2026 թ․ ապրիլի 1-3-ը ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի (ՀԱԻ) ընթերցասրահում անցկացվեցին 2025 թվականին իրականացված հնագիտական ուսումնասիրությունների և պեղումների հաշվետվությունների ներկայացումներ։ Երեք օրերի ընթացքում ներկայացվեցին ընդհանուր առմամբ 36 հաշվետվություն, որոնք ընդգրկում էին ՀՀ տարբեր մարզերում և Երևանում իրականացված գիտական աշխատանքները։ Հաշվետվություններին ներկա էին ՀԱԻ տնօրեն Արսեն Բոբոխյանը, ինստիտուտի աշխատակիցներ, ուսանողներ և հյուրեր։
Ապրիլի 3-ին ներկայացվեց 12 հաշվետվություն։ Նիստը վարում էր ՀԱԻ ավագ գիտաշխատող, գիտական քարտուղար Աստղիկ Բաբաջանյանը, ով հանդես եկավ նաև առանձին զեկուցմամբ։ Նա ներկայացրեց Արուճի ամրոց-դղյակում իրականացված 2025 թ․ ուսումնասիրման և պեղումների արդյունքները։ Նշված հուշարձանը գործածվել է մ․ թ․ մոտ 5-րդ դարերից մինչև 13–14-րդ դարերը, ինչպես նաև 20-րդ դարում։ Աշխատանքներն իրականացվել են «Միջնադարյան ամրաշինությունը Մետաքսի ճանապարհին» ծրագրի շրջանակներում։
Պ.գ.թ., ՀԱԻ ավագ գիտաշխատող, հնագետ Սիմոն Հմայակյանը անդրադարձավ Արմավիրի մարզում գտնվող պատմական Արգիշտիխինիլի հնավայրում, ինչպես նաև համանուն քաղաքի դամբարանադաշտում և գյուղական բնակավայրում իրականացված հնագիտական պեղումներին։ Պ.գ.թ, հնագետ Իննեսա Կարապետյան-ը ներկայացրեց 2025 թ․ Արմավիրի մարզում գտնվող Հին Արմավիր քաղաքամայրում իրականացված հնագիտական ուսումնասիրություններն ու պեղումները։ Սյուզաննա Մուրադյանի հաշվետվությունը վերաբերում էր Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Երվանդաշատ հնավայրում իրականացված աշխատանքներին։
Պատմական Արտաշատ մայրաքաղաքում և Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղի մերձակայքում գտնվող «Կլոր բլուր» հնավայրում պեղումներ իրականացնող արշավախմբի ղեկավար Մկրտիչ Զարդարյանը ներկայացրեց այս երկու հնավայրերի վերաբերյալ հետաքրքիր տվյալներ։ Պ.գ.դ., պրոֆեսոր Համլետ Պետրոսյանը տեղեկություններ ներկայացրեց պատմական Դվին մայրաքաղաքի տարածքում, ինչպես նաև Դվինի մերձակայքում գտնվող Տիկնունի հնավայրում իրականացված հնագիտական ուսումնասիրությունների և պեղումների վերաբերյալ։ 2025 թ․ հետախուզական հնագիտական ուսումնասիրություններ են իրականացվել նաև Երևանի Կոնդ թաղամասում, որտեղ, ըստ որոշ տվյալների, ենթադրվում էր ուրարտական շրջանի ամրոցի հետքերի առկայությունը։ Աշխատանքներն իրականացրել են Համլետ Պետրոսյան-ը և հնագետ Համազասպ Աբրահամյանը։ Հնագետ Գագիկ Սարգսյանի հաշվետվությունը վերաբերում էր Սյունիքի մարզի երկու հնավայրերին՝ Սյունյաց մայրաքաղաք Կապանին և Վանանդաբերդին։