Հնագիտության և ազգագրության ինստիտուտ

«Դաշտադեմի ամրոցի վերականգնման մարտահրավերներն ու թանգարանացումը» խորագրով բանախոսություն

Աշխատանքային ժամեր

Երկուշաբթի-ուրբաթ՝ 09:00-18.00 Շաբաթ-կիրակի՝ փակ է:

Կոնտակտային տվյալներ

Հայաստանի Հանրապետություն Երևան, 0025, Չարենցի 15
Էլ.հասցե՝ info@iae.am Հեռ.՝+37410-55-26-45

Գտեք մեզ ֆեյսբուքում

18-09-2025 11:02

«Դաշտադեմի ամրոցի վերականգնման մարտահրավերներն ու թանգարանացումը» խորագրով բանախոսություն

Սեպտեմբերի 17-ին ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Ճարտարապետական մոդելավորման գիտահետազոտական խումբը կազմակերպեց հերթական սեմինարը։ Հնագետ Սոսե Աղայանը ներկայացրեց «Դաշտադեմի ամրոցի վերականգնման մարտահրավերներն ու թանգարանացումը» թեման։ Միջոցառմանը մասնակցում էին ինչպես խմբի անդամներ, այնպես էլ թեմայով հետաքրքրվողներ։
 
Դաշտադեմի ամրոցը, որն առավել հայտնի է նաև Քաղենի բերդ անունով, գտնվում է Արագածոտնի մարզում՝ Թալին քաղաքից ոչ հեռու, Դաշտադեմ գյուղում։ Զեկուցողը ներկայացրեց ամրոցի ճարտարապետական և կառուցվածքային խնդիրները՝ ընդգծելով, որ դրանք պայմանավորված են ինչպես պատմական իրադարձություններով, այնպես էլ մարդկային և բնական գործոններով։ Հայոց ցեղասպանությունից հետո ամրոցի տարածքում սկսված բնակեցումը, հետագա դարերի ընթացքում կատարված միջամտությունները և բնական աղետները, մասնավորապես 1988 թ․ Սպիտակի երկրաշարժը, զգալի վնաս են հասցրել միջնադարյան կառույցներին։ Պատկերը ավելի է բարդացրել այն հանգամանքը, որ իրականացված պեղումները լիարժեք չեն եղել, իսկ նոր վերականգնողական աշխատանքները հաճախ համահունչ չեն եղել նախորդ միջամտություններին։
Առաջին պեղումները Դաշտադեմի ամրոցում իրականացվել են 1989-1990 թթ․, իսկ 2000-ականներին դրանք շարունակվել են՝ վերականգնողական ծրագրերի շրջանակում։ 2015 թվականից Հնագիտության և ազգագրության ինստիտուտի արշավախումբը արդեն սիստեմատիկ պեղումներ է իրականացնում ամրոցի տարածքում, որտեղ միաժամանակ կատարվել են նաև մաքրման աշխատանքներ՝ ազատելով համալիրի տարածքը օտար կառույցներից։ Ամրոցում վերականգնողական առաջին փորձերը կատարվել են դեռևս 1961 թվականին, երբ ամրացվել է ամրոցապարսպի փլուզված հատվածը։
 
Սոսե Աղայանը հատկապես կարևորեց այն հանգամանքը, որ ամրոցում առկա են 12-20-րդ դարերի շերտեր, ինչը բարդացնում է ինչպես պեղումների ընթացքը, այնպես էլ դրանց մեկնաբանությունը։ Նա ընդգծեց նաև կառուցման հաջորդականության անորոշությունը, որն առանց ամբողջական պեղումների դժվար է հստակեցնել։ Բանախոսը խոսեց ոչ միայն հնագիտական, այլև հայեցակարգային և թանգարանագիտական մարտահրավերների մասին՝ ընդգծելով միջնադարյան իրականության և թանգարանային ներկայացման հավասարակշռության անհրաժեշտությունը, ժամանակակից թանգարանի ինտեգրման ու ինտերակտիվ փորձառությունների կազմակերպման կարևորությունը։ Նա անդրադարձավ նաև համայնքային և սոցիալական խնդիրներին՝ նշելով, որ ամրոցի պահպանման և թանգարանացման ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ են նաև համապատասխան ֆինանսական ռեսուրսներ։
Սեմինարի ավարտին տեղի ունեցավ քննարկում, որի ընթացքում մասնակիցները հարցեր ուղղեցին բանախոսին և հանդես եկան տարբեր առաջարկություններով։