Սեպտեմբերի 18-ին ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտում (ՀԱԻ) տեղի ունեցավ Բանագիտության բաժնի 2025 թ․ աշնանային առաջին բանախոսությունը։ ԵՊՀ դասախոս, բ․գ․դ․ Ալվարդ Ջիվանյանը ՀԱԻ «Բանագիտական քննարկումներ»-ի շրջանակում ներկայացրեց «Անթրոպոմորֆիզմ. բուսական և կենդանական աշխարհի մարդացումը հրաշապատում միջավայրում» թեմայով իր զեկույցը։ Միջոցառմանը ներկա էին ՀԱԻ տարբեր բաժինների աշխատակիցներ, ուսանողներ և թեմայով հետաքրքրվողներ։ ՀԱԻ փոխտնօրեն Տորք Դալալյանը ողջունեց մասնակիցներին, ներկայացրեց բանախոսին՝ ընդգծելով ինստիտուտի և այլ գիտական ու գիտակրթական կառույցների համագործակցության կարևորությունը: Ալվարդ Ջիվանյանն անդրադարձավ արևմտաեվրոպական (կելտական, անգլիական, գերմանական) և հայ բանահյուսության ու գրականության մեջ «մարդու և բնության փոխանակերպելիության» երևույթին։ Բանախոսը ներկայացրեց այն դրսևորումները, երբ բնության երևույթներին վերագրվում են մարդկային հատկանիշներ (անթրոպոմորֆիզմ), ինչպես նաև հակառակ պրոցեսը՝ մարդու բնությանը նմանեցում (ապամարդացում)։ Նա նշեց նաև մի շարք հարակից խնդիրներ, որոնք առնչվում են թեմային։ Բանախոսությունը եզրափակվեց հարցուպատասխանի և քննարկման հատվածով։
2025-09-18
Սեպտեմբերի 17-ին ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Ճարտարապետական մոդելավորման գիտահետազոտական խումբը կազմակերպեց հերթական սեմինարը։ Հնագետ Սոսե Աղայանը ներկայացրեց «Դաշտադեմի ամրոցի վերականգնման մարտահրավերներն ու թանգարանացումը» թեման։ Միջոցառմանը մասնակցում էին ինչպես խմբի անդամներ, այնպես էլ թեմայով հետաքրքրվողներ։ Դաշտադեմի ամրոցը, որն առավել հայտնի է նաև Քաղենի բերդ անունով, գտնվում է Արագածոտնի մարզում՝ Թալին քաղաքից ոչ հեռու, Դաշտադեմ գյուղում։ Զեկուցողը ներկայացրեց ամրոցի ճարտարապետական և կառուցվածքային խնդիրները՝ ընդգծելով, որ դրանք պայմանավորված են ինչպես պատմական իրադարձություններով, այնպես էլ մարդկային և բնական գործոններով։ Հայոց ցեղասպանությունից հետո ամրոցի տարածքում սկսված բնակեցումը, հետագա դարերի ընթացքում կատարված միջամտությունները և բնական աղետները, մասնավորապես 1988 թ․ Սպիտակի երկրաշարժը, զգալի վնաս են հասցրել միջնադարյան կառույցներին։ Պատկերը ավելի է բարդացրել այն հանգամանքը, որ իրականացված պեղումները լիարժեք չեն եղել, իսկ նոր վերականգնողական աշխատանքները հաճախ համահունչ չեն եղել նախորդ միջամտություններին։ Առաջին պեղումները Դաշտադեմի ամրոցում իրականացվել են 1989-1990 թթ․, իսկ 2000-ականներին դրանք շարունակվել են՝ վերականգնողական ծրագրերի շրջանակում։ 2015 թվականից Հնագիտության և ազգագրության ինստիտուտի արշավախումբը արդեն սիստեմատիկ պեղումներ է իրականացնում ամրոցի տարածքում, որտեղ միաժամանակ կատարվել են նաև մաքրման աշխատանքներ՝ ազատելով համալիրի տարածքը օտար կառույցներից։ Ամրոցում վերականգնողական առաջին փորձերը կատարվել են դեռևս 1961 թվականին, երբ ամրացվել է ամրոցապարսպի փլուզված հատվածը։ Սոսե Աղայանը հատկապես կարևորեց այն հանգամանքը, որ ամրոցում առկա են 12-20-րդ դարերի շերտեր, ինչը բարդացնում է ինչպես պեղումների ընթացքը, այնպես էլ դրանց մեկնաբանությունը։ Նա ընդգծեց նաև կառուցման հաջորդականության անորոշությունը, որն առանց ամբողջական պեղումների դժվար է հստակեցնել։ Բանախոսը խոսեց ոչ միայն հնագիտական, այլև հայեցակարգային և թանգարանագիտական մարտահրավերների մասին՝ ընդգծելով միջնադարյան իրականության և թանգարանային ներկայացման հավասարակշռության անհրաժեշտությունը, ժամանակակից թանգարանի ինտեգրման ու ինտերակտիվ փորձառությունների կազմակերպման կարևորությունը։ Նա անդրադարձավ նաև համայնքային և սոցիալական խնդիրներին՝ նշելով, որ ամրոցի պահպանման և թանգարանացման ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ են նաև համապատասխան ֆինանսական ռեսուրսներ։ Սեմինարի ավարտին տեղի ունեցավ քննարկում, որի ընթացքում մասնակիցները հարցեր ուղղեցին բանախոսին և հանդես եկան տարբեր առաջարկություններով։
2025-09-18
Սեպտեմբերի 15-ին ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի ընթերցասրահում կայացավ հերթական սեմինարը՝ նվիրված թանգարանների խնդրին։ Արցախի պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության խմբի անդամ, պ.գ.թ. Նժդեհ Երանյանը հանդես եկավ «Թանգարանները ճգնաժամային պայմաններում. Արցախի թանգարանների փորձը» բանախոսությամբ։ Բանախոսը ներկայացրեց թանգարանների խնդիրները աղետների ժամանակ։ Մասնակցելով թանգարանային խնդիրներին նվիրված միջազգային տարբեր միջոցառումների՝ Ն․ Երանյանը ներկայացրեց միջազգային փորձը՝ ինչպես գործել աղետների դեպքում։ Ըստ բանախոսի՝ թանգարանների աշխատակիցները, պետական ու համայնքային կառույցները, կամավորականները պետք է պատրաստ լինեն ցանկացած աղետի, այդ թվում պատերազմների ժամանակ հնարավորինես փրկելու մշակութային ժառանգությունը։ Ըստ միջազգային փորձի՝ այդ հարցում պետք է համախումբ աշխատեն մշակույթի նախարարությունը, արտակարգ իրավիճակների կենտրոնը, բանակը, ոստիկանությունը, թանգարանների, արխիվների, գրադարանների անձնակազմը, կամավորականները՝ մշակութային ժառանգության փրկարարները և տեղական ինքնակառավարման մարմինները։ Ընթացքում անդրադարձ եղավ Արցախի թանգարանների նյութերի տարհանման խնդրին։ Արցախի թանգարանների մասին խոսեց նաև ԱՀ մշակույթի և զբոսաշրջության նախկին նախարար Սերգեյ Շահվերդյանը։ Եղան այլ ելույթներ Արցախի պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության խմբի անդամների կողմից։
2025-09-15
Օգոստոսի 27-29-ը Չեխիայի մայրաքաղաք Պրահայում, Կառլովի համալսարանում, կայացավ “Heritage and Depopulation in Europe” միջազգային գիտաժողովը։ Միջոցառմանը մասնակցեցին շուրջ 106 երկրից գիտնականներ, փորձագետներ և հետազոտողներ՝ քննարկելով ժողովրդագրական փոփոխությունների, ժառանգության պահպանության և մշակութային ինքնության պահպանման շուրջ հրատապ խնդիրները։ Գիտաժողովին մասնակցեցին ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Սփյուռքի ուսումնասիրության բաժնի ավագ գիտաշխատողներ, պ.գ.թ. Լուսինե Տանաջյանը, պ.գ.թ. Սոնա Ներսիսյանը, գիտաշխատողներ պ.գ.թ. Նելլի Խաչատուրյանը և Մարիամ Հարությունյանը։ Մասնակիցները ներկայացրեցին զեկուցումներ Եվրոպայի հայկական սփյուռքում ընթացող փոփոխությունների, համայնքային կյանքի առանձնահատկությունների, ինչպես նաև մշակութային ժառանգության և կրոնական կյանքի հիմնախնդիրների վերաբերյալ։
2025-09-10
Ստեփանոս Օրբելյանի «Սյունիքի պատմություն» գրքում, 5-րդ դարի իրադարձությունների վերաբերյալ, հիշատակվում է. «Եվ Կապանից այստեղ եկավ հայր Հովհաննեսը, վանականներին վերցնելով գնաց գետի ափը և Տիրոջից խնդրեց վանականների կարիքների համար ձուկ շնորհել…» (էջ 118)։ Ստեփանոս Օրբելյանի հիշատակած Կապան բնակավայրը գտնվում է ներկայիս Սյունիքի մարզկենտրոն Կապան քաղաքից դեպի Քաջարան տանող ճանապարհի ձախակողմյան ոչ բարձր բլրի վրա՝ Ողջի գետի աջ ափին։ Տեղացիները տարածքն, որը այժմ ամբողջությամբ անտառապատ է, անվանում են «Տանձու լենջ»։ Այստեղ դեռևս 5-րդ դարում գոյություն է ունեցել Սյունյաց իշխանների բնակավայր-ամրոցը, որը 10-րդ դարում արդեն վերածվել էր քաղաքի՝ Սյունիքի թագավորների նստավայրի և մայրաքաղաքի։ Սյունիքի թագավորության անկումից հետո բնակավայրը կորցրել է իր նշանակությունը, լքվել և ամայացել։ Ներկայումս ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի հնագիտական արշավախումբը տարածքում իրականացնում է պեղումներ։ Պեղումների ղեկավար, հնագետ Գագիկ Սարգսյանի տեղեկացմամբ՝ այստեղ որոշ ուսումնասիրություններ կատարվել էին դեռևս խորհրդային տարիներին, և հնավայրը ճանաչվել էր որպես պատմամշակութային հուշարձան։ Սակայն նման ծավալով համակարգված պեղումներ և համալիր ուսումնասիրություններ առաջին անգամ են իրականացվում։ Հուշարձանի տարածքում պահպանվել են բազմաթիվ շինությունների հիմքեր, պատեր ու ավերակներ։ Առանձնակի հետաքրքրություն է ներկայացնում թագավորական պալատը, որի տարածքում շինությունները պատկանում են տարբեր ժամանակաշրջանների։ Ավելի ուշ կառուցված շինության տակ հայտնաբերվել են վաղ շրջանի (4-5-րդ դարերի) եռանավ բազիլիկ եկեղեցու հիմքեր ու սյուների խարիսխներ։ Եկեղեցու պայտաձև խորանի եզրամասի վրա հետագայում կառուցվել է պատ։ Շինության հատակը սկզբնապես եղել է սալապատ, սակայն հետագայում մոտ 25 սմ լցանյութի վրա դրվել է նոր սալահատակ։ Եկեղեցուն հարևանությամբ բացվել է նաև քարով կառուցված մոտ 1,2 մ տրամագծով ձիթհան։ Այսպես կոչված պալատական համալիրից մոտ 30 մ հարավ պահպանվել է մեկ այլ շինության ավերակ, որը եղել է փոքր չափերի մատուռ՝ ուղղանկյուն խորանով։ Չնայած տարածքի ամբողջությամբ անտառապատ ու մացառապատ լինելուն, հստակ տեսանելի է, որ բնակավայր-ամրոցատեղին ամբողջությամբ պարսպապատ է եղել։ Որոշ հատվածներում պարիսպները կառուցված են երկշերտ։ Կառույցների արևելյան կողմում պահպանվել է նաև երբեմնի հզոր աշտարակի մի հատված՝ մոտ 4 մ բարձրությամբ, որտեղից գտնվել է ամրոցի մուտքերից մեկը։ Պեղումները շարունակվում են, և հնագետների առջև դեռևս բազմաթիվ բացահայտման ենթակա հարցեր կան։
2025-08-26
Հայաստանի տարբեր շրջաններում բնակություն հաստատած արցախցի երեխաները շարունակում են խաղալ մեր օրերում տարածված խաղերը իրենց լեզվաբարբառային տարբերակներով, սովորեցնում են իրենց խաղերը տեղացիներին և սովորում տեղական խաղեր: Իսկ ավագ սերունդը դեռ պահպանում է այսօր կենցաղից դուրս եկած հին խաղերի և խաղային բանահյուսության հիշողությունները: ՀԱԻ Բանագիտության բաժնում արցախյան խաղատեսակներն ու խաղային բանահյուսությունն ուսումնասիրող գիտահետազոտական խումբը դաշտային աշխատանքներ է իրագործում Լոռու մարզում (Ստեփանավան, Վարդաբլուր, Գյուլագարակ, Հոբարձի, Գարգառ, Լոռի Բերդ և այլ): Ծրագիրն իրագործվում է Գիտության կոմիտեի աջակցությամբ:
2025-08-23