Ապրիլի 8-ին ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի (ՀԱԻ) ընթերցասրահում կայացավ ազգագրության բաժնի հերթական սեմինարը։ «Անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգություն․ միջազգային և տեղական քաղաքականություններ» թեմայով հանդես եկավ նույն բաժնի գիտաշխատող, ազգագրագետ Ռուզաննա Ծատուրյանը։ Ներկա էին ՀԱԻ փոխտնօրեն Տորք Դալալյանը, ազգագրության բաժնի ղեկավար Սուրեն Հոբոսյանը, աշխատակիցներ։ Զեկուցողն անդրադարձավ ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ 2006թ․ Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության կոնվեցիային։ Կարևորվեց հատկապես Արցախի մշակութային ժառանգության խնդիրները։ Վերջում ներկաները հարցեր ուղղեցին բանախոսին:
2025-04-08
Ապրիլի 3-ին ՀՀ ԳԱԱ ՀԱԻ նիստերի դահլիճում կայացավ Բանահյուսության տեքստաբանության բաժնի հերթական սեմինարը: Բանախոսը բաժնի գիտաշխատող, բ.գ.թ. Հասմիկ Գալստյանն էր: Հասմիկ Գալստյանը, ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի ավագ գիտաշխատող, երաժշտագետ, արվեստագիտության թեկնածու Հասմիկ Հարությունյանի և կենտրոնի գիտաշխատող, բ.գ.թ. Հասմիկ Մատիկյանի հետ նախաձեռնել են «Շիրակի պարերգային բանահյուսությունը. խաղիկներ» վերնագրով ժողովածուի կազմում, ինչին էլ նվիրված էր սեմինարը: Սեմինարի ընթացքում ներկայացվեցին որոշ հարցեր ու խնդիրներ, որոնք առաջացել են ժողովածուի կազմման ընթացքում: Գիրքը իրենից ներկայացնում է բանահյուսական տեքստերի ժողովածու և առձեռն երգարան:
2025-04-03
ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը (ՀԱԻ) մարտի 26-28-ին անցկացնելու է գiտխորհրդի նիստ, որի ընթացքում կներկայացնի հնագիտական 2024 թ. իրականացրած պեղումների և հետազոտությունների արդյունքները։ Գիտխորհրդի առաջին նիստը տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ նիստերի փոքր դահլիճում: Ներկա էին ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ակադեմիայի թղթակից անդամ, տ.գ.դ.,պրոֆեսոր Յուրի Սուվարյանը, Հնագիտության և ազգագրության ինստիտուտի աշխատակիցներ, ոլորտով հետաքրքրվողներ: Նիստը բացեց ՀԱԻ տնօրեն պ. գ. դ. Արսեն Բոբոխյանը, ով տեղեկացրեց, որ հաշվետու 2024թ. պեղվել և ուսումնասիրվել են Հայաստանի 30 հնավայրեր, որոնք ընդգրկում են ժամանակագրական լայն շրջանակ՝ սկսած նախապատմական շրջանից մինչև ուշ միջնադար: Այդ ուսումնասիրությունները զգալիորեն նպաստել են Հայաստանի հարուստ պատմամշակութային ժառանգության բացահայտմանը և հանրայնացմանը: Համագործակցություններն ընդգրկում են աշխարհագրական լայն շրջանակ՝ ԱՄՆ-ից մինչև Ճապոնիա, ինչն ընդգծում է միջազգային հետաքրքրությունը Հայաստանի հնագիտական ժառանգության նկատմամբ: Առաջինը հեռավար հանդես եկավ ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Լոս Անժելեսի համալսարանի ներկայացուցիչ Քրիստինե Մարտիրոսյան-Օլշանսկին, ով տեղեկություններ տվեց ՀԱԻ գիտական ղեկավար, պ. գ. դ., ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Պավել Ավետիսյանի ղեկավարությամբ «Մասիս բլուր» հնավայր-հուշարձանում 2024-ին կատարած պեղումների վերաբերյալ: Հնագետ Բորիս Գասպարյանը ներկայացրեց 2024-ին Արմավիրի մարզի «Լեռնագոգ-1» հնավայրի պեղումների մասին: Օրվա ընթացքում նախատեսած էր ևս 8 զեկույց: Նիստերը կշարունակվեն նաև մարտի 27-28-ին Հնագիտության և ազգագրության ինստիտուտում (Չարենց 15):
2025-03-26
Մարտի 20-ին Հնագիտության և ազգագրության ինստիտուտի «Բանագիտական քննարկումներ»-ի շրջանակում տեղի ունեցավ «Բանահավաքչության արդի գործիքները. բանագետը դաշտում և համացանցում» բանախոսությունը, որի ընթացքում քննարկվեց բանահավաքչության ավանդական մեթոդների և արդիական տեխնոլոգիաների համադրման հարցը։ Ներկայացվեց, թե ինչը կարող ենք համարել ժամանակակից բանահյուսություն, ինչպես կարող ենք արձանագրել այդ նյութը, և ինչ կարող է մեզ տալ դրա հետազոտումը: Բանագետ, բ․գ․թ․ Նվարդ Վարդանյանը, խոսելով ավանդական մոտեցման մասին, նշեց, որ վերջինս դեռևս մնում է ավելի մեծ ազդեցություն ունեցող երևույթ, սակայն կարևոր համարեց նաև բանահյուսության հավաքագրման նոր մոտեցումը` համացանցային տիրույթի ուսումնասիրումը` որպես նորարարական և ժամանակակից ճանապարհ՝ զանազան նյութերի տարածման հարթակ։ Քննարկվեցին այն բարդությունները, որոնք կարող են առաջանալ համացանցում՝ տվյալների ստուգման, աղբյուրների ճշգրտման և տեղեկատվության ամբողջականացման տեսանկյունից։ Քննարկման մասնակիցներն անդրադարձան նաև այն հարցին, թե որքան կարևոր է պահպանել ավանդական մեթոդների կիրառությունը, որպեսզի դաշտը չկորցնի իր բնույթը։ Սեմինարի երկրորդ մասում աշխույժ քննարկում ծավալվեց եզրույթների ճշգրտման, հայ իրականության մեջ դրանց ստեղծման և զարգացման ուղու մասին։ Ընդգծվեց, որ գիտության զարգացումը պարտադիր չէ, որ կատարվի դրսից մեխանիկական պատճենման ճանապարհով, այլ հարկավոր է առաջին հերթին օգտագործել այն հսկայական գիտելիքն ու հմտությունները, որոնք ստեղծվել են մեր իրականության մեջ` անշուշտ դրանք համադրելով միջազգային գիտության նվաճումներին։
2025-03-20
Մարտի 20-ին ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտում տեղի ունեցավ Թ․ 00․ 06․ «Մշակութաբանություն» մասնագիտությամբ պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի հայցման ատենախոսություն։ ՀԱԻ_ին կից գործող ԲԿԳԿ 007 մասնագիտական խորհրդի նիստին «Մշակութային ժառանգության պահպանությունը. տեսական մոտեցումները, միջազգային փորձը և Արցախի մշակութային ժառանգության պահպանության խնդիրները» խորագրով թեկնածուական ատենախոսության պաշտպանությամբ հանդես եկավ ԵՊՀ պատմության ֆակուլտետի Մշակութաբանության ամբիոնի գիտաշխատող Արմինե Տիգրանյանը։ Ներկա էին ՀԱԻ տնօրեն Արսեն Բոբոխյանը, տարբեր բաժինների աշխատակիցներ, ուսանողներ, թեմայով հետաքրքրվողներ։ Ատենախոսության առաջատար կազմակերպությունն է ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտը։ ՀԱԻ կից գործող ԲԿԳԿ 007 մասնագիտական խորհրդի նիստի նախագահ պ․ գ․ դ․, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Պավել Ավետիսյանը կարևորեց ատենախոսության թեման և բացեց նիստը։ Ներկաներին ողջունեց Մասնագիտական խորհրդի գիտական քարտուղար Արսեն Հարությունյանը` նշելով, որ ատենախոսության թեման հաստատվել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի գիտական խորհրդի նիստում։ Գիտական ղեկավարն է պ․ գ․ դ․, պրոֆեսոր Համլետ Պետրոսյանը, պաշտոնական ընդդիմախոսներն են բ․ գ․ դ․, դոցենտ Թամար լազարի Հայրապետյանը և պ․ գ․ թ․, դոցենտ Արսեն Աշոտի Հակոբյանը։ Ատենախոս Ա․ Տիգրանյանը, ներկայացնելով աշխատանքը, տեղեկացրեց, որ Արցախի Հանրապետության տարածքում 2020թ․ սեպտեմբերի տվյալներով գրանցված է 4000 հուշարձան, որոնց մեծ մասը 4-19-րդ դարերի հայկական քրիստոնեական ժառանգություն է։ Ա. Տիգրանյանը նշեց, որ հետազոտության նպատակն է եղել ուսումնասիրել մշակութային ժառանգության պահպանության տեսական մոտեցումները, միջազգային փորձը (ժառանգության պահպանությանը միտված միջազգային կոնվենցիաները, հռչակագրերը, կանոնակարգերը, ոլորտի միջազգային կառույցների ընդհանուր քաղաքականությունը, բանաձևերը, որոշումները և այլն ), որպեսզի վեր հանվի Արցախի մշակութային ժառանգության պահպանության արդի խնդիրները և գտնվի ժառանգության հնարավոր պաշտպանության մեխանիզմները։ Հետազոտության գիտական նորույթը, ըստ ատենախոսի, երկուսն են՝ Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության դիտարկումն է մշակութային ժառանգության լայն հայեցակարգի համապարփակ շրջանակի ներքո և մշակութային ժառանգության ոչնչացումները, պատերազմական հանցագործությունները, մշակութային ցեղասպանությունը, էթնիկ զտումները ու տեղահանությունը որպես մեկ համակարգ դիտարկելը։ Ներկայացրեց հետազոտության տեսական հիմքն ու մեթոդաբանությունը, աշխատանքի գործնական նշանակությունը, թեմայի ուսումնասիրությունը և ատենախոսության հիմնական բովանդակությունը։ Այնուհետև ելույթ ունեցան գիտական ղեկավարը, ընդդիմախոսները։ Ըստ ընդդիմախոսների՝ աշխատանքում կան որոշակի բացթողումներ, սակայն դրանք էական ազդեցություն չեն թողնում, ատենախոսության պաշտպանության վրա։ Ելույթներից հետո եղավ քվեարկություն, և Մասնագիտական խորհրդի միաձայն որոշմամբ Ա․ Տիգրանյանին շնորհվեց պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։
2025-03-20
ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտում (ՀԱԻ) մարտի 17-ին տեղի ունեցավ «Հնագիտական պեղումների փաստագրման նորագույն հնակենսաբանական մեթոդները» խորագրով աշխատաժողովը։ ՀԱԻ Հնակենսաբանության և էթնոկենսաբանության գիտահետազոտական խմբի նախաձեռնությամբ կազմակերպված աշխատաժողովին ներկա էին ՀԱԻ տնօրեն Արսեն Բոբոխյանը, տարբեր բաժինների աշխատակիցներ, ուսանողներ, թեմայով հետաքրքրվողներ։ Ներկաներին ողջունեց ու աշխատաժողովը բացեց Հնակենսաբանության և էթնոկենսաբանության գ/հ խմբի ղեկավար Ռոման Հովսեփյանը։ Բանախոսությամբ հանդես եկավ Հասմիկ Սիմոնյանը, ով երկար տարիներ զբաղվում է հնագիտական պեղումների ընթացքում կիրառվող հնամարդաբանական նյութերի հետազոտության կենսահնագիտական մեթոդների ուսումնասիրությամբ։ Վերջինիս իր խոսքում ընդգծեց. «Կենսահնագիտությունը նոր զարգացող գիտաճյուղ է և սկիզբ է առել նախորդ դարի 70-ական թթ-ին։ Եզրույթն առաջին անգամ օգտագործվել է բրիտանացի հնագետ Գ. Քլարկի կողմից 1972 թ.՝ վերաբերելով հնավայրերից հայտնաբերված կենդանական ոսկորների ուսումնասիրությանը»։ Բանախոսն անդրադարձավ նաև 1977թ․ ամերիկացի հնամարդաբան Ջ․ Բուիկստրայի կողմից «Կենսահնագիտություն» եզրույթին։ Այն ներկայացվել է որպես հնագիտական հուշարձաններից հայտնաբերված մարդկային մնացորդների գիտական ուսումնասիրությամբ զբաղվող գիտակարգ, որը այլ երկրներում հայտնի էր «Ոսկրահնագիտություն կամ հնաոսկրաբանություն» անվամբ։ Գիտակարգն աշխատում է ոչ միայն կմախքի չափագրական, այլև հիմնականում սեռատարիքային և հնաախտաբանական հատկանիշների հետ, հիմքում ունենալով ֆիզիոլոգիական սթրեսի տեսությունը: Աշխատաժողովի ընթացքում և ավարտին ներկաները հարցեր ուղղեցին բանախոսին։
2025-03-17