Սեպտեմբերի 25-ին ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի (ՀԱԻ) ընթերցասրահում «Միջնադարագիտական քննարկումներ» սեմինարների շարքի շրջանակում անցկացվեց վիմագրության և միջնադարյան հնագիտության բաժինների կողմից կազմակերպված սեմինար։ Բանախոսությամբ հանդես եկավ վիմագրության բաժնի գիտաշխատող, պ.գ.թ. Սուսաննա Ադամյանը՝ ներկայացնելով «Հրաչյա Աճառյանի անտիպ ժառանգությունը․ Հայարձան» թեման։
Միջոցառմանը ներկա էին ՀԱԻ փոխտնօրեն Տորք Դալալյանը, ինստիտուտի տարբեր բաժինների աշխատակիցներ և հյուրեր։ Բանախոսին ներկայացրեց վիմագրության բաժնի վարիչ, պ.գ.թ. Արսեն Հարությունյանը՝ ընդգծելով, որ սա աշնանային շրջափուլի առաջին սեմինարն է։ Նա կարևորեց Աճառյանի կոթողային աշխատությունը, որը, թեև չի տպագրվել, սակայն արժանացել է բազմաթիվ վիմագրագետների ուշադրությանը՝ սկսած Սեդրակ Բարխուդարյանից։
Ս. Ադամյանը, սկսելով իր խոսքը, ներկայացրեց մեծանուն հայ լեզվաբան Հրաչյա Աճառյանի կենսագրական տվյալները՝ ընդգծելով նրա բացառիկ դերը հայ և համաշխարհային լեզվաբանության պատմության մեջ։ Բանախոսը հատուկ կարևորեց «Հայարձան» աշխատությունը, որը հայերեն վիմագրերի բացառիկ հավաքածուն է և ընդգրկում է շուրջ 2000 վիմագիր և կազմված է 1753 ձեռագիր էջից։ Այն ընդգրկում է նյութեր Կ. Պոլսից մինչև Աղվանք, Իրան, Վրաստան և Ռուսաստան։ Ադամյանը ընդգծեց, որ Աճառյանի կենսագիրներից որևէ մեկը չի անդրադարձել այս աշխատության գոյությանը, սակայն դրա ուսումնասիրությամբ այսօր արդեն զբաղվում են վիմագրագետները։ Նա նշեց նաև, որ աշխատանքի ուսումնասիրության գործում աջակցություն է ցուցաբերել Ե. Չարենցի անվ. գրականության և արվեստի թանգարանը։ Ադամյանի խոսքով՝ «Հայարձանի» ստեղծման դրդապատճառներից մեկը եղել է 1912 թ. Մոսկվայի Լազարյան ճեմարանի հայտարարած մրցանակաբաշխությունը։
Բանախոսության ավարտին տեղի ունեցավ քննարկում․ ներկաները հարցեր ուղղեցին բանախոսին, կիսվեցին հավելյալ տեղեկություններով Աճառյանի գիտական գործունեության վերաբերյալ և կարևորեցին այս նշանակալի աշխատության հրատարակման անհրաժեշտությունը: