ՀՀՀԳ 2024 24SSAH-6A008 ծածկագրով «Էթնիկ եւ կրոնական բաղադրիչների փոխազդեցությունը սփյուռքահայերի ինքնության մեջ. խնդիրներ եւ հեռանկարներ» ծրագրի շրջանակներում նոյեմբերի 21-ից դեկտեմբերի 2-ը և դեկտեմբերի 11-ից 16-ը ընկած ժամանակահատվածում ծրագրի ղեկավար Սփյուռքի ուսումնասիրության բաժնի գիտաշխատող Նելլի Խաչատուրյանը և ծրագրի մասնակից նույն բաժնի ավագ գիտաշխատող Սոնա Ներսիսյանը իրականացրել են դաշտային հետազոտություններ Բուլղարիայի Հանրապետության Սոֆիա և Պլովդիվ քաղաքների և Բելգիայի Թագավորության Բրյուսել քաղաքի հայկական համայնքներում։ Հետազոտությունները իրականացվել են սոցիոլոգիական և ազգագրական մեթոդաբանության կիրառմամբ։ Իրականացվել են խորացված կիսաձևայնացված հարցազրույցներ համայնքի և համայնքային կառույցների ներկայացուցիչների հետ։ Կիրառվել է դիտարկման մեթոդը ֆոտո և վիդեո ձայնագրմամբ։
Ուսումնասիրվել են համայնքային գործող կառույցները (կրոնական, մշակութային, կրթական, հասարակական ևլն), դրանց տեղն ու դերը համայնքներում, համայնքների պատմությունը, մշակութային ժառանգությունը, նոր և հին համայնքների փոխազդեցությունների առանձնահատկությունները, համայնքներում ինքնության խնդիրները, ներկայիս դինամիկան և փոխակերպումները, դրանց վրա ազդող գործոնները և այլն։