Հնագիտության և ազգագրության ինստիտուտ

Իրադարձություններ

ՀԱԻ-ում կայացավ «Կարասային թաղումների մշակույթը և քրիստոնեական սրբերի մասունքների փնտրտուքները վաղ միջնադարում» խորագրով սեմինարը

ՀԱԻ-ում կայացավ «Կարասային թաղումների մշակույթը և քրիստոնեական սրբերի մասունքների փնտրտուքները վաղ միջնադարում» խորագրով սեմինարը

Մարտի 17-ին ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի ընթերցասրահում կայացավ Արցախի պատմամշակութային ժառանգության հետազոտության խմբի սեմինարը։ «Կարասային թաղումների մշակույթը և քրիստոնեական սրբերի մասունքների փնտրտուքները վաղ միջնադարում» բանախոսությամբ հանդես եկավ խմբի ղեկավար, պ.գ.դ., պրոֆեսոր Համլետ Պետրոսյանը։ Իր ելույթում Հ․ Պետրոսյանը, ով երկար տարիներ աշխատել է Արցախում, հատկապես՝ Տիգրանակերտ հնավայրում, նշեց․ «5-6-րդ դարերում, երբ քրիստոնեական եկեղեցիները ստեղծում էին Քրիստոսի, նրա աշակերտների ու Երուսաղեմի հետ կապերի մասին առասպելները, էական դերակատարում են ձեռք բերում այդ կապերի նյութեղեն «ապացույցները» (կենաց փայտի մասունքներ, սրբերի ոսկորներ, արյուն, սրբազան ձեթ, ջուր և այլն)»։ Տեղեկացրեց նաև նշված առասպելների մասին կան նաև մատենագիտական շատ տեղեկություններ վաղմիջնադարի հայ մի շարք պատմիչների մոտ։ Բանախոսության նպատակն էր՝ մատենագրական տեղեկությունները համադրել հնագիտական իրողությունների հետ և առաջ քաշել այն հիպոթեզը, որ սրբերի մասունքների համար հիմնական նյութական աղբյուր են ծառայել մինչքրիստոնեական զանազան տիպի և հատկապես կարասային թաղումները։ 

2025-03-17

Ներկայացվեց «Վարդավառից Պայծառակերպություն» գրքի նախնական տարբերակը

Ներկայացվեց «Վարդավառից Պայծառակերպություն» գրքի նախնական տարբերակը

ՀՀ ԳԱՀ Հնագիտության և ազգագրության ինստուտի (ՀԱԻ) Սոցիալական գործընթացների և ինստիտուտների մարդաբանության բաժնում  մարտի 10-ին տեղի ունեցավ հերթական սեմինարը։ Բաժնի գիտաշխատող Հասմիկ Աբրահամյանը ներկայացրեց իր հեղինակած «Վարդավառից Պայծառակերպություն» գրքի նախնական տարբերակը։ Ներկա էին նույն բաժնի աշխատակիցները։ Բաժնի վարիչ Միհրան Գալստյանը ողջունեց ներկաներին, կանանց շնորհավորեց իրենց տոնի առթիվ։ Հ․ Աբրահամյանը ներկայացրեց ապագա գիրքը՝ տեղեկացնելով այն նվիրված է հայ ազգային տոներից մեկին՝ Վարդավառին։ Նշեց՝ գիրքը հիմնականում կազմված է 3 գլխից և երկար տարիների ուսումնասիրությունների արդյունք է։ Վերջում եղավ քննարկում, ներկաները հարցեր ուղղեցին հեղինակին, եղան առաջարկներ, հուշումներ տոնի կայացման, ժամանակի, անվան, խորհրդի և այլ հարցերի շուրջ։ Սեմինարը եզրափակեց Մ․ Գալստյանը։

2025-03-10

Գիտակազմակերպչական խմբի ղեկավար, պ.գ.թ. Վիկտորյա Վասիլյանը Գերմանիայում ներկայացրեց երկու զեկուցում

Գիտակազմակերպչական խմբի ղեկավար, պ.գ.թ. Վիկտորյա Վասիլյանը Գերմանիայում ներկայացրեց երկու զեկուցում

Մարտի 6-7-ը Գերմանիայի Դյուսսելդորֆ քաղաքում կայացավ «Հորիզոն-Եվրոպայի» ծրագրերի նախապատրաստման «Հաջողակ գիտահետազոտական աշխատանք Եվրոպայում 2025-12-րդ եվրոպական միջգիտակարգային» համաժողովը, որին մասնակցում էր նաեւ մեր ինստիտուտը։ Գիտակազմակերպչական խմբի ղեկավար, պ.գ.թ. Վիկտորյա Վասիլյանը ներկայացրեց երկու զեկուցում՝ «Մշակութային ժառանգություն. մետամորֆոզներ և մետավերսներ վիրտուալ թանգարաններում» եւ «Վիրտուալ հնագիտության հեռանկարները Հայաստանում»։

2025-03-07

Կայացավ «Դիտարկումներ Բերդի տարածաշրջանի միջնադարյան ամրաշինական համակարգի շուրջ» բանախոսությունը

Կայացավ «Դիտարկումներ Բերդի տարածաշրջանի միջնադարյան ամրաշինական համակարգի շուրջ» բանախոսությունը

Փետրվարի 28-ին ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի (ՀԱԻ) ընթերցասրահում «Միջնադարագիտական քննարկումներ» խորագրով սեմինարների շրջանակում կայացավ հերթական բանախոսությունը՝ նվիրված հայ միջնադարյան ամրոցներին։ Հնագետ Տիգրան Ալեքսանյանը, ով պեղումներ է իրականացրել Բերդ քաղաքում գտնվող Տավուշ ամրոցում, հանդես եկավ «Դիտարկումներ Բերդի տարածաշրջանի միջնադարյան ամրաշինական համակարգի շուրջ» բանախոսությամբ։ Նա ներկայացրեց տարածաշրջանի հինգ ամրաշինական կառույցները։

2025-02-28

ՀԱԻ-ում տեղի ունեցավ «Թրքալեզու հայկական վիպերգերը հայոց մեջ․ դասթան-տեսթան» խորագրով բանախոսությունը

ՀԱԻ-ում տեղի ունեցավ «Թրքալեզու հայկական վիպերգերը հայոց մեջ․ դասթան-տեսթան» խորագրով բանախոսությունը

Փետրվարի 20-ին ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի (ՀԱԻ) Բանագիտության բաժնի կողմից` «Բանագիտական քննարկումներ»-ի շրջանակում, տեղի ունեցավ «Թրքալեզու հայկական վիպերգերը հայոց մեջ․ դասթան-տեսթան» բանախոսությունը, որը վարեց պ․գ․դ․ Յակոբ Չոլաքեանը։ Բանախոսին ներկայացրեց ՀԱԻ փոխտնօրեն Տորք Դալալյանը՝ նշելով, որ ներկայացվող նյութն առաջին անգամ է հետազոտության ենթարկվում, հագեցած է պատմական, գրականագիտական, ազգագրական և բանագիտական տարրերով։ Բանախոսությունն ավարտվեց ակտիվ քննարկումով։

2025-02-20

Խորեն Գրիգորյանը ներկայացրեց «Լիբանանի Այնճար բնակավայրի հայ բնակչության ինքնության փոխակերպումները» խորագրով ատենախոսությունը

Խորեն Գրիգորյանը ներկայացրեց «Լիբանանի Այնճար բնակավայրի հայ բնակչության ինքնության փոխակերպումները» խորագրով ատենախոսությունը

Փետրվարի 18-ին ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի (ՀԱԻ) ընթերցասրահում կայացավ 2025թ․ առաջին թեկնածուական ատենախոսության պաշտպանությունը: ՀԱԻ կից գործող ԲԿԳԿ 007 «Հնագիտություն և ազգագրություն» մասնագիտական խորհրդի նիստին «Լիբանանի Այնճար բնակավայրի հայ բնակչության ինքնության փոխակերպումները» խորագրով ատենախոսությունը ներկայացրեց Խորեն Գրիգորյանը։ Մասնագիտական խորհրդի նախագահ, պ․ գ․ դ․, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Պավել Ավետիսյանը ողջունեց ներկաներին, ապա ներկայացվեց Խ․ Գրիգորյանի կենսագրականը։ Նիստին ներկա էին ՀԱԻ տնօրեն, պ․ գ․ դ․ Արսեն Բոբոխյանը, տարբեր բաժիների աշխատակիցներ, ուսանողներ, թեմայով հետաքրքրվողներ։ Ատենախոսությունը ներկայացրեց Խ․ Գրիգորյանը։ Այս աշխատանքի արդիականությունը պայմանավորված է ի թիվս այլ հայկական խմբային ինքնությունների ձևավորումների քննության փորձերի, Լիբանանի Այնճար գյուղի հայ բնակչության պատմական և ընթացիկ լոկալ ինքնության զարգացումների, փոխակերպումների և դրանց եզրութաբանական ձևակերպումների վելուծության բացակայությամբ: Ատենախությունում քննարկող թեմայի մասնավոր ուսումնասիրությունը հնարավորություն կտա հասկանալ Այնճարի բնակչության անցյալի ընդհանրության մասին գիտելիքի և ինքնության վրա ազդեցության, գաղթի, նոր վայրում հաստատման, քաղաքական և սոցիալական առաջնորդների՝ խմբի ինքության կառուցման գործընթացում ներդրված ջանքերի և առհասարակ ինքնության էվոլուցիոն և կառուցաբանական (կոնստրուկցիոնիստական) ջանքերի արդյունքները: Ատենախոսի ելույթից հետո աշխատանքի մասին խոսք ասացին պաշտոնական ընդիմախոսները՝ պ.գ.դ. Հակոբ Չոլաքյանը և պ.գ.թ. Լուսինե Տանաջյանը։ Նշեցին՝ ատենախոսությունում կան որոշակի բացթողումներ, տեխնիկական հարցեր, սակայն գիտական առումով այն նոր խոսք է ներկայացնում։ Ատենախոսն իր խոսքում ընդունեց նշված թերացումները՝ նշելով հետագայում կաշխատեն համատեղ՝ լրացնելու բացթողումները։ Ելույթ ունեցավ նաև ատենախոսության գիտական ղեկավար՝ պ. գ. թ. Հրանուշ Խառատյանը՝ կարևորելով աշխատանքը։ Ատենախոսության մասին Առաջատար կազմակերպության՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կարծիքն ընթերցեց ՀԱԻ-ն կից գործող ԲԿԳԿ 007 «Հնագիտություն և ազգագրություն» մասնագիտական խորհրդի գիտքարտուղար Արսեն Հարությունյանը։ Ընթացքում եղան այլ ելույթներ, դիտարկումներ, առաջարկներ։ Փակ քվեարկությամբ հանձնաժողովի անդամները կողմ քվեարկեցին, և Խորհրդի որոշմամբ Խ․ Գրիգորյանին շնորհվեց պատմական գիտությունների թեկնածուի աստիճան։      

2025-02-19