Հնագիտության և ազգագրության ինստիտուտ

Հունիսի 12-ին մեկնարկեց «Տոնը և տոնահանդեսի մշակույթը որպես անցյալի և ներկայի մշակութակերտ տեքստ» խորագրով երկօրյա գիտաժողովը

Աշխատանքային ժամեր

Երկուշաբթի-ուրբաթ՝ 09:00-18.00 Շաբաթ-կիրակի՝ փակ է:

Կոնտակտային տվյալներ

Հայաստանի Հանրապետություն Երևան, 0025, Չարենցի 15
Էլ.հասցե՝ info@iae.am Հեռ.՝+37410-55-26-45

Գտեք մեզ ֆեյսբուքում

12-06-2026 20:00

Հունիսի 12-ին մեկնարկեց «Տոնը և տոնահանդեսի մշակույթը որպես անցյալի և ներկայի մշակութակերտ տեքստ» խորագրով երկօրյա գիտաժողովը

Հունիսի 12-ին ՀՀ ԳԱԱ կլոր դահլիճում մեկնարկեց «Տոնը և տոնահանդեսի մշակույթը որպես անցյալի և ներկայի մշակութակերտ տեքստ» խորագրով երկօրյա գիտաժողովը։ Գիտաժողովը կազմակերպվել էր ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի կողմից իրականացվող «Ավանդական մշակութային ժառանգության դրսևորումների կիրառումը քաղաքականության մեջ. հնարավորություններ և առաջարկներ» նպատակային ծրագրի շրջանակում։

Գիտաժողովին մասնակցում էին ՀՀ տարբեր գիտական հաստատությունների և Երևանում գործող բուհերի ներկայացուցիչներ։ Զեկույցները նվիրված էին հայկական ավանդական տոնացույցին, տոնահանդեսային մշակույթի պատմական և արդի դրսևորումներին, ինչպես նաև տոնի՝ որպես էթնիկական, կրոնական, սոցիալական, քաղաքացիական և քաղաքական ինքնության արտահայտման միջոցի ուսումնասիրությանը։ Առանձնահատուկ ուշադրություն էր դարձվել տոնական օրացույցի, հիշողության քաղաքականության, ոչ նյութական մշակութային ժառանգության, տոնի փառատոնացման, դրա՝ որպես հանրային միջոցառման կիրառության, թվային միջավայրում վերափոխումների և ստեղծարար արդյունաբերության հետ առնչվող հիմնախնդիրներին։ Գիտաժողովի առաջին օրը կայացավ երեք նիստ, որոնցից յուրաքանչյուրում ներկայացվեց հինգական զեկույց՝ շուրջ 20 րոպե տևողությամբ։ Նիստերի ավարտին տեղի ունեցան հարցուպատասխաններ և քննարկումներ։

Մասնակիցներին ողջունեց, գիտաժողովի կարևորությունը շեշտեց և բարի ընթացք մաղթեց ՀՀ ԳԱԱ փոխնախագահ Պավել Ավետիսյանը։ Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև ՀԱԻ Կիրառական մարդաբանության խմբի ղեկավար Հրանուշ Խառատյանը՝ ընդգծելով գիտաժողովի արդիականությունը և նշելով, որ դրա անմիջական շարունակությունը լինելու է նույն դահլիճում անցկացվելիք երկօրյա աշխատաժողովը։

Առաջին նիստը՝ «Տոնը և տոնահանդեսը հայ մատենագրության մեջ» խորագրով, վարեց ազգագրագետ, պ.գ.դ. Հարություն Մարությանը։ Ընդմիջումից հետո տեղի ունեցավ երկրորդ նիստը՝ «Տոնի մշակութային տեքստը 19-րդ դարի ժողովրդական ավանդույթում» թեմայով, որը վարեց Ռուզաննա Ծատուրյանը։ Երրորդ նիստը՝ «Խորհրդային տոնի «մուտքը». նոր մշակութաստեղծ տեքստեր Խորհրդային Հայաստանում և հայկական սփյուռքում» թեմայով, վարեց ԵՊՀ դասախոս, ՀԱԻ գիտաշխատող Հայկուհի Մուրադյանը։ Նա նաև ներկայացրեց «Խորհրդային տոնական մշակույթի ինստիտուցիոնալացումը և պերֆորմատիվ դրսևորումները մշակույթի տներում (Խորհրդային Հայաստան, 1950–1980-ական թթ.)» զեկույցը։

Գիտաժողովի երկրորդ օրը նախատեսված է անցկացնել ևս չորս նիստ։ Գիտաժողովի ավարտից հետո՝ հունիսի 14–15-ին, նույն վայրում կանցկացվի աշխատաժողով, որը ևս կազմակերպվում է «Ավանդական մշակութային ժառանգության դրսևորումների կիրառումը քաղաքականության մեջ. հնարավորություններ և առաջարկներ» նպատակային ծրագրի շրջանակում։