Հնագիտության և ազգագրության ինստիտուտ

«Արևմտահայոց բռնի թուրքախոսությունը Օսմանյան կայսրությունում և թուրքալեզու բանահյուսությունը (ըստ 1955-2025 թթ. իմ գրառած ու ձայնագրած նյութերի)» խորագրով բանախոսություն՝ նվիրված Հայոց Ցեղասպանության 111-րդ տարելիցին

Աշխատանքային ժամեր

Երկուշաբթի-ուրբաթ՝ 09:00-18.00 Շաբաթ-կիրակի՝ փակ է:

Կոնտակտային տվյալներ

Հայաստանի Հանրապետություն Երևան, 0025, Չարենցի 15
Էլ.հասցե՝ info@iae.am Հեռ.՝+37410-55-26-45

Գտեք մեզ ֆեյսբուքում

23-04-2026 20:00

«Արևմտահայոց բռնի թուրքախոսությունը Օսմանյան կայսրությունում և թուրքալեզու բանահյուսությունը (ըստ 1955-2025 թթ. իմ գրառած ու ձայնագրած նյութերի)» խորագրով բանախոսություն՝ նվիրված Հայոց Ցեղասպանության 111-րդ տարելիցին

Ապրիլի 23-ին՝ Հայոց Մեծ Եղեռնի 111-ամյա տարելիցի նախօրեին, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտում (ՀԱԻ) «Արևմտահայոց բռնի թուրքախոսությունը Օսմանյան կայսրությունում և թուրքալեզու բանահյուսությունը (ըստ 1955-2025 թթ. իմ գրառած ու ձայնագրած նյութերի)» բանախոսությամբ հանդես եկավ պ․ գ․ դ․ Վերժինե Սվազլյանը։

Բանախոսությունը կազմակերպվել էր ՀԱԻ «Բանագիտական քննարկումներ» շարքի շրջանակում։ Ներկա էին ինստիտուտի տարբեր բաժինների աշխատակիցներ, ուսանողներ և թեմայով հետաքրքրվողներ։

Ներկաներին ողջունեց և բանախոսին ներկայացրեց ՀԱԻ փոխտնօրեն Տորք Դալալյանը՝ նշելով, որ պատիվ ունեն հյուրընկալելու երկարամյա, նվիրյալ և վաստակաշատ գիտաշխատող Վերժինե Սվազլյանին, ում 90-ամյա տարեդարձը երկու տարի առաջ նշել են ինստիտուտում։ Նա հավելեց, որ ինստիտուտը մշտապես կապի մեջ է գիտնականի հետ, իսկ վերջինս յուրաքանչյուր այցի ընթացքում ինստիտուտ է բերում իր նոր հրատարակված գրքերից։ Իր օրինակով Վերժինե Սվազլյանը ցույց է տալիս, որ սիրելի գործին նվիրումով և հաճույքով մոտենալու դեպքում հնարավոր է կուտակել գիտական մեծ պաշար։ Ներկայումս նա արդեն շուրջ 900 էջ նյութ ունի իր հերթական գրքի համար։ Տ․ Դալալյանը կարևորեց հատկապես երիտասարդ սերնդի՝ ուսանողների ներգրավվածությունը՝ ընդգծելով, որ նման գիտնականների հետ շփումն ու նրանց ճանաչումը կարող են ոգեշնչել և ստեղծագործական մղում հաղորդել։

Վ․ Սվազլյանն իր բանախոսությունը սկսեց՝ անդրադառնալով Օսմանյան կայսրության ձևավորման շրջանին և հետագա ժամանակներում Թուրքիայի կողմից վարվող հակահայ, ինչպես նաև այլ ժողովուրդների նկատմամբ իրականացված ցեղասպանական քաղաքականությանը։ Անդրադարձ կատարվեց նաև հայատառ, սակայն թուրքերեն ստեղծագործություններին, որոնք ձևավորվել են թուրքական տիրապետության պայմաններում: Բանախոսության երկրորդ հատվածում Վ․ Սվազլյանը ներկայացրեց իր կողմից ձայնագրված երգերը՝ օրորոցայիններ, ռազմի երգեր և այլ բանահյուսական նմուշներ, որոնք թուրքերեն կատարում են հայ երգասացները։

Բանախոսության ավարտին ներկաները հարցեր ուղղեցին բանախոսին, և ծավալվեց քննարկում։