2026թ․ փետրվարի 19-ին Հնագիտության և ազգագրության ինստիտուտ (ՀԱԻ) ընթերցասրահում, «Բանագիտական քննարկումներ» շարքի շրջանակում, տեղի ունեցավ «Ասլանի վիպերգի բանագիտական քննություն․ սյուժե, մոտիվներ, տարբերակներ և բնագրեր» դասախոսությունը։ Բանախոսությամբ հանդես եկավ բ․գ․թ․, դոցենտ Սամվել Ռամազյանը։ Ներկաներին ողջունեց ՀԱԻ փոխտնօրեն Տորք Դալալյանը՝ կարևորելով թեմայի արդիականությունն ու գիտական արժեքը։ Դասախոսությանը մասնակցում էին ինստիտուտի տարբեր բաժինների աշխատակիցներ, ուսանողներ և թեմայով հետաքրքրվողներ։ Բանախոսը ներկայացրեց «Ասլան աղա» հայ ժողովրդական վիպերգի սյուժեն, մոտիվներն ու տարբերակները՝ անդրադառնալով հերոսի կերպարին՝ որպես ժողովրդի երազած արդար տիրակալի։ Անդրադառնալով վիպերգի գրառման պատմությանը՝ նշվեց, որ այն գրի են առել տարբեր բանահավաքներ՝ Յ․ Շահպազյանը, Գ․ Թարվերդյանը, Կարապետ Մելիք-Օհանջանյանը, Մ․ Աբեղյանը և այլք՝ հիմնականում Մոկաց աշխարհի 75-ամյա Մանուկ Բիձա Հարությունյանի պատմածով։ Երգվող տարբերակը 1920 թ․ գրի է առել Սպիրիդոն Մելիքյանը։ 1937 թ․ «Ասլան Կակլան» վերնագրով պատումը գրի է առել Գ․ Թարվերդյանը՝ Շատախի Ջնուկ գյուղի 68-ամյա հողագործ Ջենդո Ջիբրաելյանի պատմածով։ Թեմայի հետ առնչվում է նաև «Հավատարիմ կնկա հեքիաթը» ժողովրդական ստեղծագործությունը։ Դասախոսության ավարտին տեղի ունեցավ հարցուպատասխան և քննարկում։
2026-02-19
Փետրվարի 12-ին ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի (ՀԱԻ) ընթերցասրահում տեղի ունեցավ 2026 թվականի առաջին թեկնածուական ատենախոսության պաշտպանությունը։ ՀԱԻ-ին կից գործող ԲԿԳԿ 007 «Հնագիտություն և ազգագրություն» մասնագիտական խորհրդի նիստում «Բերդի տարածաշրջանի միջնադարյան ամրաշինական համակարգը» խորագրով ատենախոսությունը ներկայացրեց Տիգրան Ալեքսանի Ալեքսանյանը։ Նիստին ներկա էին ՀԱԻ տնօրեն, պ.գ.դ. Արսեն Բոբոխյանը, ինստիտուտի տարբեր բաժինների աշխատակիցներ, հնագետներ, պատմաբաններ, ուսանողներ և այլ հյուրեր։ Նիստը նախագահում էր Մասնագիտական խորհրդի նախագահ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պ.գ.դ. Պավել Ավետիսյանը։ Մասնագիտական խորհրդի գիտական քարտուղարն էր պ.գ.դ. Արսեն Հարությունյանը։ Ատենախոսության գիտական ղեկավարն էր պ.գ.թ. Դիաննա Միրիջանյանը։ Պաշտոնական ընդդիմախոսներն էին պ.գ.դ., պրոֆեսոր Համլետ Պետրոսյանը և պ.գ.թ. Արմինե Զոհրաբյանը։ Առաջատար կազմակերպությունն էր Երևանի պետական համալսարանը։ Ատենախոսությունը նվիրված էր Բերդի (նախկին Շամշադինի, ապա՝ Տավուշի շրջան, ներկայում՝ Բերդ խոշորացված համայնք) միջնադարյան ամրաշինական կառույցների և պաշտպանական համակարգերի ուսումնասիրությանը։ Տարածաշրջանը գտնվում է ՀՀ հյուսիսարևելյան հատվածում։ Նիստի ընթացքում Տիգրան Ալեքսանյանը ներկայացրեց աշխատանքի ընդհանուր բովանդակությունը, նպատակն ու խնդիրները՝ նշելով, որ առաջին անգամ փորձ է արվել համակարգված կերպով ուսումնասիրել և ներկայացնել տարածաշրջանի միջնադարյան ամրաշինական կառույցները, դրանց վերաբերյալ առկա տվյալները և հետազոտողների տեսակետները։ Միաժամանակ խնդիր է դրվել ուսումնասիրել խնդրո առարկա հուշարձանների կառուցման սկզբունքները, շինարարական փուլերը, ժամանակագրությունը և պատմական զարգացումը։ Ատենախոսության շրջանակում առաջին անգամ գիտական շրջանառության մեջ են դրվել քննարկվող հուշարձանների լուսանկարներ, գրչանկարներ, չափագրություններ, ինչպես նաև պեղումների ընթացքում հայտնաբերված մեծաքանակ հնագիտական նյութեր։ Ելույթ ունեցան Պավել Ավետիսյանը, Արսեն Հարությունյանը, Դիաննա Միրիջանյանը, պաշտոնական ընդդիմախոսները և ներկա գիտնականները։ Գաղտնի քվեարկության արդյունքում գիտխորհրդի հանձնախմբի 9 անդամները միաձայն կողմ քվեարկեցին ատենախոսությանը, և Տիգրան Ալեքսանյանին շնորհվեց պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
2026-02-12
Սույն թվականի հունվարի 21–24-ը ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Սփյուռքի ուսումնասիրության բաժնի գիտաշխատողներ՝ ասպիրանտներ Սալվինե Մարկոսյանը, Մարիամ Հարությունյանը և պ.գ.թ. Նելլի Խաչատուրյանը, ուսումնասիրություններ իրականացնելու նպատակով այցելել են Ստամբուլ։ Այցի շրջանակում տեղի են ունեցել հանդիպումներ «Ակօս» թերթի խմբագրատանը, «Արաս» հրատարակչությունում և «Եսայան» միությունում, իրականացվել է տվյալների նախնական հավաքագրում: Այցելությունը հիմք է հանդիսանալու Սալվինե Մարկոսյանի՝ «Ստամբուլահայերի համայնքային կյանքը` ըստ «Ակօս», «Ժամանակ» և «Նոր Մարմարա» թերթերի» թեմայով ատենախոսական թեզի շրջանակում հետագա ուսումնասիրություններ իրականացնելու համար։ Այցն իրականացվել է Գյուլբենկյան հիմնադրամի աջակցությամբ։
2026-01-30
Դեկտեմբերի 12-ին ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի (ՀԱԻ) գրադարանում տեղի ունեցավ ինստիտուտի 2025 թ. տարեկան ժողովը, որի ընթացքում ամփոփվեցին մեկ տարվա գործունեության հիմնական արդյունքներն ու ձեռքբերումները։ Ինստիտուտի 2025 թ. ընթացքում իրականացված գիտական, կրթական և կազմակերպչական աշխատանքների հաշվետվությամբ հանդես եկավ ՀԱԻ տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Արսեն Բոբոխյանը։ Ժողովին ավարտին ելույթով հանդես եկան տնտեսագիտության դոկտոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս-թղթակից անդամ Յուրի Սուվարյանը և պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ՀԱԻ գիտական ղեկավար Պավել Ավետիսյանը՝ բարձր գնահատելով Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գործունեությունը, արձանագրած արդյունքներն ու զարգացման միտումները։ Ներկաները նաև հարցեր ուղղեցին Ա. Բոբոխյանին՝ անդրադառնալով իրականացված ծրագրերին, առկա խնդիրներին և առաջիկա ռազմավարական առաջնահերթություններին։
2025-12-12
Դեկտեմբերի 1-ին ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի ընթերցասրահում կայացավ Արցախի պատմամշակութային ժառանգության հետազոտության խմբի հերթական սեմինարը։ «Հուշարձանների մշտադիտարկման խնդիրները Արցախի մշակութային ժառանգության օրինակով» թեմայով դասախոսությամբ հանդես եկավ խմբի անդամ Համազասպ Աբրահամյանը։ Սեմինարին մասնակցում էին խմբի անդամները՝ խմբի ղեկավար պ. գ. դ., պրոֆեսոր Համլետ Պետրոսյանի գլխավորությամբ, ինչպես նաև թեմայով հետաքրքրվող այլ մասնակիցներ։ Սեմինարի ավարտին տեղի ունեցավ քննարկում, որի ընթացքում ներկաները հարցեր ուղղեցին բանախոսին։
2025-12-02
Նոյեմբերի 20–22-ը Բուլղարիայի Բլագոևգրադ քաղաքի հարավարևմտյան «Նեոֆիտ Ռիլսկի» համալսարանի Բալկանյան ուսումնասիրությունների և մասնագիտացումների միջազգային համալսարանական սեմինարը կլոր սեղանի շուրջ համախմբեց տարբեր երկրների գիտնականների «Religion and Religiosity – The Balkans and the Black Sea Region» թեմայով։ Միջոցառումը նման ձևաչափով անցկացվող արդեն 35-րդ ֆորումն էր։ Սեմինարը միավորեց Հայաստանից, Վրաստանից, Հյուսիսային Մակեդոնիայից, Ռումինիայից, Սլովենիայից, Ճապոնիայից, Կոսովոյից և Բուլղարիայից ժամանած հետազոտողների, ովքեր քննարկեցին կրոնի դերը պատմական, մշակութային, սոցիալական և քաղաքական համատեքստերում։ Կլոր սեղանին մասնակցեցին ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Սփյուռքի ուսումնասիրության բաժնի գիտաշխատողներ՝ պ.գ.թ. Նելլի Խաչատուրյանը, Սալվինե Մարկոսյանը և Մարիամ Հարությունյանը։ Մասնակիցները ներկայացրեցին «Ethnic Spaces, Social Institutions, and the Intergenerational Transmission of Religiosity in Diaspora» վերտառությամբ զեկուցումը:
2025-11-27