԻ Արցախի պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության խմբի ղեկավար, պ. գ. դ. Համլետ Պետրոսյանը ներկայացրեց «Արցախի Տիգրանակերտի ամրաշինական համակարգը» (համահեղինակ՝ ճ. դ. Լյուբա Կիրակոսյան)։ Զեկույցի ընթացքում նա նաև տեղեկացրեց, որ մայրաքաղաք Տիգրանակերտին նվիրված նոր գրքի շնորհանդեսը տեղի կունենա հոկտեմբերի 24-ին՝ գիտաժողովի նույն դահլիճում։
 
Երկրորդ նիստը նախագահում էր պ. գ. դ. Համլետ Պետրոսյանը։
Անկախ հետազոտող Արա Զարյանը ներկայացրեց «Սյունիքի թագավորության (970–1170 թթ.) Կապան մայրաքաղաքի պաշտպանական համակարգը» թեմայով զեկույցը՝ անդրադառնալով վերջին տարիներին իրականացված հնագիտական հետազոտություններին։
Նույն ժամանակ հնագիտական ուսումնասիրություններ ու պեղումներ իրականացվում էին նաև Կապան մայրաքաղաքից ոչ հեռու գտնվող Բաղաբերդում։ ՀՀ ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչ, հնագետ, արշավախմբի ղեկավար Ավետիս Գրիգորյանը և Երկրատարածական տեխնոլոգիաների կենտրոնի գիտաշխատող Արամ Ստեփանյանը համատեղ ներկայացրեցին «Բաղաբերդ ամրոցի դերը միջնադարյան Սյունիքի պաշտպանական համակարգում» զեկույցը՝ ներկայացնելով վերջին պեղումների արդյունքներն ու ամրոցի շինարարական փուլերը։ Նիստին ներկա էր նաև վերականգնող ճարտարապետ Լևոն Վասիլյանը, ով աշխատում էր նշված հուշարձանների պեղումներ իրականացնող և ուսումնասիրող խմբերի հետ։
ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի գիտաշխատող, ԱՀ Քաշաթաղի շրջվարչակազմի նախկին ղեկավար, պ. գ. դ. Ալեքսան Հակոբյանը հանդես եկավ «Կառնակաշը և Արցախի Բերձոր գավառի ամրոցները Թ-դարում» թեմայով զեկույցով՝ ներկայացնելով տվյալ տարածաշրջանի ամրաշինական համակարգի առանձնահատկությունները և դրանց պատմական նշանակությունը։ Զեկուցողը անդրադարձավ նաև Կառնակաշ ամրոցի այլ հետազոտողների կողմից կատարված ուսումնասիրություններին և դրանց գիտական արժեքին։
 
Օրվա վերջին նիստը նախագահեց ՀԱԻ գիտաշխատող, պ. գ. թ. Հասմիկ Հովհաննիսյանը։
Մոսկվայի պետական շինարարական համալսարանի դասախոս, ա. դ. Արմեն Ղազարյանը ռուսերեն ներկայացրեց «Անիի Սմբատյան պարիսպները․ ճարտարապետա-հնագիտական շերտագրական նոր հետազոտություններ» զեկույցը։
ՀԱԻ և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գիտաշխատող, հնագետ, պ. գ. թ. Արման Նալբանդյանը ներկայացրեց «Լոռե բերդաքաղաքի պարիսպը՝ ամրաշինական համակարգի ինքնուրույն մաս» զեկույցը։
ՀԱԻ Ճարտարապետական մոդելավորման խմբի ղեկավար Արտակ Հախվերդյան, գիտաշխատողներ Տիգրան Ալեքսանյան և Հարություն Բադալյան ներկայացված էին համատեղ զեկույցով՝ «Տավուշ ամրոցի եռաչափ վերակազմությունն ըստ շինարարական փուլերի», որը ներկայացրեց Արտակ Հախվերդյանը։
Օրվա վերջին զեկույցով՝ «Ավերակներից թանգարան․ Դաշտադեմի ամրոցի վերականգնման և թանգարանի ստեղծման մարտահրավերները» հանդես եկավ անկախ հետազոտող Աննա Բարսեղյանը (համահեղինակներ՝ ճարտարապետության թեկնածու Արև Սամուէլյան, պ. գ. թ., ՀԱԻ գիտաշխատող Աստղիկ Բաբաջանյան, հնագետ, ՀԱԻ գիտաշխատող Սոսե Աղայան)։
 
Հաջորդ նիստերը տեղի կունենան հոկտեմբերի 24-25-ին ՀՀ ԳԱԱ ՀԱԻ ընթերցասրահում։