«Եվրոպական հնագիտության օրեր» միջոցառում
ՀՀ ԿԳՄՍ նախարարության համակարգմամբ հունիսի 14-16-ը Հայաստանի հնագիտական վայրերում, թանգարաններում, արգելոց-թանգարաններում և այլուր անցկացվելու է «Եվրոպական հնագիտության օրեր» միջոցառումը: 2010 թվականից Ֆրանսիայի կանխարգելիչ հնագիտական ազգային ինստիտուտի համակարգմամբ անցկացվող գիտական այս միջոցառմանը մեր երկիրը միացել է 2022 թվականին։
Այս տարի «Եվրոպական հնագիտության օրեր»-ին միացել են Հնագիտության և ազգագրության ինստիտուտ» (ՀԱԻ), «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն», «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն», «Հայաստանի պատմության թանգարան» ՊՈԱԿ-ները, ինչպես նաև Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարանը՝ առաջին անգամ։ Նշված կառույցների կողմից կազմակերպվող դասախոսությունները և այլ միջոցառումները նախատեսված են բոլոր տարիքային խմբերի, հնագիտությամբ հետաքրքրվողների և սիրահարների համար։
«Եվրոպական հնագիտության օրեր»-ի շրջանակում ՀՀ ԳԱԱ ՀԱԻ-ում առաջինը բանախոսությամբ հանդես եկավ ինստիտուտի գիտաշխատող, գիտակազմակերպչական խմբի ղեկավար, պ․ գ․ թ․ Վիկտորյա Վասիլյանը։ ՀԱԻ ընթերցասրահում, որտեղ ներկա էին հնագետներ, պատմաբաններ, ազգագրագետներ և այլ մասնագետներ, Վ․ Վասիլյանը ներկայացրեց «Արհեստական բանականության կիրառումը մշակութային ժառանգության հանրահռչակման մեջ» բանախոսությունը։ Ներկաներին ողջունեց ՀԱԻ տնօրեն Արսեն Բոբոխյանը։ Դասախոսությունը նվիրված էր արհեստական բանականության կիրառմանը հնագիտական նյութի հանրահռչակման, վիրտուալ մշակութային տարածքի ստեղծման, թանգարանների կերպարանափոխության ոլորտներում։ Այն նաև կարևորվում է կրթական և զբոսաշրջային նշանակությամբ։ Ընթացքում բանախոսը ներկայացրեց եռաչափ տեխնոլոգիաների կիրառումը նշված ոլորտներում՝ անդրադարձավ նաև դրանց դերին արտեֆակտների և պատմական վայրերի համապարփակ թվային արխիվացման գործում: Վերջում ներկաները հարցեր և առաջարկներ ներկայացրեցին բանախոսին, եղավ քննարկում թեմայի շուրջ։