ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի հնագիտական արշավախումբը՝ պ. գ. թ., ՀԱԻ ավագ գիտաշխատող Սիմոն Հմայակյանի ղեկավարությամբ, այժմ աշխատում է Արմավիրի մարզի Նոր Արմավիր գյուղի տարածքում: Այստեղ՝ Հովհաննիսյանների այգում շինարարական աշխատանքներ կատարելիս բացվել է նոր դամբարան: Դեռևս 1986 թվականին նույն այգում հայտնաբերվել էր մի դամբարան՝ կարասային թաղումով: Այժմ հնագետներն զբաղված են նոր գտնված դամբարանի պեղմամբ և ուսումնասիրմամբ: Արշավախմբի հիմնական կազմում են Նվարդ Տիրացյանը, Մարգար Հմայակյանը, Նվարդ Հովհաննիսյանը: Պեղումներին երբեմն մասնակցում են նաև ուսանողներ:
2024-08-26
Օգոստոսի 20-ին ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտում կայացավ «Ռուսաստան․ «ավանդական արժեքները» երևակայական համայնքի խոսույթում» սեմինար-քննարկումը։ Դասախոսությամբ հանդես եկավ Մեծ Բրիտանայի Բաթի համալսարանի դասախոս Իվան Գոլոլոբովը։ Բանախոսն անդրադարձավ դեռևս խորհրդային տարիներին ռուսական պետության քաղաքական գաղափարախոսությանը՝ Մարսիզմ-Լենինիզմին։ «Արդեն անկախ Ռուսաստանի դեպքում «Ավանդական արժեքների» խոսույթը, որը տեղափոխվել է ռուսական քաղաքականության կենտրոն, վերջին մի քանի տարիներին սովորաբար համարվում են պահպանողական, ազգայնական ուժերին դիմելու փորձ։ Սակայն, «ավանդական արժեքների» խոսույթն իրականում հակառակ ազդեցությունն է ունենում․ դա ուտոպիստական նախագիծ է».-նշեց Ի․ Գոլոլոբովը ։ Բանախոսությունն ավարտվեց հարց ու պատասխանով:
2024-08-20
Հնագիտության և ազգագրության ինստիտուտի արշավախումբը պեղումներ է իրականացնում Արարատի մարզի Լանջանիստ գյուղի «Սպիտակ վանք» համալիրում (ղեկ. պ.գ.թ. Դ.Միրիջանյան): Այն բաղկացած է Ս. Աստվածածին եկեղեցուց, հարակից տապանաբակից, օժանդակ շինություններից: Ս. Աստվածածին եկեղեցին թվագրվում է 14-րդ դ. սկզբով՝ կառուցված է սպիտակ, սրբատաշ ավազաքարով, որից էլ առաջացել է ժողովրդական անունը՝ Սպիտակ վանք: Պեղումների ուշագրավ արդյունքներից է նորահայտ եկեղեցին, որը բացվել է Ս. Աստվածածին եկեղեցու հյուսիսային կողմում: Նորահայտ եկեղեցու պատերը պահպանվել են գրեթե 1.5 մ բարձրությամբ, խորանին իր տեղում հայտնաբերվել է Սուրբ սեղանը, իսկ հյուսիսային պատին՝ մկրտության ավազանը: Պեղումների արդյունքում հայտնաբերվել են նաև բազմաթիվ տապանաքարեր, որոնցից որոշները կրում եմ մարդու սխեմատիկ պատկերներ, ինչը բնորոշ է 13-14-րդ դդ., ինչպես նաև մեկ մոնղոլական դրամ:
2024-08-05
Հնագիտության և ազգագրության ինստիտուտի և Գերմանիայի հնագիտական ինստիուտի Եվրասիական բաժանմունքի միջև համագործակցության շրջանակներում շարունակվում է Շիրակի մարզի Լեռնակերտի հուշարձանախմբի պեղումները: 2024 թվականին պեղվում է Լեռնակերտի բրոնզ-երկաթեդարյան մեծ դամբանաբլուրը: Արշավախմբի համաղեկավարներ՝ պ․գ․թ․ Բենիկ Վարդանյան և պ․գ․դ․, պրոֆ․ Սաբինե Ռայնհոլդ: Պեղումներին մասնակցում են հնագետներ Մարիամ Սարիբեկյանը (ՀԱԻ), Աստղ Պողոսյանը (ՀՊԹ), IT-մասնագետ Դիրք Մարիաշկը (ԳՀԻ), ուսանողներ Սաթենիկ Մկրտչյանը (ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ) և Մաքսիմիլիան Ֆոիթը (Հումբոլդտի համալսարան)։
2024-08-04
Շարունակվում են Արտաշատի Գետամերձ թաղամասի հնագիտական աշխատանքները... Արշավախմբի ղեկավար ՀԱԻ Հին հնագիտության բաժնի վարիչ Մկրտիչ Զարդարյան, ճարտարապետներ՝ Գևորգ Գյուլամիրյան, Ամինա Կանեցյան, վերականգնող՝ Տիգրան Իսահակյան, հնագետներ՝ Հայկ Գյուլամիրյան, Նարինե Սարգսյան
2024-07-30
Հունիսի 27-ին Երևանի պետական համալսարանի գիտական խորհրդի նիստերի դահլիճում իր աշխատանքներն սկսեց «Հայ-գերմանական գիտության օրեր» խորագրով միջոցառումը, որը կշարունակվի նաև հունիսի 28-ին: Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ-ում գործող տարբեր գիտական կազմակերպություններ։ Կայացած գիտաժողովին զուգահեռ՝ մասնակից կազմակերպություններն ունեին տաղավարներ գիտխորհրդի դահլիճին լից տարածքում և ներկայացրել էին իրենց արտադրանքը, հնարավորությունները։ Առանձին տաղավար ուներ նաև ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը՝ տնօրեն Արսեն Բոբոխյանի գլխավորությամբ։ Ա․ Բոբոխյանը նույնպես մասնակցեց գիտաժողովին, այնուհետև ՀԱԻ տաղավարի մոտ օտարերկրացի գիտնականներին ներկայացրեց ցուցադրված հնագիտական նյութերը՝ հայտնաբերված ինստիտուտի կողմից իրականացրած պեղումների ընթացքում։
2024-07-27