Հոկտեմբերի 30-ին ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի (ՀԱԻ) ընթերցասրահում ՀԱԻ կից գործող ԲԿԳԿ 007 «Հնագիտություն և ազգագրություն» մասնագիտական խորհրդի նիստում տեղի ունեցավ ՀԱԻ վիմագրության բաժնի ղեկավար, պ.գ.թ. Արսեն Հարությունյանի «Միջնադարյան Տաթևը և նրա գրավոր մշակութային ժառանգությունը» թեմայով դոկտորական ատենախոսության պաշտպանությունը։
Միջոցառմանը ներկա էին ՀԱԻ տնօրեն Արսեն Բոբոխյանը, ինստիտուտի տարբեր բաժինների աշխատակիցներ, թեմայով հետաքրքրվող գիտնականներ ու ուսանողներ։ Ատենախոսության թեման հաստատվել է ՀՀ ԳԱԱ ՀԱԻ գիտական խորհրդի նիստում։ Մասնագիտական խորհրդի գիտական քարտուղարն է պ.գ.դ. Երվանդ Գրեկյանը։ Պաշտոնական ընդդիմախոսներն էին պ.գ.դ., պրոֆեսորներ Կարեն Մաթեւոսյանը, Համլետ Պետրոսյանը և Արման Եղիազարյանը։ Առաջատար կազմակերպությունն էր Երևանի պետական համալսարանը։
Ատենախոսությունը նվիրված է Սյունիքի հոգևոր-մշակութային կարևոր կենտրոն՝ Տաթևի վանքին, ինչպես նաև վանքապատկան մոտակա գյուղատեղերի պատմական նկարագրին ու դրանց գրավոր ժառանգության համալիր ուսումնասիրմանը։ Աշխատությունը բաղկացած է ներածությունից, «Տաթևի վանական համալիրը և վիմական արձանագրությունները», «Տաթևի վանքը՝ գրչության և ուսումնասիրման կենտրոն», «Որոտանի կիրճի՝ Տաթևի վանքապետական հին գյուղատեղերի պատմամշակութային ժառանգությունը», «Տաթևի վանքին հարակից փոքր եկեղեցիները», «Անապատական շարժման վերազարթոնքը Սյունիքում» գլուխներից և եզրակացությունից։
Մասնագիտական խորհրդի նախագահ, պ.գ.դ., ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Պավել Ավետիսյանը ներկայացրեց ատենախոսին և կարևորեց կատարված հետազոտական աշխատանքը։ Ատենախոսության գիտական արժեքի և արդիականության մասին իր դիտարկումներն ներկայացրեց նաև ԵՊՀ պատմության ֆակուլտետի հնագիտության և ազգագրության ամբիոնի վարիչ, պ.գ.դ., պրոֆեսոր Հայկ Ավետիսյանը։ Աշխատության ներկայացումից հետո հնչեցին հարցեր, դիտողություններ և առաջարկներ, որոնց հաջորդեցին ընդդիմախոսների ելույթները։ Նշված դիտարկումները հաշվի առնելու առաջարկով ատենախոսությունը միաձայն հաստատվեց, և Արսեն Հարությունյանին շնորհվեց պատմական գիտությունների դոկտորի գիտական աստիճան։