Հնագիտության և ազգագրության ինստիտուտ

«Մշակութային քաղաքականությունը խորհրդային և հետխորհրդային Հայաստանում» մենագրության շնորհանդեսը

Աշխատանքային ժամեր

Երկուշաբթի-ուրբաթ՝ 09:00-18.00 Շաբաթ-կիրակի՝ փակ է:

Կոնտակտային տվյալներ

Հայաստանի Հանրապետություն Երևան, 0025, Չարենցի 15
Էլ.հասցե՝ info@iae.am Հեռ.՝+37410-55-26-45

Գտեք մեզ ֆեյսբուքում

26-11-2025 11:30

«Մշակութային քաղաքականությունը խորհրդային և հետխորհրդային Հայաստանում» մենագրության շնորհանդեսը

Վերջերս, Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) պատմության ֆակուլտետի գիտխորհրդի երաշխավորմամբ, լույս է տեսել Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության խմբի գիտաշխատող, պ. գ. թ. Հայկուհի Մանվելի Մուրադյանի հեղինակած «Մշակութային քաղաքականությունը խորհրդային և հետխորհրդային Հայաստանում» 208-էջանոց մենագրությունը։ Աշխատությունում համակողմանիորեն ներկայացված է Հայաստանի մշակութային քաղաքականության ձևավորումը՝ 1920 թվականից մինչև մեր օրերը։

Նոյեմբերի 24-ին ԵՊՀ պատմության ֆակուլտետի գրադարանում կայացավ գրքի շնորհանդեսը, որին ներկա էին թեմայով հետաքրքրված մասնագետներ, դասախոսներ, ուսանողներ և հյուրեր։ Միջոցառումը բացեց ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Մխիթար Գաբրիելյանը՝ կարևորելով մենագրության գիտական և գործնական արժեքը և շնորհավորելով հեղինակին։

Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև գրքի գիտական խմբագիր, պ. գ. դ., պրոֆեսոր Համլետ Պետրոսյանը՝ աշխատանքը գնահատելով որպես սպասված և եզակի հետազոտություն։ «SIREH» մշակութային ժառանգության հետազոտության, պահպանության և զարգացման կենտրոնի գիտական տնօրեն Գայանե Կանատինը, ով նախաձեռնողն է եղել գրքի հրատարակման, իր խոսքում ընդգծեց, որ մենագրության լույսընծայումը իրենց կազմակերպության գործունեության կարևոր արդյունքներից է։ Հրատարակությունն իրականացվել է Եվրոպական ժառանգության կենտրոնի պիլոտային ծրագրերի շրջանակներում՝ համամասնաբար ֆինանսավորված Եվրոպական միության և Europa Nostra-ի կողմից։

Գրքի կարևորության մասին խոսեցին նաև ԵՊՀ պատմության ֆակուլտետի մշակութաբանության ամբիոնի դոցենտ, դասախոս Յուլիա Անտոնյանը, ինչպես նաև Հայաստանի պատմության թանգարանի գիտական փոխտնօրեն, պ. գ. թ. Նժդեհ Երանյանը՝ շնորհավորելով հեղինակին արժեքավոր հետազոտական աշխատանքի համար։ Այնուհետև մենագրությունը ներկայացրեց հեղինակը։ Աշխատությունն ընդգրկում է Ներածություն և հետևյալ գլուխները․ «Մշակութային քաղաքականության սահմանումները․ տեսական մոտեցումների քննություն», «Մշակութային քաղաքականությունը Խորհրդային Հայաստանում», «Մշակութային քաղաքականության նոր հայեցակարգային ձևավորումը», «Տեսությունից պրակտիկա․ “Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին” ՀՀ օրենքի ներկայիս փոփոխությունները և դրանց իմաստաբանական կառուցվածքային խնդիրները»։

Շնորհանդեսի ավարտին ներկաները հարցեր ուղղեցին Հ. Մուրադյանին և ընդգծեցին մենագրության կարևորությունը ինչպես գիտական, այնպես էլ մշակութային քաղաքականության ձևավորման գործընթացների ուսումնասիրության համար։