Նոյեմբերի 5-ին ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի (ՀԱԻ) գրադարանում կայացավ հետաքրքիր դասախոսություն՝ նվիրված IBM Research Brazil-ի և Սան Պաուլոյի համալսարանի համագործակցության արդյունք Եգատու թվային նախագծին։ Դասախոսության սկզբում անդրադարձ կատարվեց բնիկ ժողովուրդների վտանգված լեզուների պահպանության խնդրին, որի համատեքստում կարևորվեց նաև Արցախի բարբառի պահպանության անհրաժեշտությունը՝ որպես ոչ նյութական մշակութային ժառանգության կարևոր բաղադրիչ։
«Ճգնաժամ և հիշողություն․ թվանշային բանավոր պատմությունների լաբորատորիա» շարքի երկրորդ դասախոսությունն անցկացրեց Սան Պաուլոյի համալսարանի Արհեստական բանականության կենտրոնի փոխտնօրեն, IBM Research Brazil-ի լաբորատորիայի գլխավոր հետազոտող, դոկտոր, պրոֆեսոր Կլաուդիո Պինհանեսը։ Դասախոսությանը ներկա էին ՀԱԻ տարբեր բաժինների աշխատակիցներ, ուսանողներ և թեմայով հետաքրքրված անձինք։ Միջոցառումը կայացավ անգլերեն՝ հայերեն համաժամանակյա թարգմանությամբ։
Բանախոսը նշեց, որ իրենց հիմնական խնդիրներից է Բրազիլիայի անտառների պահպանությունը, իսկ այդ գործը դարեր շարունակ իրականացնում են հենց տեղական բնիկ համայնքները՝ շարունակելով ավանդական ծառատունկի և բնապահպանական պրակտիկաների մշակույթը։ Նա ներկայացրեց հարավային Ամերիկայի՝ մասնավորապես Ամազոնի բնիկ համայնքներում իրականացվող թվային նախագծերը, որոնք ուղղված են համայնքների ներգրավվածությանը և մշակութային ինքնության պահպանմանը։
Պրոֆեսոր Պինհանեսը նաև ներկայացրեց IBM Research-ի և Սան Պաուլոյի համալսարանի համատեղ նախագիծը, որը նա ղեկավարում է 2022 թվականից։ Նախագիծը կիրառում է թվային և արհեստական բանականության գործիքներ՝ ուղղագրական ստուգիչներ, հաջորդ բառի կանխատեսման համակարգեր և բառարաններ՝ խթանելու անհետացման վտանգի տակ գտնվող բնիկ լեզուների օգտագործումը։ Նախաձեռնությունը կենտրոնացած է բրազիլական բնիկ ժողովուրդների լեզուների փաստաթղթավորման և կենսունակության բարձրացման վրա։ Լուսանկարներով և տեսահոլովակներով ցուցադրվեցին Ամազոնի Բարե ազգության հետ իրականացվող աշխատանքները, մասնավորապես՝ երկու համայնքներում 2025 թ. հուլիսին տեղակայված թվային լսարանների ստեղծումը։ Լսարանների անխափան աշխատանքը ապահովվում է արևային էներգիայի կիրառմամբ։
Դասախոսությունից հետո տեղի ունեցավ հարց ու պատասխան, ինչպես նաև քննարկում։