Հնագիտության և ազգագրության ինստիտուտ

Իրադարձություններ

Արմինե Տիգրանյանը պաշտպանեց «Մշակութային ժառանգության պահպանությունը. տեսական մոտեցումները, միջազգային փորձը և Արցախի մշակութային ժառանգության պահպանության խնդիրները» խորագրով թեկնածուական ատենախոսությունը

Արմինե Տիգրանյանը պաշտպանեց «Մշակութային ժառանգության պահպանությունը. տեսական մոտեցումները, միջազգային փորձը և Արցախի մշակութային ժառանգության պահպանության խնդիրները» խորագրով թեկնածուական ատենախոսությունը

Մարտի 20-ին ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտում տեղի ունեցավ Թ․ 00․ 06․ «Մշակութաբանություն» մասնագիտությամբ պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի հայցման ատենախոսություն։ ՀԱԻ_ին կից գործող ԲԿԳԿ 007 մասնագիտական խորհրդի նիստին «Մշակութային ժառանգության պահպանությունը. տեսական մոտեցումները, միջազգային փորձը և Արցախի մշակութային ժառանգության պահպանության խնդիրները» խորագրով թեկնածուական ատենախոսության պաշտպանությամբ հանդես եկավ ԵՊՀ պատմության ֆակուլտետի Մշակութաբանության ամբիոնի գիտաշխատող Արմինե Տիգրանյանը։ Ներկա էին ՀԱԻ տնօրեն Արսեն Բոբոխյանը, տարբեր բաժինների աշխատակիցներ, ուսանողներ, թեմայով հետաքրքրվողներ։ Ատենախոսության առաջատար կազմակերպությունն է ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտը։ ՀԱԻ կից գործող ԲԿԳԿ 007 մասնագիտական խորհրդի նիստի նախագահ պ․ գ․ դ․, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Պավել Ավետիսյանը կարևորեց ատենախոսության թեման և բացեց նիստը։ Ներկաներին ողջունեց Մասնագիտական խորհրդի գիտական քարտուղար Արսեն Հարությունյանը` նշելով, որ ատենախոսության թեման հաստատվել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի գիտական խորհրդի նիստում։ Գիտական ղեկավարն է պ․ գ․ դ․, պրոֆեսոր Համլետ Պետրոսյանը, պաշտոնական ընդդիմախոսներն են բ․ գ․ դ․, դոցենտ Թամար լազարի Հայրապետյանը և պ․ գ․ թ․, դոցենտ Արսեն Աշոտի Հակոբյանը։ Ատենախոս Ա․ Տիգրանյանը, ներկայացնելով աշխատանքը, տեղեկացրեց, որ Արցախի Հանրապետության տարածքում 2020թ․ սեպտեմբերի տվյալներով գրանցված է 4000 հուշարձան, որոնց մեծ մասը 4-19-րդ դարերի հայկական քրիստոնեական ժառանգություն է։ Ա. Տիգրանյանը նշեց, որ հետազոտության նպատակն է եղել ուսումնասիրել մշակութային ժառանգության պահպանության տեսական մոտեցումները, միջազգային փորձը (ժառանգության պահպանությանը միտված միջազգային կոնվենցիաները, հռչակագրերը, կանոնակարգերը, ոլորտի միջազգային կառույցների ընդհանուր քաղաքականությունը, բանաձևերը, որոշումները և այլն ), որպեսզի վեր հանվի Արցախի մշակութային ժառանգության պահպանության արդի խնդիրները և գտնվի ժառանգության հնարավոր պաշտպանության մեխանիզմները։ Հետազոտության գիտական նորույթը, ըստ ատենախոսի, երկուսն են՝ Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության դիտարկումն է մշակութային ժառանգության լայն հայեցակարգի համապարփակ շրջանակի ներքո և մշակութային ժառանգության ոչնչացումները, պատերազմական հանցագործությունները, մշակութային ցեղասպանությունը, էթնիկ զտումները ու տեղահանությունը որպես մեկ համակարգ դիտարկելը։ Ներկայացրեց հետազոտության տեսական հիմքն ու մեթոդաբանությունը, աշխատանքի գործնական նշանակությունը, թեմայի ուսումնասիրությունը և ատենախոսության հիմնական բովանդակությունը։ Այնուհետև ելույթ ունեցան գիտական ղեկավարը, ընդդիմախոսները։ Ըստ ընդդիմախոսների՝ աշխատանքում կան որոշակի բացթողումներ, սակայն դրանք էական ազդեցություն չեն թողնում, ատենախոսության պաշտպանության վրա։   Ելույթներից հետո եղավ քվեարկություն, և Մասնագիտական խորհրդի միաձայն որոշմամբ Ա․ Տիգրանյանին շնորհվեց պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։  

2025-03-20

ՀԱԻ-ում  տեղի ունեցավ «Հնագիտական պեղումների փաստագրման նորագույն հնակենսաբանական մեթոդները» խորագրով  աշխատաժողովը

ՀԱԻ-ում տեղի ունեցավ «Հնագիտական պեղումների փաստագրման նորագույն հնակենսաբանական մեթոդները» խորագրով աշխատաժողովը

ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտում (ՀԱԻ) մարտի 17-ին տեղի ունեցավ «Հնագիտական պեղումների փաստագրման նորագույն հնակենսաբանական մեթոդները» խորագրով աշխատաժողովը։ ՀԱԻ Հնակենսաբանության և էթնոկենսաբանության գիտահետազոտական խմբի նախաձեռնությամբ կազմակերպված աշխատաժողովին ներկա էին ՀԱԻ տնօրեն Արսեն Բոբոխյանը, տարբեր բաժինների աշխատակիցներ, ուսանողներ, թեմայով հետաքրքրվողներ։ Ներկաներին ողջունեց ու աշխատաժողովը բացեց Հնակենսաբանության և էթնոկենսաբանության գ/հ խմբի ղեկավար Ռոման Հովսեփյանը։ Բանախոսությամբ հանդես եկավ Հասմիկ Սիմոնյանը, ով երկար տարիներ զբաղվում է հնագիտական պեղումների ընթացքում կիրառվող հնամարդաբանական նյութերի հետազոտության կենսահնագիտական մեթոդների ուսումնասիրությամբ։ Վերջինիս իր խոսքում ընդգծեց. «Կենսահնագիտությունը նոր զարգացող գիտաճյուղ է և սկիզբ է առել նախորդ դարի 70-ական թթ-ին։ Եզրույթն առաջին անգամ օգտագործվել է բրիտանացի հնագետ Գ. Քլարկի կողմից 1972 թ.՝ վերաբերելով հնավայրերից հայտնաբերված կենդանական ոսկորների ուսումնասիրությանը»։ Բանախոսն անդրադարձավ նաև 1977թ․ ամերիկացի հնամարդաբան Ջ․ Բուիկստրայի կողմից «Կենսահնագիտություն» եզրույթին։ Այն ներկայացվել է որպես հնագիտական հուշարձաններից հայտնաբերված մարդկային մնացորդների գիտական ուսումնասիրությամբ զբաղվող գիտակարգ, որը այլ երկրներում հայտնի էր «Ոսկրահնագիտություն կամ հնաոսկրաբանություն» անվամբ։ Գիտակարգն աշխատում է ոչ միայն կմախքի չափագրական, այլև հիմնականում սեռատարիքային և հնաախտաբանական հատկանիշների հետ, հիմքում ունենալով ֆիզիոլոգիական սթրեսի տեսությունը: Աշխատաժողովի ընթացքում և ավարտին ներկաները հարցեր ուղղեցին բանախոսին։

2025-03-17

ՀԱԻ-ում կայացավ «Կարասային թաղումների մշակույթը և քրիստոնեական սրբերի մասունքների փնտրտուքները վաղ միջնադարում» խորագրով սեմինարը

ՀԱԻ-ում կայացավ «Կարասային թաղումների մշակույթը և քրիստոնեական սրբերի մասունքների փնտրտուքները վաղ միջնադարում» խորագրով սեմինարը

Մարտի 17-ին ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի ընթերցասրահում կայացավ Արցախի պատմամշակութային ժառանգության հետազոտության խմբի սեմինարը։ «Կարասային թաղումների մշակույթը և քրիստոնեական սրբերի մասունքների փնտրտուքները վաղ միջնադարում» բանախոսությամբ հանդես եկավ խմբի ղեկավար, պ.գ.դ., պրոֆեսոր Համլետ Պետրոսյանը։ Իր ելույթում Հ․ Պետրոսյանը, ով երկար տարիներ աշխատել է Արցախում, հատկապես՝ Տիգրանակերտ հնավայրում, նշեց․ «5-6-րդ դարերում, երբ քրիստոնեական եկեղեցիները ստեղծում էին Քրիստոսի, նրա աշակերտների ու Երուսաղեմի հետ կապերի մասին առասպելները, էական դերակատարում են ձեռք բերում այդ կապերի նյութեղեն «ապացույցները» (կենաց փայտի մասունքներ, սրբերի ոսկորներ, արյուն, սրբազան ձեթ, ջուր և այլն)»։ Տեղեկացրեց նաև նշված առասպելների մասին կան նաև մատենագիտական շատ տեղեկություններ վաղմիջնադարի հայ մի շարք պատմիչների մոտ։ Բանախոսության նպատակն էր՝ մատենագրական տեղեկությունները համադրել հնագիտական իրողությունների հետ և առաջ քաշել այն հիպոթեզը, որ սրբերի մասունքների համար հիմնական նյութական աղբյուր են ծառայել մինչքրիստոնեական զանազան տիպի և հատկապես կարասային թաղումները։ 

2025-03-17

Ներկայացվեց «Վարդավառից Պայծառակերպություն» գրքի նախնական տարբերակը

Ներկայացվեց «Վարդավառից Պայծառակերպություն» գրքի նախնական տարբերակը

ՀՀ ԳԱՀ Հնագիտության և ազգագրության ինստուտի (ՀԱԻ) Սոցիալական գործընթացների և ինստիտուտների մարդաբանության բաժնում  մարտի 10-ին տեղի ունեցավ հերթական սեմինարը։ Բաժնի գիտաշխատող Հասմիկ Աբրահամյանը ներկայացրեց իր հեղինակած «Վարդավառից Պայծառակերպություն» գրքի նախնական տարբերակը։ Ներկա էին նույն բաժնի աշխատակիցները։ Բաժնի վարիչ Միհրան Գալստյանը ողջունեց ներկաներին, կանանց շնորհավորեց իրենց տոնի առթիվ։ Հ․ Աբրահամյանը ներկայացրեց ապագա գիրքը՝ տեղեկացնելով այն նվիրված է հայ ազգային տոներից մեկին՝ Վարդավառին։ Նշեց՝ գիրքը հիմնականում կազմված է 3 գլխից և երկար տարիների ուսումնասիրությունների արդյունք է։ Վերջում եղավ քննարկում, ներկաները հարցեր ուղղեցին հեղինակին, եղան առաջարկներ, հուշումներ տոնի կայացման, ժամանակի, անվան, խորհրդի և այլ հարցերի շուրջ։ Սեմինարը եզրափակեց Մ․ Գալստյանը։

2025-03-10

Գիտակազմակերպչական խմբի ղեկավար, պ.գ.թ. Վիկտորյա Վասիլյանը Գերմանիայում ներկայացրեց երկու զեկուցում

Գիտակազմակերպչական խմբի ղեկավար, պ.գ.թ. Վիկտորյա Վասիլյանը Գերմանիայում ներկայացրեց երկու զեկուցում

Մարտի 6-7-ը Գերմանիայի Դյուսսելդորֆ քաղաքում կայացավ «Հորիզոն-Եվրոպայի» ծրագրերի նախապատրաստման «Հաջողակ գիտահետազոտական աշխատանք Եվրոպայում 2025-12-րդ եվրոպական միջգիտակարգային» համաժողովը, որին մասնակցում էր նաեւ մեր ինստիտուտը։ Գիտակազմակերպչական խմբի ղեկավար, պ.գ.թ. Վիկտորյա Վասիլյանը ներկայացրեց երկու զեկուցում՝ «Մշակութային ժառանգություն. մետամորֆոզներ և մետավերսներ վիրտուալ թանգարաններում» եւ «Վիրտուալ հնագիտության հեռանկարները Հայաստանում»։

2025-03-07

Կայացավ «Դիտարկումներ Բերդի տարածաշրջանի միջնադարյան ամրաշինական համակարգի շուրջ» բանախոսությունը

Կայացավ «Դիտարկումներ Բերդի տարածաշրջանի միջնադարյան ամրաշինական համակարգի շուրջ» բանախոսությունը

Փետրվարի 28-ին ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի (ՀԱԻ) ընթերցասրահում «Միջնադարագիտական քննարկումներ» խորագրով սեմինարների շրջանակում կայացավ հերթական բանախոսությունը՝ նվիրված հայ միջնադարյան ամրոցներին։ Հնագետ Տիգրան Ալեքսանյանը, ով պեղումներ է իրականացրել Բերդ քաղաքում գտնվող Տավուշ ամրոցում, հանդես եկավ «Դիտարկումներ Բերդի տարածաշրջանի միջնադարյան ամրաշինական համակարգի շուրջ» բանախոսությամբ։ Նա ներկայացրեց տարածաշրջանի հինգ ամրաշինական կառույցները։

2025-02-28