Հնագիտության և ազգագրության ինստիտուտ

Հնագիտական պեղումներ Թալինի տարածաշրջանի Արագածավան գյուղի վարչական տարածքում

Աշխատանքային ժամեր

Երկուշաբթի-ուրբաթ՝ 09:00-18.00 Շաբաթ-կիրակի՝ փակ է:

Կոնտակտային տվյալներ

Հայաստանի Հանրապետություն Երևան, 0025, Չարենցի 15
Էլ.հասցե՝ info@iae.am Հեռ.՝+37410-55-26-45

Գտեք մեզ ֆեյսբուքում

18-11-2025 17:41

Հնագիտական պեղումներ Թալինի տարածաշրջանի Արագածավան գյուղի վարչական տարածքում

Այս օրերին ՀՀ Արագածոտնի մարզի Թալինի տարածաշրջանի Արագածավան գյուղի վարչական տարածքում գտնվող բլուրների վրա ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի (ՀԱԻ) արշավախումբը՝ Վաղ հնագիտության բաժնի գիտաշխատող, պ․գ․թ․ Մարիամ Շախմուրադյանի ղեկավարությամբ, իրականացնում է հնագիտական պեղումներ։ Բլուրներից մեկի վրա բացվել է տարածքի ամրոցի ծիսական հատվածը։

Թալինի տարածաշրջանը հարուստ է պատմական հնավայրերով, ինչը վկայում է, որ հազարամյակներ շարունակ այստեղ մարդն ապրել ու արարել է։ Առավել շատ են նախաքրիստոնեական շրջանի հուշարձանները՝ բնակատեղիներ, ամրոցներ, մեգալիթյան աշտարակներ, դամբարանադաշտեր, այսպես կոչված «անապատի օդապարուկներ», ինչպես նաև այլ ծիսական ու պաշտպանական կառույցների ավերակներ։

Ինչպես տեղեկացրեց արշավախմբի անդամ, հնագետ Լևոն Մկրտչյանը, տարածքում մ. թ. ա. 1-ին հազարամյակում գոյություն է ունեցել ամրոց-բնակատեղի, որի հոգևոր-ծիսական սրբավայրում էլ իրականացվում են պեղումները։ Այն ուղղանկյուն, մոտ 16 քմ մակերեսով քարակերտ հոծ կառույց է։ Նմանատիպ կառույցներ հայտնի են նաև Արմավիրի և Շիրակի տարածաշրջաններից։ Պեղումների արդյունքում բացվել են կառույցի պատերը, որոնք որոշ հատվածներում հասնում են ավելի քան 2 մ բարձրության։ Դրանք կառուցված են կոպտամշակված բազալտե քարերով։ Բլրի լանջերին և ստորոտում պահպանվել են դամբարաններ ու բնակատեղիներ։