ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի ընթերցասրահում մայիսի 18-ին տեղի ունեցավ Արցախի պատմամշակութային ժառանգության հետազոտության խմբի հերթական սեմինարը։
«Ամարասի Սուրբ Գրիգորիսի մատուռի պեղումները և Արցախի վաղքրիստոնեական մասունքարանների համատեքստը» թեմայով բանախոսությամբ հանդես եկավ պ.գ.դ., պրոֆեսոր Համլետ Պետրոսյանը։
Արցախի Հանրապետության Մարտունու շրջանում գտնվող Ամարասի Սուրբ Գրիգորիսի մատուռի պեղումներն իրականացվել են ներկայիս եկեղեցու արևելյան բակում՝ արևելյան պատին դրսից կից առանձնացված 6×5 մ չափերի պեղահատվածում։ Հիմնական նպատակն էր ստուգել այն վարկածը, ըստ որի՝ ներկայիս եկեղեցին իր արևելյան պատով կտրել և երկու մասի է բաժանել մատուռը՝ դրսում թողնելով նրա ենթադրյալ արևելյան մուտքը։ Բանախոսը տեղեկացրեց, որ պեղումների արդյունքում հայտնաբերվել են սրբատաշ քարերով կառուցված արևելյան մուտքի մնացորդները՝ բացօթյա նախամուտքը, շքամուտքի խարիսխները, որմնախարիսխը, ինչպես նաև դեպի կիսագետնափոր սրահն իջնող աստիճանները։ Պեղումների արդյունքում պարզվել է նաև, որ Գրիգորիսի դամբարանի նախնական կառույցն ունեցել է արևելյան մուտք, ինչը բացառիկ երևույթ է հայկական եկեղեցաշինության մեջ։
Բանախոսը նշեց նաև, որ Տիգրանակերտում երկար տարիներ իրականացված պեղումների ընթացքում այնտեղ հայտնաբերված վաղքրիստոնեական եկեղեցու տարածքում ևս բացվել է արևելյան մուտքով դամբարան։
Հ․ Պետրոսյանը բանախոսության ընթացքում անդրադարձավ նաև Վաչագան թագավորի գործունեությանը և մի շարք այլ հարցերի։
Սեմինարի ընթացքում և ավարտին ներկաները հարցեր ուղղեցին բանախոսին, ծավալվեց մասնագիտական քննարկում։