2026 թ․ ապրիլի 1-3-ը ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի (ՀԱԻ) ընթերցասրահում անցկացվեցին 2025 թվականին իրականացված հնագիտական ուսումնասիրությունների և պեղումների հաշվետվությունների ներկայացումներ։ Երեք օրերի ընթացքում ներկայացվեցին ընդհանուր առմամբ 36 հաշվետվություն, որոնք ընդգրկում էին ՀՀ տարբեր մարզերում և Երևանում իրականացված գիտական աշխատանքները։ Հաշվետվություններին ներկա էին ՀԱԻ տնօրեն Արսեն Բոբոխյանը, ինստիտուտի աշխատակիցներ, ուսանողներ և հյուրեր։ Ապրիլի 3-ին ներկայացվեց 12 հաշվետվություն։ Նիստը վարում էր ՀԱԻ ավագ գիտաշխատող, գիտական քարտուղար Աստղիկ Բաբաջանյանը, ով հանդես եկավ նաև առանձին զեկուցմամբ։ Նա ներկայացրեց Արուճի ամրոց-դղյակում իրականացված 2025 թ․ ուսումնասիրման և պեղումների արդյունքները։ Նշված հուշարձանը գործածվել է մ․ թ․ մոտ 5-րդ դարերից մինչև 13–14-րդ դարերը, ինչպես նաև 20-րդ դարում։ Աշխատանքներն իրականացվել են «Միջնադարյան ամրաշինությունը Մետաքսի ճանապարհին» ծրագրի շրջանակներում։ Պ.գ.թ., ՀԱԻ ավագ գիտաշխատող, հնագետ Սիմոն Հմայակյանը անդրադարձավ Արմավիրի մարզում գտնվող պատմական Արգիշտիխինիլի հնավայրում, ինչպես նաև համանուն քաղաքի դամբարանադաշտում և գյուղական բնակավայրում իրականացված հնագիտական պեղումներին։ Պ.գ.թ, հնագետ Իննեսա Կարապետյան-ը ներկայացրեց 2025 թ․ Արմավիրի մարզում գտնվող Հին Արմավիր քաղաքամայրում իրականացված հնագիտական ուսումնասիրություններն ու պեղումները։ Սյուզաննա Մուրադյանի հաշվետվությունը վերաբերում էր Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Երվանդաշատ հնավայրում իրականացված աշխատանքներին։ Պատմական Արտաշատ մայրաքաղաքում և Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղի մերձակայքում գտնվող «Կլոր բլուր» հնավայրում պեղումներ իրականացնող արշավախմբի ղեկավար Մկրտիչ Զարդարյանը ներկայացրեց այս երկու հնավայրերի վերաբերյալ հետաքրքիր տվյալներ։ Պ.գ.դ., պրոֆեսոր Համլետ Պետրոսյանը տեղեկություններ ներկայացրեց պատմական Դվին մայրաքաղաքի տարածքում, ինչպես նաև Դվինի մերձակայքում գտնվող Տիկնունի հնավայրում իրականացված հնագիտական ուսումնասիրությունների և պեղումների վերաբերյալ։ 2025 թ․ հետախուզական հնագիտական ուսումնասիրություններ են իրականացվել նաև Երևանի Կոնդ թաղամասում, որտեղ, ըստ որոշ տվյալների, ենթադրվում էր ուրարտական շրջանի ամրոցի հետքերի առկայությունը։ Աշխատանքներն իրականացրել են Համլետ Պետրոսյան-ը և հնագետ Համազասպ Աբրահամյանը։ Հնագետ Գագիկ Սարգսյանի հաշվետվությունը վերաբերում էր Սյունիքի մարզի երկու հնավայրերին՝ Սյունյաց մայրաքաղաք Կապանին և Վանանդաբերդին։
2026-04-06
Մարտի 19-ին ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի (ՀԱԻ) Բանագիտության բաժինը կազմակերպել էր հերթական բանախոսությունը։ ՀԱԻ ընթերցասրահում, «Բանագիտական քննարկումներ» շարքի շրջանակում, կայացավ «Միջգաւառական անեքթոտները Հալէպի հայ գաղթականութեան մէջ» խորագրով բանախոսությունը, որը ներկայացրեց պ.գ.դ. Հակոբ Չոլաքյանը։ Բանախոսությանը ներկա էին ՀԱԻ տարբեր բաժինների աշխատակիցներ, թեմայով հետաքրքրվողներ և ուսանողներ։ ՀԱԻ փոխտնօրեն Տորք Դալալյանը ներկայացրեց բանախոսին՝ կարևորելով նմանատիպ գիտական հանդիպումների կազմակերպումն ու դրանց դերը մասնագիտական երկխոսության խթանման գործում։ Հանդիպման ավարտին տեղի ունեցավ ակտիվ քննարկում․ ներկաները հարցեր ուղղեցին բանախոսին և ներկայացրին իրենց դիտարկումներն ու առաջարկները։
2026-03-20
Մարտի 16-ին ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի (ՀԱԻ) Սփյուռքի ուսումնասիրության բաժնում տեղի ունեցավ հերթական սեմինարը։ «Սփյուռքի ուսումնասիրության բազմամակարդակ վերլուծական մոտեցում. ազգագրական և սոցիոլոգիական հիմքեր» թեմայով հանդես եկավ բաժնի վարիչ, պ.գ.դ. Ռուբեն Կարապետյանը։ Սեմինարին ներկա էին բաժնի աշխատակիցները։ Այն անցավ ակտիվ քննարկումների մթնոլորտում․ հնչեցին հարցեր, ներկայացվեցին դիտարկումներ և առաջարկներ
2026-03-17
ՀՀՀԳ 2024 24SSAH-6A008 ծածկագրով «Էթնիկ եւ կրոնական բաղադրիչների փոխազդեցությունը սփյուռքահայերի ինքնության մեջ. խնդիրներ եւ հեռանկարներ» ծրագրի շրջանակներում նոյեմբերի 21-ից դեկտեմբերի 2-ը և դեկտեմբերի 11-ից 16-ը ընկած ժամանակահատվածում ծրագրի ղեկավար Սփյուռքի ուսումնասիրության բաժնի գիտաշխատող Նելլի Խաչատուրյանը և ծրագրի մասնակից նույն բաժնի ավագ գիտաշխատող Սոնա Ներսիսյանը իրականացրել են դաշտային հետազոտություններ Բուլղարիայի Հանրապետության Սոֆիա և Պլովդիվ քաղաքների և Բելգիայի Թագավորության Բրյուսել քաղաքի հայկական համայնքներում։ Հետազոտությունները իրականացվել են սոցիոլոգիական և ազգագրական մեթոդաբանության կիրառմամբ։ Իրականացվել են խորացված կիսաձևայնացված հարցազրույցներ համայնքի և համայնքային կառույցների ներկայացուցիչների հետ։ Կիրառվել է դիտարկման մեթոդը ֆոտո և վիդեո ձայնագրմամբ։ Ուսումնասիրվել են համայնքային գործող կառույցները (կրոնական, մշակութային, կրթական, հասարակական ևլն), դրանց տեղն ու դերը համայնքներում, համայնքների պատմությունը, մշակութային ժառանգությունը, նոր և հին համայնքների փոխազդեցությունների առանձնահատկությունները, համայնքներում ինքնության խնդիրները, ներկայիս դինամիկան և փոխակերպումները, դրանց վրա ազդող գործոնները և այլն։
2026-03-16
2026թ․ փետրվարի 25-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա-ի նիստերի դահլիճում տեղի ունեցավ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Արսեն Հակոբյանի և Մարչելլո Մոլլիկաի (Մեսսինայի համալսարան, Իտալիա) համահեղինակած՝ Palgrave Macmillan հեղինակավոր գիտական հրատարակչությունում վերջերս լույս տեսած «Կոնֆլիկտ, տարածք և անդրազգայնություն․ ղարաբաղյան երկրորդ պատերազմի ազգագրություն» [Conflict, Space and Transnationalism: An Ethnography of the Second Nagorno-Karabakh War. Palgrave Studies in Urban Anthropology, 2025] գրքի շնորհանդեսը։ Աշխատությունը ղարաբաղյան հակամարտության և 44-օրյա պատերազմի վերաբերյալ համապարփակ ուսումնասիրություն է, որտեղ պատմական լայն համատեքստի և հակամարտության խորքային զարգացումների լույսի ներքո քննվում է արցախահայերի 2020 թ․ պատերազմական փորձառությունը։ Գիրքը վերլուծում է պատերազմի անդրազգային չափումները՝ արտաքին դերակատարների ու գործոնների ներգրավմամբ, անդրադառնում է մայրաքաղաք Ստեփանակերտի և պատմական կենտրոն Շուշիի պատերազմական ու հետպատերազմական կենսագրություններին, դրանց առնչությանը ինքնության և պատկանելության խնդիրներին։ Քննարկվում են նաև հայկական մշակութային ժառանգության ոչնչացման և բռնայուրացման գործնական, քաղաքական ու գաղափարական պրակտիկաները։ Ներկա էին հեղինակները, ԳԱԱ տարբեր կառույցների, այդ թվում՝ ՀԱԻ աշխատակիցներ, ինչպես նաև բազմաթիվ հյուրեր։ Շնորհանդեսը բացեց պ․ գ․ դ․, ՀԱԻ Մշակութային մարդաբանության բաժնի գլխավոր գիտաշխատող Հարություն Մարության-ը՝ կարևորելով նոր լույս տեսած աշխատության գիտական արժեքն ու արդիականությունը։ Գրքի կարևորության և թեմայի հրատապության մասին խոսեցին տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս-թղթակից անդամ Յուրի Սուվարյանը, պ․ գ․ դ․, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ՀԱԻ գիտական ղեկավար Պավել Ավետիսյան-ը, ՀԱԻ գիտաշխատող, պ․ գ․ թ․ Հրանուշ Խառատյան-ը և այլք։ Գրքի ստեղծման ու կայացման ընթացքի, հետազոտական մեթոդաբանության և դաշտային աշխատանքի առանձնահատկությունների մասին մանրամասներ ներկայացրեցին հեղինակները՝ պատասխանելով նաև ներկաների հարցերին։
2026-02-25
ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի ավագ գիտաշխատող, պ.գ.թ. Վիկտորյա Վասիլյանը սույն թվականի փետրվարի 19-20-ը հրավիրված էր Գերմանիայի Դյուսսելդորֆ քաղաքում կայանալիք «Հորիզոն-Եվրոպայի» ծրագրերի նախապատրաստման «Հաջողակ գիտահետազոտական աշխատանք Եվրոպայում 2026-13-րդ եվրոպական միջգիտակարգային» համաժողովին։ Խոսնակը ներկայացրեց ժուրիի կողմից ընտրված «Վիրտուալ հնագիտություն․ Հայաստանը քաղաքակրթությունների և մշակույթների խաչմերուկում» ծրագիրը։
2026-02-23