Սեպտեմբերի 30-ին ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի ընթերցասրահում սոցիալական գործընթացների և ինստիտուտների մարդաբանության բաժնի նախաձեռնությամբ կայացավ կլոր սեղան-քննարկում՝ «Պատմություն և հիշողություն․ Արցախյան երկրորդ պատերազմի հուշարձանացման հիմնախնդիրը և հեռանկարի ուրվագծումը» թեմայով։ Ծրագիրն իրականացվել է ՀՀ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի ֆինանսավորմամբ, որին մասնակցել են բաժնի աշխատակիցներ Մ․ Գալստյանը, Գ․ Աթանեսյանը, Գ. Հակոբյանը և Լ. Անգելուշը։ Հետազոտությունն անցկացվել է սահմանամերձ Տավուշի, Սյունիքի, Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Արարատի մարզերում։ Ծրագրի նպատակն է դուրս բերել Արցախյան երկրորդ պատերազմի հիշողության կառուցման դերակատարներին (պետություն, քաղաքացիական հասարակություն, լոկալ խմբեր և անհատներ) և նրանց կողմից հուշարձանների տեղադրման շարժառիթները, վայրերն ու այնտեղ իրականացվող հիշատակման պրակտիկաները: Կլոր սեղան-քննարկմանը ներկա էին նշված բաժնի աշխատակիցները, ՀԱԻ գիտաշխատողներ, ԵՊՀ պատմության ֆակուլտետի մշակութաբանության ամբիոնի դասախոսներ։ Սոցիալական գործընթացների և ինստիտուտների մարդաբանության բաժնի վարիչ, պ․գ. դ․ Միհրան Գալստյանը ողջունեց ներկաներին, անդրադարձավ ծրագրի ընթացքին և արդյունքներին։ Այնուհետև նույն բաժնի գիտաշխատող, ծրագրի ղեկավար, պ․գ․թ․ Գարիկ Աթանեսյանը ներկայացրեց հետազոտության արդյունքները, պատերազմի ու զոհերի հիշատակման ուսումնասիրման խնդիրներն ու խոչընդոտները։
Քննարկման ընթացքում ներկաները հարցեր ուղղեցին բանախոսին, հանդես եկան առաջարկներով։