Մեկնարկել է եռօրյա «Մագմայից մինչև արտեֆակտ․ օբսիդիանի երկրաբանությունն ու հնագիտությունը» թեմայով միջազգային օբսիդիանի կոնֆերանս IOC-2026-ը
Սեպտեմբերի 28-ին Երևանում մեկնարկել է եռօրյա «Մագմայից մինչև արտեֆակտ․ օբսիդիանի երկրաբանությունն ու հնագիտությունը» թեմայով միջազգային օբսիդիանի կոնֆերանս IOC-2026-ը։ Այն միջազգային IOC գիտական կոմիտեի հետ Հայաստանում կազմակերպել են Երկրաբանական գիտությունների ու Հնագիտության և ազգագրության ինստիտուտները։
Առաջին օրը տարբեր երկրներից Երևան ժամանած գիտնականներին ողջունեցին Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Արսեն Բոբոխյանը և Երկրաբանական գիտությունների ինստիտուտի տնօրեն Խաչատուր Մելիքսեթյանը։ Մինչ առաջին նիստի սկսելը, մասնակիցներն այցելել էին Երկրաբանական գիտությունների ինստիտուտի երկրաբանական թանգարան։ Առաջին նիստը նախագահեց ՀԱԻ գիտաշխատող, հնագետ Ռուբեն Բադալյանը, ով նաև հանդես եկավ «Օբսիդյանի օգտագործումը Հարավային Կովկասում (Հայաստան)․ ծագուբնաբանության ուսումնասիրության պատմությունն ու արդյունքները» զեկույցով։ Խաչատուր Մելիքսեթյանը ներկայացրեց «Օբսիդյանի երկրաքիմիական կառուցվածքը Հայկական լեռնաշխարհում» զեկույցը։ Արտերկրից եկած գիտնականների կողմից եղան ելույթներ՝ նվիրված նաև ՀՀ Արարատի մարզի Հայանիստ գյուղի վարչական տարածքում գտնվող Կուր-Արաքսյան մշակույթի բնակատեղի Ոսկեբլուրին։ Գիտաժողովի 2 օրերի ընթացքում զեկույցներով հանդես եկան մոտ 40 հնագետ ու երկրաբան աշխարհի տարբեր երկրներից՝ Հունգարիա, ԱՄՆ, Հայաստան, ՌԴ, Կիպրոս, Վրաստան, Ավստրալիա, Ճապոնիա, Ֆրանսիա և այլն։ Գիտաժողովի երրորդ օրը նախատեսված է իրականացնել Էքսկուրսիաններ ՀՀ տարբեր վայրերում, որտեղ կան օբսիդիանի հանքեր։