Հնագիտության և ազգագրության ինստիտուտ

ՀԱԻ արշավախումբը շարունակում է Կապանի հնավայրի պեղումները

Աշխատանքային ժամեր

Երկուշաբթի-ուրբաթ՝ 09:00-18.00 Շաբաթ-կիրակի՝ փակ է:

Կոնտակտային տվյալներ

Հայաստանի Հանրապետություն Երևան, 0025, Չարենցի 15
Էլ.հասցե՝ info@iae.am Հեռ.՝+37410-55-26-45

Գտեք մեզ ֆեյսբուքում

16-11-2026 11:39

ՀԱԻ արշավախումբը շարունակում է Կապանի հնավայրի պեղումները

2026 թ․ հոկտեմբերի կեսերից Հնագիտության և ազգագրության ինստիտուտի (ՀԱԻ) արշավախումբը շարունակում է ՀՀ Սյունիքի մարզկենտրոն Կապանի հարավային կողմում՝ Ողջի գետի աջափնյա անտառապատ տարածքում գտնվող հնավայրի պեղումները, որոնք սկսվել էին 2024 թ․։ Այս կարևոր աշխատանքներն իրականացվում են Սյունիքի մարզպետարանի նախաձեռնությամբ և ֆինանսավորմամբ։ Հնագիտական արշավախումբը ղեկավարում է հնագետ Գագիկ Սարգսյանը։
 
Արդեն պարզ է՝ հնավայրն իրենից ներկայացնում է Հին Կապան քաղաքը, որը հիշատակվում է 5-րդ դարից, իսկ 10-րդ դարում՝ 987 թվականին հիմնադրված Սյունիքի (Կապանի) թագավորության օրոք, դարձել է երկրամասի քաղաքական և մշակութային կենտրոնը՝ մայրաքաղաքը։ Պեղումները հիմնականում կատարվում են արքայանիստ միջնաբերդի և արքունական պալատի տարածքում։ Ինչպես գիտենք՝ դեռևս անցած 2025-ին հողի տակից բացվեցին վաղմիջնադարյան եռանավ բազիլիկ եկեղեցու հիմքերը։ Գտնվեց ձիթհանը, որի քարը պահպանվել է։ Այս տարի հնավայրի եզրին բացվել է նաև սրբատաշ քարից պատրաստված կրակարան-հնոց, որով, ըստ հնագետների նախնական վարկածի, տաքացվել է բաղնիքի ջուրը։ Հնագետների կարծիքով՝ այս կողմում եղել են բաղնիքներ ու այլ տնտեսական կառույցներ։ Հնավայրն ամբողջությամբ պատված է ծառերով։ Վերջին պեղումների ընթացքում պեղավայրից հայտնաբերվել է իշխանական խորհրդանիշ հանդիսացող գավազանի պղնձյա գլուխ, որն արդեն հանձնվել է Կապանի երկրագիտական թանգարանին։ Գտնվել են նաև մագաղաթյա մատյանի կազմի փակիչի մասեր։ Նոյեմբերի 10-ին հողի շերտի տակից գտնվել են մետաղյա 2 դրամ, միջնադարյան ապակու բեկոր, նույն ժամանակի մի քանի երկաթյա մեխ-գամ, ինչպես նաև կավե ամանների բեկորներ։
 
Հնագետ Գ․ Սարգսյանը տեղեկացրեց՝ մոտ օրերս կավարտվեն այս տարվա աշխատանքները։ Եղանակային պայմաններն այժմ նույնպես խանգարում են։ Պատմական այս քաղաքից ոչ հեռու է Սյունիքի հզոր ամրոցներից Բազաբերդը՝ Ողջիի ձախ ափին։ Սյունիքի մայրաքաղաքը, ըստ Ստեփանոս Օրբելյանի, ավերվել է 1126 թվականին Ամիր Հարունի հրամանատարությամբ՝ սելջուկյան արշավանքների հետևանքով, սակայն թագավորությունն արդեն Բաղաբերդ անառիկ ամրոցի շնորհիվ, գոյատևել է մինչև 1170 թվականը՝ լինելով Մեծ Հայքի վերջին անկախ հայկական թագավորությունը։