Հնագիտության և ազգագրության ինստիտուտ

Իրադարձություններ

Արամ Քալանթարյան, 80-ամյակ

Արամ Քալանթարյան, 80-ամյակ

Այսօր կլրանար ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պատմական գիտությունների դոկտոր, 1993–2006 թթ. Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Արամ Քալանթարյանի 80-ամյակը:Ա. Քալանթարյանի մոտ հիսնամյա աշխատանքային գործունեությունը կապված է եղել Հնագիտության և ազգագրության ինստիտուտի հետ: Այստեղ է նա անցել կրտսեր գիտաշխատողից մինչև Հայաստանի առաջատար հնագետ-պատմաբանի արգասավոր ուղի: Նա աչքի է ընկել նաև գիտակազմակերպչական մեծ ունակություններով: 1986 թ. Արամ Քալանթարյանը ղեկավարել է ինստիտուտի նորակառույցների հնագիտության բաժինը, որը մեծ աշխատանքներ է տարել Հայաստանի տարբեր շրջաններում՝` հուշարձաններն ավերումից փրկելու և բազմակողմանի գիտական ուսումնասիրություն կատարելու ուղղությամբ: Նրա գործուն մասնակցությամբ հանրապետության նորակառույցներում պայմանագրային եղանակով կազմակերպվել և աշխատել է 40 արշավախումբ: 1993-2006 թթ. Ա. Քալանթարյանը վարել է ինստիտուտի տնօրենի պաշտոնը և իր կազմակերպչական հմուտ ղեկավարման շնորհիվ, հատկապես երկրի համար դժվարին տարիներին, ինստիտուտը կարողացավ պահպանել գիտական ու կադրային հիմնական ներուժը, նույնիսկ արձանագրեց որոշակի հաջողություններ: Առանձնակի ձեռքբերումներ ինստիտուտն արձանագրեց նրա տնօրինության վերջին տարիներին: Ա. Քալանթարյանը եղել է ինստիտուտի գիտական, ինչպես նաև գիտական աստիճաններ շնորհող խորհուրդների նախագահ: Անդամ էր նաև մի քանի այլ ինստիտուտների և բուհերի գիտական խորհուրդների, ղեկավարում էր հայագիտության գծով թեմաների փորձագիտական հանձնաժողովի աշխատանքները: Արամ Քալանթարյանը իր համեստ, շիտակ բնավորության, գիտական անուրանալի վաստակի շնորհիվ ընկերական և գիտական ամենալայն շրջանակներում վայելում էր մեծ հարգանք ու հեղինակություն:

2017-08-25

Շարունակվում են Շամիրամի ամրոցի և դամբարանադաշտի հնագիտական պեղումները

Շամիրամ գյուղի հարավարևմտյան հատվածում, երկու հեղեղատների ձևավորած հրվանդանի վրա, շարունակվում են հնագիտական պեղումները։ Աշխատանքները ղեկավարում են իտալական ISMEO ինստիտուտի ներկայացուցիչ Ռոբերտո Դանը և Հայաստանի Հնագիտության և ազգագրության ինստիտուտի hնագետ Վարդուհի Մելիքյանը։ Հնագիտական աշխատանքները ցուց են տալիս, որ Շամիրամի ամրոցը կառուցվել է ուրարտական շրջանում, սակայն օգտագործվել է և վերաշարվել նաև հետագա դարերում։ Ռոբերտո Դանի խոսքով՝ այժմ պեղումներ են կատարվում պայմանականորեն «4-րդ աշտարակ» կոչվող հատվածում, որտեղ բացահայտվել են տարբեր ժամանակաշրջանների շերտեր։ Մասնավորապես, պեղված աշտարակի հյուսիսային պատի մոտ միջնադարյան շինության հետքեր են հայտնաբերվել, աշտարակի վրա՝ 5-6-րդ դարերով թվագրվող նոր շինություն։ Ամրոցում վերակառուցումներն իրականացվել են անգամ մինչև 20-րդ դար, իսկ ամրոցի պարիսպների, շինությունների քարերը հաճախ օգտագործվել են գյուղում բնակելի կամ տնտեսական շինություններ կառուցելու համար։ Պեղումների արդյունքում հայտնաբերված նյութերը հիմնականում թվագրվում են միջին երկաթե դարով, սակայն, ըստ հնագետների, ամենահետաքրքիր և նշանակալի բացահայտումը 5-րդ պաշտպանական կառույցն է՝ պատը, որն ունի 320 մ երկարություն և 3,5 մ լայնություն։ Հայտնաբերվել են նաև 4 մեծ աշտարակներ և ձորամերձ տեղանքում ձգվող որմերի հիմքեր: Շամիրամ գյուղի հարավ-արևմտյան կողմում՝ հեղեղատ-կիրճի ձախ ափամերձ տարածքում, սկսվել են նաև դամբարանադաշտի պեղումները։ Այստեղ, Վարդուհի Մելիքյանի ղեկավարությամբ, սկսել են մեկ դամբարանի պեղումները: