Փետրվարի 12-ին ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի (ՀԱԻ) ընթերցասրահում տեղի ունեցավ 2026 թվականի առաջին թեկնածուական ատենախոսության պաշտպանությունը։ ՀԱԻ-ին կից գործող ԲԿԳԿ 007 «Հնագիտություն և ազգագրություն» մասնագիտական խորհրդի նիստում «Բերդի տարածաշրջանի միջնադարյան ամրաշինական համակարգը» խորագրով ատենախոսությունը ներկայացրեց Տիգրան Ալեքսանի Ալեքսանյանը։
Նիստին ներկա էին ՀԱԻ տնօրեն, պ.գ.դ. Արսեն Բոբոխյանը, ինստիտուտի տարբեր բաժինների աշխատակիցներ, հնագետներ, պատմաբաններ, ուսանողներ և այլ հյուրեր։ Նիստը նախագահում էր Մասնագիտական խորհրդի նախագահ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պ.գ.դ. Պավել Ավետիսյանը։ Մասնագիտական խորհրդի գիտական քարտուղարն էր պ.գ.դ. Արսեն Հարությունյանը։ Ատենախոսության գիտական ղեկավարն էր պ.գ.թ. Դիաննա Միրիջանյանը։ Պաշտոնական ընդդիմախոսներն էին պ.գ.դ., պրոֆեսոր Համլետ Պետրոսյանը և պ.գ.թ. Արմինե Զոհրաբյանը։ Առաջատար կազմակերպությունն էր Երևանի պետական համալսարանը։
Ատենախոսությունը նվիրված էր Բերդի (նախկին Շամշադինի, ապա՝ Տավուշի շրջան, ներկայում՝ Բերդ խոշորացված համայնք) միջնադարյան ամրաշինական կառույցների և պաշտպանական համակարգերի ուսումնասիրությանը։ Տարածաշրջանը գտնվում է ՀՀ հյուսիսարևելյան հատվածում։ Նիստի ընթացքում Տիգրան Ալեքսանյանը ներկայացրեց աշխատանքի ընդհանուր բովանդակությունը, նպատակն ու խնդիրները՝ նշելով, որ առաջին անգամ փորձ է արվել համակարգված կերպով ուսումնասիրել և ներկայացնել տարածաշրջանի միջնադարյան ամրաշինական կառույցները, դրանց վերաբերյալ առկա տվյալները և հետազոտողների տեսակետները։ Միաժամանակ խնդիր է դրվել ուսումնասիրել խնդրո առարկա հուշարձանների կառուցման սկզբունքները, շինարարական փուլերը, ժամանակագրությունը և պատմական զարգացումը։ Ատենախոսության շրջանակում առաջին անգամ գիտական շրջանառության մեջ են դրվել քննարկվող հուշարձանների լուսանկարներ, գրչանկարներ, չափագրություններ, ինչպես նաև պեղումների ընթացքում հայտնաբերված մեծաքանակ հնագիտական նյութեր։
Ելույթ ունեցան Պավել Ավետիսյանը, Արսեն Հարությունյանը, Դիաննա Միրիջանյանը, պաշտոնական ընդդիմախոսները և ներկա գիտնականները։ Գաղտնի քվեարկության արդյունքում գիտխորհրդի հանձնախմբի 9 անդամները միաձայն կողմ քվեարկեցին ատենախոսությանը, և Տիգրան Ալեքսանյանին շնորհվեց պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: