ՀԱԻ Բանագիտության բաժնի աշխատակիցներ Նվարդ Վարդանյանն ու Լուսինե Հայրիյանը մասնակցել են «Կոմիտասի ժառանգությունը պատմական և ժամանակակից հետազոտական տեսանկյուններից» միջազգային գիտաժողովին
Հոկտեմբերի 7-8-ին Վիեննայի Երաժշտության և կատարողական արվեստի համալսարանում տեղի ունեցավ «Կոմիտասի ժառանգությունը պատմական և ժամանակակից հետազոտական տեսանկյուններից» միջազգային գիտաժողովը, որը կազմակերպել էին Կոմիտասի թանգարան-ինստիտուտը, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտը և Վիեննայի երաժշտության և կատարողական արվեստի համալսարանը՝ Ավստրիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության պատվո հովանու ներքո։
Գիտաժողովում համատեղ զեկույցով հանդես եկան նաև ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Բանագիտության բաժնի ավագ գիտաշխատող, ԵՊՀ դոցենտ Նվարդ Վարդանյանը և նույն բաժնի գիտաշխատող Լուսինե Հայրիյանը:
Զեկուցման թեման էր՝ «Ռազմաճակատի երգերը 2020թ. արցախյան 44-օրյա պատերազմում. ավանդականից ժամանակակից դրսևորումներ»: Զեկուցումը նվիրված էր 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին: Ելույթից առաջ հայ և օտարազգի ունկնդիրները մեկ րոպե լռությամբ հարգեցին արցախյան պատերազմի զոհերի հիշատակը:
Զեկուցման ժամանակ գիտական քննությամբ ներկայացվեցին մարտադաշտում երգված ռազմի, հայդուկային, գուսանական և հեղինակային երգերը, ինչպես նաև ներկայացվեցին հատվածներ պատերազմի ժամանակ կատարված սիրողական տեսագրություններից:
Հետազոտությունը կատարվել էր ՀՕՖ–ի հովանու ներքո գործող Երվանդ Թերզյանի անվան Գիտության և կրթության հայկական ազգային հիմնադրամի (ԳԿՀԱՀ-ANSEF) աջակցությամբ: