Սալոնիկի Հնագիտական թանգարանը և Իտալիայի ազգային հետազոտական խորհուրդը՝ ժառանգության գիտության ինստիտուտը (CNR-ISPC) համատեղ հոկտեմբերի 15-19-ը կազմակերպեցին «Երաժշտություն, պար և ձայնային լանդշաֆտներ Ալեքսանդր Մակեդոնացու աշխարհում» միջազգային գիտաժողովը։ Գիտաժողովի 24 ընտրված մասնակիցներից էր նաև ԳԱԱ Հնագիության և ազգագրության ինստիտուտի գիտակազմակերպչական խմբի ղեկավար, պ․գ․թ․ Վիկտորյա Վասիլյանը։ Գիտաժողովը ընդգրկում էր նաև մշակույթի նախարարության կողմից կազմակերպված անտիկ երաժշտության վերակազմված համերգ և հնագիտական այց Վերգինա, Պելլա Մակեդոնյան արքաների դամբարաններ։ Գիտաժողովից դուրս տեղի ունեցավ հանդիպում Սալոնիկի միջազգային հելլենական համալսարանի Հումանիտար Ֆակուլտետի դեկան, պրոֆեսսոր Մանոլիս Մանոլեդակիսի հետ, քննարկվեցին հետագա համագործակցության հնարավորությունները։
2025-10-21
ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Մշակութային մարդաբանության բաժնի, Կիրառական մարդաբանության գիտահետազոտական խմբի, «Հազարաշեն» ազգաբանական հետազոտությունների հայկական կենտրոնի և Ֆրանսիայի INALCO (Institut National des Langues et Civilisations Orientales) համալսարանի նախաձեռնությամբ հոկտեմբերի 16-ին՝ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) դահլիճում, մեկնարկեց «Տեղահանություն և հիշողություն․ Արցախի շարունակվող ճգնաժամը բանավոր պատմություններում» թեմայով եռօրյա գիտաժողովը։ Բացման խոսքով հանդես եկան ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Յուրի Սուվարյանը և ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն, պ.գ.դ. Արսեն Բոբոխյանը, ովքեր կարևորեցին գիտաժողովի թեմատիկ ուղղվածությունը՝ որպես Արցախի վերջին իրադարձությունների գիտական վերլուծության և բանավոր պատմությունների պահպանման հարթակ։ Գիտաժողովի առաջին նիստը վարեց ՀԱԻ Արցախի պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության խմբի ղեկավար, պ.գ.դ., պրոֆեսոր Համլետ Պետրոսյանը, որի ընթացքում զեկույցներով հանդես եկան չորս բանախոսներ: Առաջին զեկույցով՝ «Միջնադարյան աղբյուրների տեղեկությունները Առան, Աղվանք, Ռան, Խաչեն, Ղարաբաղ անունների, դրանց տեղադրության և իմաստի շուրջ» թեմայով, հանդես եկավ ՀՀ ԳԱԱ ՀԱԻ գիտաշխատող, ազգագրագետ, պ.գ.թ. Հրանուշ Խառատյանը։ Հնագետ, արվեստագիտության դոկտոր, պ.գ.թ., Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի հնագիտության բաժնի վարիչ Հակոբ Սիմոնյանը ներկայացրեց «Ծիծեռնավանքը պեղումների լույսի ներքո» թեմայով զեկույցը՝ անդրադառնալով 1997–2001 թթ․ Արցախի Քաշաթաղի շրջանում իր ղեկավարությամբ իրականացված հնագիտական ուսումնասիրությունների և պեղումների արդյունքներին։ ՀՀ ԳԱԱ ՀԱԻ գիտաշխատող, ազգագրագետ Լեռնիկ Հովհաննիսյանը հանդես եկավ «Արցախի հայ բնակչության բռնագաղթը 18-րդ դարի վերջին – 19-րդ դարի սկզբին՝ տարածաշրջանում միգրացիոն գործընթացների համատեքստում» թեմայով զեկույցով։ Նիստը եզրափակեց Հայաստանի պատմության թանգարանի գիտական գծով փոխտնօրեն, պ.գ.թ. Նժդեհ Երանյանը, որը ներկայացրեց «Մշակութային ժառանգությունը որպես հակամարտության դաշտ․ Արցախի նախաքրիստոնեական մշակույթի օրինակը» թեմայով զեկույցը։ Նիստի ավարտին տեղի ունեցավ քննարկում, մասնակիցները հարցեր ուղղեցին զեկուցողներին և ներկայացրին դիտարկումներ։
2025-10-16
ՀՀ Արարատի մարզի Մասիսի շրջանի Հայանիստ գյուղի հարավային մասում` ծովի մակերևույթից մոտ 840 մ բարձրության վրա, գտնվում է «Ոսկե բլուր» հնավայրը՝ Կուրարաքսյան (Շենգավիթյան) մշակույթին պատկանող վաղբրոնզեդարյան` լավ պահպանված բնակատեղերից մեկը (մ.թ.ա. 3500/3350–2600/2500 թթ.)։ Երևանից շուրջ 22 կմ հարավ-արևմուտք ընկած հնավայրը արհեստական բլուր-բնակատեղ է՝ շուրջ 2,6 հա մակերեսով։ Առաջին հնագիտական պեղումներն այստեղ կատարվել են 1975–1976 թթ․ հնագետ Էմմա Խանզադյանի ղեկավարությամբ։ 2020-ից «Ոսկե բլուր»-ում գործում է հայ-ֆրանսիական հնագիտական արշավախումբը` ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի, Ֆրանսիայի Արտաքին գործոց նախարարության և Գիտական հետազոտությունների ազգային կենտրոնի (CNRS) Archéorient լաբորատորիայի (UMR 5133) համագործակցության շրջանակում։ Նույն թվականից հայ-ֆրանսիական համատեղ արշավախումբը հնավայրում պարբերական պեղումներ և ուսումնասիրություններ է կատարում: 2025 թ․ պեղումները մեկնարկել են սեպտեմբերին և կավարտվեն հոկտեմբերի 8-ին։ Պեղումները ղեկավարում են ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Վաղ հնագիտության բաժնի վարիչ, պ.գ.դ Ռուբեն Բադալյանը (հայկական կողմից) և Լիոնի Գիտական հետազոտությունների ազգային կենտրոնի ներկայացուցիչ, պ.գ.դ Բերանժեր Պերելլոն (ֆրանսիական կողմից)։ Արշավախմբի կազմում ընդգրկված են նաև ՀԱԻ Վաղ հնագիտության բաժնի գիտաշխատողներ՝ պ.գ.թ. Արմինե Հարությունյանը, Լևոն Աղիկյանը, ՀԱԻ Ճարտարապետական մոդելավորման խմբի գիտաշխատող Լիլիթ Տեր-Մինասյանը, Լիոնի Հնագիտական ծառայության աշխատակից, հնակենդանաբան Օրելիեն Քրեզյոն և Հայաստանի պատմության թանգարանի գլխավոր ֆոնդապահ Սոնա Հովսեփյանը։ Այս տարի աշխատանքները շարունակվել են հուշարձանի 4-րդ և 5-րդ պեղամասերում, ինչպես նաև բացվել է նոր՝ 6-րդ հատվածը։ Պեղումների ընթացքում բացվել են տարբեր բարձրության հում աղյուսե պատեր, հայտնաբերվել են Կուրարաքսյան շրջանին բնորոշ խեցեղենի բեկորներ, քարե գործիքներ ևն: Առանձնակի հետաքրքիր են` լավ պահպանված կավե օջախը, ինչպես և թրծած աղյուսով շարված միջնադարյան թոնիրը: Արշավախմբի համաղեկավար Ռուբեն Բադալյանի խոսքով՝ պեղումներն այստեղ կշարունակվեն առաջիկա տարիներին։
2025-10-09
Սեպտեմբերի 30-ին մեկնարկեց «Գիտության շաբաթ․ Հայաստան 2025» միջոցառումը, որը նվիրված է գիտության և տեխնոլոգիաների հանրահռչակմանը։ «Զարգացնել գիտությամբ» խորագրով շաբաթն անցկացվում է վեց օր՝ ընդգրկելով միջոցառումներ, որտեղ ներկայացված են գիտության, տեխնոլոգիաների և արվեստի ոլորտները։ Միջոցառմանը մասնակցում են Հայաստանի պետական, ակադեմիական, կրթական, տեխնոլոգիական և ստեղծարար կազմակերպությունների առաջատար մասնագետները՝ նպատակ ունենալով գիտությունը հասանելի դարձնել հանրության լայն շերտերին։ Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի Հնագիտության և ազգագրության ինստիտուտը (ՀՀ ԳԱԱ ՀԱԻ) նույնպես ակտիվ մասնակցություն է ունենում շաբաթվա միջոցառումներին։ Ինստիտուտը ներկայացված է իր կազմում գործող հեռավար լաբորատորիաներով՝ • «Հայ մշակութային ժառանգության միջգիտակարգային ուսումնասիրություններ» 23 RL-6A006, • «Հայաստանը և բրոնզի դարի աշխարհ-համակարգը. հին տեխնոլոգիաները փորձարարական հնագիտության լույսի ներքո», 23RL-6A041։ Լաբորատորիաները ներկայացնում են կատարած աշխատանքները, անցկացնում քուիզ-հարցումներ, ցուցադրում հնագիտական վերակազմություններ և կազմակերպում ինտերակտիվ խաղեր՝ խթանելով այցելուների հետաքրքրությունը դեպի գիտություն և ժառանգություն։
2025-10-02
Սեպտեմբերի 29-ին ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Սոցիալական գործընթացների և ինստիտուտների մարդաբանության բաժնում կայացավ 2025 թ․ աշնանային առաջին սեմինարը։ «Զբոսավարը և մշակութային բեմականացված ժառանգությունը․ աուտենտիկ զբոսավարության կառուցումը հետխորհրդային Հայաստանում» թեմայով բանախոսությամբ հանդես եկավ բաժնի գիտաշխատող Գարիկ Աթանեսյանը։ Բաժնի ղեկավար, պ․ գ․ դ․ Միհրան Գալստյանը ներկայացրեց թեմայի շրջանակները՝ ընդգծելով դրա արդիականությունը ներկայիս զբոսավարության համար։ Գ․ Աթանեսյանը ելույթի ընթացքում անդրադարձավ Հայաստանում զբոսավարության ոլորտի խնդիրներին՝ դրանք համեմատելով արևմտյան երկրների փորձի հետ։ Սեմինարի ընթացքում և ավարտին տեղի ունեցավ ակտիվ քննարկում։
2025-09-29
Սեպտեմբերի 25-ին ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի (ՀԱԻ) ընթերցասրահում «Միջնադարագիտական քննարկումներ» սեմինարների շարքի շրջանակում անցկացվեց վիմագրության և միջնադարյան հնագիտության բաժինների կողմից կազմակերպված սեմինար։ Բանախոսությամբ հանդես եկավ վիմագրության բաժնի գիտաշխատող, պ.գ.թ. Սուսաննա Ադամյանը՝ ներկայացնելով «Հրաչյա Աճառյանի անտիպ ժառանգությունը․ Հայարձան» թեման։ Միջոցառմանը ներկա էին ՀԱԻ փոխտնօրեն Տորք Դալալյանը, ինստիտուտի տարբեր բաժինների աշխատակիցներ և հյուրեր։ Բանախոսին ներկայացրեց վիմագրության բաժնի վարիչ, պ.գ.թ. Արսեն Հարությունյանը՝ ընդգծելով, որ սա աշնանային շրջափուլի առաջին սեմինարն է։ Նա կարևորեց Աճառյանի կոթողային աշխատությունը, որը, թեև չի տպագրվել, սակայն արժանացել է բազմաթիվ վիմագրագետների ուշադրությանը՝ սկսած Սեդրակ Բարխուդարյանից։ Ս. Ադամյանը, սկսելով իր խոսքը, ներկայացրեց մեծանուն հայ լեզվաբան Հրաչյա Աճառյանի կենսագրական տվյալները՝ ընդգծելով նրա բացառիկ դերը հայ և համաշխարհային լեզվաբանության պատմության մեջ։ Բանախոսը հատուկ կարևորեց «Հայարձան» աշխատությունը, որը հայերեն վիմագրերի բացառիկ հավաքածուն է և ընդգրկում է շուրջ 2000 վիմագիր և կազմված է 1753 ձեռագիր էջից։ Այն ընդգրկում է նյութեր Կ. Պոլսից մինչև Աղվանք, Իրան, Վրաստան և Ռուսաստան։ Ադամյանը ընդգծեց, որ Աճառյանի կենսագիրներից որևէ մեկը չի անդրադարձել այս աշխատության գոյությանը, սակայն դրա ուսումնասիրությամբ այսօր արդեն զբաղվում են վիմագրագետները։ Նա նշեց նաև, որ աշխատանքի ուսումնասիրության գործում աջակցություն է ցուցաբերել Ե. Չարենցի անվ. գրականության և արվեստի թանգարանը։ Ադամյանի խոսքով՝ «Հայարձանի» ստեղծման դրդապատճառներից մեկը եղել է 1912 թ. Մոսկվայի Լազարյան ճեմարանի հայտարարած մրցանակաբաշխությունը։ Բանախոսության ավարտին տեղի ունեցավ քննարկում․ ներկաները հարցեր ուղղեցին բանախոսին, կիսվեցին հավելյալ տեղեկություններով Աճառյանի գիտական գործունեության վերաբերյալ և կարևորեցին այս նշանակալի աշխատության հրատարակման անհրաժեշտությունը:
2025-09-27