Այս օրերին ՀՀ Արագածոտնի մարզի Թալինի տարածաշրջանի Արագածավան գյուղի վարչական տարածքում գտնվող բլուրների վրա ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի (ՀԱԻ) արշավախումբը՝ Վաղ հնագիտության բաժնի գիտաշխատող, պ․գ․թ․ Մարիամ Շախմուրադյանի ղեկավարությամբ, իրականացնում է հնագիտական պեղումներ։ Բլուրներից մեկի վրա բացվել է տարածքի ամրոցի ծիսական հատվածը։ Թալինի տարածաշրջանը հարուստ է պատմական հնավայրերով, ինչը վկայում է, որ հազարամյակներ շարունակ այստեղ մարդն ապրել ու արարել է։ Առավել շատ են նախաքրիստոնեական շրջանի հուշարձանները՝ բնակատեղիներ, ամրոցներ, մեգալիթյան աշտարակներ, դամբարանադաշտեր, այսպես կոչված «անապատի օդապարուկներ», ինչպես նաև այլ ծիսական ու պաշտպանական կառույցների ավերակներ։ Ինչպես տեղեկացրեց արշավախմբի անդամ, հնագետ Լևոն Մկրտչյանը, տարածքում մ. թ. ա. 1-ին հազարամյակում գոյություն է ունեցել ամրոց-բնակատեղի, որի հոգևոր-ծիսական սրբավայրում էլ իրականացվում են պեղումները։ Այն ուղղանկյուն, մոտ 16 քմ մակերեսով քարակերտ հոծ կառույց է։ Նմանատիպ կառույցներ հայտնի են նաև Արմավիրի և Շիրակի տարածաշրջաններից։ Պեղումների արդյունքում բացվել են կառույցի պատերը, որոնք որոշ հատվածներում հասնում են ավելի քան 2 մ բարձրության։ Դրանք կառուցված են կոպտամշակված բազալտե քարերով։ Բլրի լանջերին և ստորոտում պահպանվել են դամբարաններ ու բնակատեղիներ։
2025-11-18
Նոյեմբերի 5-ին ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի (ՀԱԻ) գրադարանում կայացավ հետաքրքիր դասախոսություն՝ նվիրված IBM Research Brazil-ի և Սան Պաուլոյի համալսարանի համագործակցության արդյունք Եգատու թվային նախագծին։ Դասախոսության սկզբում անդրադարձ կատարվեց բնիկ ժողովուրդների վտանգված լեզուների պահպանության խնդրին, որի համատեքստում կարևորվեց նաև Արցախի բարբառի պահպանության անհրաժեշտությունը՝ որպես ոչ նյութական մշակութային ժառանգության կարևոր բաղադրիչ։ «Ճգնաժամ և հիշողություն․ թվանշային բանավոր պատմությունների լաբորատորիա» շարքի երկրորդ դասախոսությունն անցկացրեց Սան Պաուլոյի համալսարանի Արհեստական բանականության կենտրոնի փոխտնօրեն, IBM Research Brazil-ի լաբորատորիայի գլխավոր հետազոտող, դոկտոր, պրոֆեսոր Կլաուդիո Պինհանեսը։ Դասախոսությանը ներկա էին ՀԱԻ տարբեր բաժինների աշխատակիցներ, ուսանողներ և թեմայով հետաքրքրված անձինք։ Միջոցառումը կայացավ անգլերեն՝ հայերեն համաժամանակյա թարգմանությամբ։ Բանախոսը նշեց, որ իրենց հիմնական խնդիրներից է Բրազիլիայի անտառների պահպանությունը, իսկ այդ գործը դարեր շարունակ իրականացնում են հենց տեղական բնիկ համայնքները՝ շարունակելով ավանդական ծառատունկի և բնապահպանական պրակտիկաների մշակույթը։ Նա ներկայացրեց հարավային Ամերիկայի՝ մասնավորապես Ամազոնի բնիկ համայնքներում իրականացվող թվային նախագծերը, որոնք ուղղված են համայնքների ներգրավվածությանը և մշակութային ինքնության պահպանմանը։ Պրոֆեսոր Պինհանեսը նաև ներկայացրեց IBM Research-ի և Սան Պաուլոյի համալսարանի համատեղ նախագիծը, որը նա ղեկավարում է 2022 թվականից։ Նախագիծը կիրառում է թվային և արհեստական բանականության գործիքներ՝ ուղղագրական ստուգիչներ, հաջորդ բառի կանխատեսման համակարգեր և բառարաններ՝ խթանելու անհետացման վտանգի տակ գտնվող բնիկ լեզուների օգտագործումը։ Նախաձեռնությունը կենտրոնացած է բրազիլական բնիկ ժողովուրդների լեզուների փաստաթղթավորման և կենսունակության բարձրացման վրա։ Լուսանկարներով և տեսահոլովակներով ցուցադրվեցին Ամազոնի Բարե ազգության հետ իրականացվող աշխատանքները, մասնավորապես՝ երկու համայնքներում 2025 թ. հուլիսին տեղակայված թվային լսարանների ստեղծումը։ Լսարանների անխափան աշխատանքը ապահովվում է արևային էներգիայի կիրառմամբ։ Դասախոսությունից հետո տեղի ունեցավ հարց ու պատասխան, ինչպես նաև քննարկում։
2025-11-06
Սույն թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Սփյուռքի ուսումնասիրության բաժնի ավագ գիտաշխատող, պ.գ.թ. Սոնա Ներսիսյանը իրականացրել է հետազոտական այց Արգենտինայի Հանրապետություն՝ տեղում դաշտային ուսումնասիրություններ անցկացնելու նպատակով։ Դաշտային աշխատանքները, որոնք իրականացվել են մի շարք հետազոտական մեթոդներով, ընդգրկել են Բուենոս Այրես, Կորդովա, Վիլյա Կառլոս Պաս քաղաքները, ինչպես նաև դրանց արեւելյան և արվարձանային մի շարք բնակավայրեր։ Այցի շրջանակում կազմակերպվել են հանդիպումներ և խորացված հարցազրույցներ համայնքային կառույցների պատասխանատուների, հայագիտական ամբիոնների ներկայացուցիչների, ինչպես նաև համայնքային կյանքում ներգրավված և չներգրավված անձանց հետ։ Բացի դրանից, փաստագրական արձանագրման են ենթարկվել հայկական հուշարձաններ, կոթողներ և համայնքային միջոցառումներ։
2025-11-04
Հոկտեմբերի 30-ին ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի (ՀԱԻ) ընթերցասրահում ՀԱԻ կից գործող ԲԿԳԿ 007 «Հնագիտություն և ազգագրություն» մասնագիտական խորհրդի նիստում տեղի ունեցավ ՀԱԻ վիմագրության բաժնի ղեկավար, պ.գ.թ. Արսեն Հարությունյանի «Միջնադարյան Տաթևը և նրա գրավոր մշակութային ժառանգությունը» թեմայով դոկտորական ատենախոսության պաշտպանությունը։ Միջոցառմանը ներկա էին ՀԱԻ տնօրեն Արսեն Բոբոխյանը, ինստիտուտի տարբեր բաժինների աշխատակիցներ, թեմայով հետաքրքրվող գիտնականներ ու ուսանողներ։ Ատենախոսության թեման հաստատվել է ՀՀ ԳԱԱ ՀԱԻ գիտական խորհրդի նիստում։ Մասնագիտական խորհրդի գիտական քարտուղարն է պ.գ.դ. Երվանդ Գրեկյանը։ Պաշտոնական ընդդիմախոսներն էին պ.գ.դ., պրոֆեսորներ Կարեն Մաթեւոսյանը, Համլետ Պետրոսյանը և Արման Եղիազարյանը։ Առաջատար կազմակերպությունն էր Երևանի պետական համալսարանը։ Ատենախոսությունը նվիրված է Սյունիքի հոգևոր-մշակութային կարևոր կենտրոն՝ Տաթևի վանքին, ինչպես նաև վանքապատկան մոտակա գյուղատեղերի պատմական նկարագրին ու դրանց գրավոր ժառանգության համալիր ուսումնասիրմանը։ Աշխատությունը բաղկացած է ներածությունից, «Տաթևի վանական համալիրը և վիմական արձանագրությունները», «Տաթևի վանքը՝ գրչության և ուսումնասիրման կենտրոն», «Որոտանի կիրճի՝ Տաթևի վանքապետական հին գյուղատեղերի պատմամշակութային ժառանգությունը», «Տաթևի վանքին հարակից փոքր եկեղեցիները», «Անապատական շարժման վերազարթոնքը Սյունիքում» գլուխներից և եզրակացությունից։ Մասնագիտական խորհրդի նախագահ, պ.գ.դ., ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Պավել Ավետիսյանը ներկայացրեց ատենախոսին և կարևորեց կատարված հետազոտական աշխատանքը։ Ատենախոսության գիտական արժեքի և արդիականության մասին իր դիտարկումներն ներկայացրեց նաև ԵՊՀ պատմության ֆակուլտետի հնագիտության և ազգագրության ամբիոնի վարիչ, պ.գ.դ., պրոֆեսոր Հայկ Ավետիսյանը։ Աշխատության ներկայացումից հետո հնչեցին հարցեր, դիտողություններ և առաջարկներ, որոնց հաջորդեցին ընդդիմախոսների ելույթները։ Նշված դիտարկումները հաշվի առնելու առաջարկով ատենախոսությունը միաձայն հաստատվեց, և Արսեն Հարությունյանին շնորհվեց պատմական գիտությունների դոկտորի գիտական աստիճան։
2025-10-30
Հոկտեմբերի 23-ին ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի (ՀԱԻ) ընթերցասրահում տեղի ունեցավ հերթական սեմինարը՝ «Հայոց թագավորի կերպարը «Աղուզ-Նամե» վիպական ստեղծագործության մեջ» թեմայով։ Զեկույցը ներկայացրեց ՀԱԻ Բանագիտության բաժնի գիտաշխատող, բ․ գ․ թ․ Սամվել Ռամազյանը։ Ներկաներին էին ՀԱԻ աշխատակիցներ, ուսանողներ և թեմայով հետաքրքրվող այլ անձինք։ Զեկուցողին ներկայացրեց ՀԱԻ փոխտնօրեն Տորք Դալալյանը։ Բանախոսը մանրամասն ներկայացրեց օտար աղբյուրներում պահպանված տեղեկությունները Հայոց Կիլիկիայի թագավորների վերաբերյալ։ Սեմինարի ավարտին անցկացվեց ակտիվ քննարկում, և ներկաները հնարավորություն ունեցան ուղղել հարցեր բանախոսին ու քննարկել ներկայացված նյութը։
2025-10-23
Հոկտեմբերի 23-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի կլոր դահլիճում մեկնարկեց «Ամրոցները և պաշտպանական համակարգերը Առաջավոր Ասիայում» թեմայով միջազգային գիտաժողովը։ Եռօրյա գիտաժողովը կազմակերպել է ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի (ՀԱԻ) Միջնադարյան հնագիտության բաժինը՝ Հայագիտական ուսումնասիրությունները ֆինանսավորող համահայկական հիմնադրամի աջակցությամբ։ Բացման և ողջույնի խոսքով հանդես եկավ ՀԱԻ տնօրեն, պ. գ. դ. Արսեն Բոբոխյանը՝ ընդգծելով գիտաժողովի կարևորությունը և այն, որ քննարկումներին մասնակցում են մի շարք երկրների գիտնականներ։ Առաջին նիստը նախագահեց ՀԱԻ Միջնադարյան հնագիտության բաժնի վարիչ, պ. գ. թ. Դիանա Միրիջանյանը։ Առաջին օրը անցկացվեց երեք նիստ։ Առաջին նիստում արվեստագիտության դոկտոր, պ. գ. թ., հնագետ Հակոբ Սիմոնյանը («Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն») ներկայացրեց «Հայաստանի հնագույն պաշտպանական համակարգերը»՝ անդրադառնալով «Շենգավիթ» հնավայրին և նույն ժամանակաշրջանի հարակից հուշարձաններին: ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Հին հնագիտության բաժնի ղեկավար, պ. գ. թ. Մկրտիչ Զարդարյանը ներկայացրեց «Արմավիր – Արտաշատ – Գառնի. Անտիկ Հայաստանի ամրաշինությունն ու դրա փուլային վերափոխումները» զեկույցը։ ՀԱԻ Արցախի պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության խմբի ղեկավար, պ. գ. դ. Համլետ Պետրոսյանը ներկայացրեց «Արցախի Տիգրանակերտի ամրաշինական համակարգը» (համահեղինակ՝ ճ. դ. Լյուբա Կիրակոսյան)։ Զեկույցի ընթացքում նա նաև տեղեկացրեց, որ մայրաքաղաք Տիգրանակերտին նվիրված նոր գրքի շնորհանդեսը տեղի կունենա հոկտեմբերի 24-ին՝ գիտաժողովի նույն դահլիճում։ Երկրորդ նիստը նախագահում էր պ. գ. դ. Համլետ Պետրոսյանը։ Անկախ հետազոտող Արա Զարյանը ներկայացրեց «Սյունիքի թագավորության (970–1170 թթ.) Կապան մայրաքաղաքի պաշտպանական համակարգը» թեմայով զեկույցը՝ անդրադառնալով վերջին տարիներին իրականացված հնագիտական հետազոտություններին։ Նույն ժամանակ հնագիտական ուսումնասիրություններ ու պեղումներ իրականացվում էին նաև Կապան մայրաքաղաքից ոչ հեռու գտնվող Բաղաբերդում։ ՀՀ ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչ, հնագետ, արշավախմբի ղեկավար Ավետիս Գրիգորյանը և Երկրատարածական տեխնոլոգիաների կենտրոնի գիտաշխատող Արամ Ստեփանյանը համատեղ ներկայացրեցին «Բաղաբերդ ամրոցի դերը միջնադարյան Սյունիքի պաշտպանական համակարգում» զեկույցը՝ ներկայացնելով վերջին պեղումների արդյունքներն ու ամրոցի շինարարական փուլերը։ Նիստին ներկա էր նաև վերականգնող ճարտարապետ Լևոն Վասիլյանը, ով աշխատում էր նշված հուշարձանների պեղումներ իրականացնող և ուսումնասիրող խմբերի հետ։ ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի գիտաշխատող, ԱՀ Քաշաթաղի շրջվարչակազմի նախկին ղեկավար, պ. գ. դ. Ալեքսան Հակոբյանը հանդես եկավ «Կառնակաշը և Արցախի Բերձոր գավառի ամրոցները Թ-դարում» թեմայով զեկույցով՝ ներկայացնելով տվյալ տարածաշրջանի ամրաշինական համակարգի առանձնահատկությունները և դրանց պատմական նշանակությունը։ Զեկուցողը անդրադարձավ նաև Կառնակաշ ամրոցի այլ հետազոտողների կողմից կատարված ուսումնասիրություններին և դրանց գիտական արժեքին։ Օրվա վերջին նիստը նախագահեց ՀԱԻ գիտաշխատող, պ. գ. թ. Հասմիկ Հովհաննիսյանը։ Մոսկվայի պետական շինարարական համալսարանի դասախոս, ա. դ. Արմեն Ղազարյանը ռուսերեն ներկայացրեց «Անիի Սմբատյան պարիսպները․ ճարտարապետա-հնագիտական շերտագրական նոր հետազոտություններ» զեկույցը։ ՀԱԻ և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գիտաշխատող, հնագետ, պ. գ. թ. Արման Նալբանդյանը ներկայացրեց «Լոռե բերդաքաղաքի պարիսպը՝ ամրաշինական համակարգի ինքնուրույն մաս» զեկույցը։ ՀԱԻ Ճարտարապետական մոդելավորման խմբի ղեկավար Արտակ Հախվերդյան, գիտաշխատողներ Տիգրան Ալեքսանյան և Հարություն Բադալյան ներկայացված էին համատեղ զեկույցով՝ «Տավուշ ամրոցի եռաչափ վերակազմությունն ըստ շինարարական փուլերի», որը ներկայացրեց Արտակ Հախվերդյանը։ Օրվա վերջին զեկույցով՝ «Ավերակներից թանգարան․ Դաշտադեմի ամրոցի վերականգնման և թանգարանի ստեղծման մարտահրավերները» հանդես եկավ անկախ հետազոտող Աննա Բարսեղյանը (համահեղինակներ՝ ճարտարապետության թեկնածու Արև Սամուէլյան, պ. գ. թ., ՀԱԻ գիտաշխատող Աստղիկ Բաբաջանյան, հնագետ, ՀԱԻ գիտաշխատող Սոսե Աղայան)։ Հաջորդ նիստերը տեղի կունենան հոկտեմբերի 24-25-ին ՀՀ ԳԱԱ ՀԱԻ ընթերցասրահում։
2025-10-23