Հնագիտության և ազգագրության ինստիտուտ

Իրադարձություններ

ՀԱԻ աշխատակիցները մասնակցեցին

ՀԱԻ աշխատակիցները մասնակցեցին "Պատմության լուռ վկաները" խորագրով գիտաժողովին

Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Վիմագրության բաժնի ղեկավար Արսեն Հարությունյանը, Մշակութային մարդաբանության բաժնի աշխատակիցներ Գայանե Շագոյանը, Գոհար Ստեփանյանը, Հասմիկ Կնյազյանը և Կիրառական մարդաբանության գիտահետազոտական խմբի կրտսեր գիտաշխատող Զարուհի Համբարձումյանը նոյեմբերի 5-6-ը մասնակցեցին "Պատմության լուռ վկաները" խորագրով գիտաժողովին՝ նվիրված Արցախի վտանգված ժառանգությանը: Գիտաժողովը կազմակերպել էր "Հիշատակարան մշակութային ժառանգության" կազմակերպությունը՝ Փարիզի INALCO համալսարանի հովանու ներքո, Ալիֆ (ALIPH) և Կիւլպէկեան հիմնադրամների ֆինանսական աջակցությամբ: Գիտաժողովի աշխատանքները մաս են կազմում Հայկական մշակութային ժառանգության փաստագրման և պահպանման ծրագրի: Գիտաժողովը տեսագրվել է և հասանելի է առցանց "Հիշատակարան" կազմակերպության ֆեյսբուկյան էջում <https://www.facebook.com/profile.php?id=61551728661840>. Արսեն Հարությունյանի և Գայանե Շագոյանի (համահեղինակներ՝ Գոհար Ստեփանյան, Հասմիկ Կնյազյան, Զարուհի Համբարձումյան)  զեկուցումների առցանց հղումները ստորև՝  https://www.facebook.com/61551728661840/videos/977985437400351 https://www.facebook.com/61551728661840/videos/1286251939217486/

2024-11-06

«Սփյուռքը, բեմականացվող ժառանգությունն ու մշակութային զբոսաշրջությունը» թեմայով բանախոսություն

«Սփյուռքը, բեմականացվող ժառանգությունն ու մշակութային զբոսաշրջությունը» թեմայով բանախոսություն

Հոկտեմբերի 28-ին, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի (ՀԱԻ) Սոցիալական գործընթացների և ինստիտուտների մարդաբանության բաժնում կայացավ  հերթական բանախոսությունը։ Նույն բաժնի գիտաշխատող, պ․ գ․ թ․ Գարիկ Աթանեսյանը ներկայացրեց «Սփյուռքը, բեմականացվող ժառանգությունն ու մշակութային զբոսաշրջությունը» թեմայով բանախոսությունը:

2024-10-28

ՀԱԻ-ում տեղի ունեցավ «Բանագիտական-տեքստաբանական աշխատանքի նրբություններ. «Նոյ նահապետը» ժողովրդական վիպաշարի վերականգնման փորձառությունը» խորագրով բանախոսությունը

ՀԱԻ-ում տեղի ունեցավ «Բանագիտական-տեքստաբանական աշխատանքի նրբություններ. «Նոյ նահապետը» ժողովրդական վիպաշարի վերականգնման փորձառությունը» խորագրով բանախոսությունը

Համաշխարհային ջրհեղեղի մասին կան բազմաթիվ ժողովրդական ավանդազրույցներ, որոնք կարծես մեկ ընդհանուր վիպաշարի դրվագներ լինեն։ Այս նյութը երբեք առանձին ուսումնասիրության առարկա չի եղել հայ բանագիտության մեջ։ Հոկտեմբերի 24-ին տեղի ունեցավ «Բանագիտական-տեքստաբանական աշխատանքի նրբություններ. «Նոյ նահապետը» ժողովրդական վիպաշարի վերականգնման փորձառությունը» խորագրով բանախոսությունը, որի ժամանակ պ.գ.թ. Կարեն Հովհաննիսյանը ներկայացրեց իր աշխատասիրած նոր ժողովածուի կազմման և հրատարակման ընթացքը։ Մարդկության նախասկզբի և համընդհանուր նախահոր մասին պատկերացումը ստեղծվել է հնագույն ժամանակներից՝ աշխարհի տարբեր ծագերում և տարբեր ժողովուրդների ավանդական զրույցներում։ Բազմաթիվ ավանդույթներում մարդիկ իրենց տեսակի սկզբնավորումը պատկերացրել են փուլային տարբերակով՝ հատկապես երկփուլ, ընդ որում առաջին փուլի ավարտն ազդարարել է համաշխարհային մեծ աղետը, տարբերակների գերակշիռ մասում՝ ջրհեղեղը, որից փրկված միակ մարդն ու նրա ընտանիքը դարձել են երկրորդ փուլի նախահայր(եր)ը։ Սովորաբար իբրև ջրհեղեղի պատճառ նշվում են մարդկանց ամբարտավանությունը, ծիսական և բարոյական տաբուների խախտումը։ Համաշխարհային ջրհեղեղի օվկիանոսից մարդության վերածնումը նմանեցվել է նախասկզբնական քաոսային ջրերից կյանքի առաջացմանն ու աշխարհի արարմանը։ Ետջրհեղեղյան նախահայրը տարբեր անուններ ունի տարբեր ավանդազրույցներում՝ Զիուսուդրա, Քսիսուստրոս, Ատրա-Հասիս, Ուտ-նապիշտի, Դևկալիոն, Նոյ և այլն։ Որպես կանոն, այդ հերոսը կառուցում է փայտե տապան կամ նավ, որի մեջ համաշխարհային ջրհեղեղի ժամանակ փրկվում են ոչ միայն մարդկության միակ արդար ներկայացուցիչն ու իր ընտանիքը, այլև կենդանի մյուս էակների տեսակները և անգամ բույսերի սերմերը։ Կյանքի մանրատիեզերքն (միկրոկոսմ) ամփոփող այս նավը ջրերի մեջ օրեր, շաբաթներ կամ ամիսներ շարունակ տարուբերվելուց հետո կանգ է առնում տվյալ տարածաշրջանի՝ ենթադրաբար ամենաբարձր գագաթի վրա (Նիցիր, Պառնաս, Մասիս, ևն)։ Համաշխարհային ջրհեղեղի մասին պատմող հայկական ավանդազրույցներն ունեն կարևոր մի առանձնահատկություն. դրանք սերտորեն կապվում են Հայկական լեռնաշխարհի տեղանուններին՝ հատկապես լեռնանուններին։ Բանախոսը ներկայացրեց որոշ հայկական ավանդազրույցներ, խոսեց դրանցում արտացոլված պատկերացումների մասին։

2024-10-24

Էպոսագիտական 6-րդ գիտաժողովը և դրա նախապատմությունը

Էպոսագիտական 6-րդ գիտաժողովը և դրա նախապատմությունը

Հայաստանում անցկացված էպոսագիտական վեց միջազգային գիտաժողովներին մասնակցել են ընդհանուր առմամբ ավելի քան 100 հետազոտողներ Հայաստանից, ԱՄՆ-ից, ՌԴ-ից, Հնդկաստանից, Իրանից, Վրաստանից, Աբխազիայից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Մեծ Բրիտանիայից, Հոլանդիայից, Սերբիայից, ինչպես և ինքնավար հանրապետություններից՝ Հյուսիսային Օսիա-Ալանիա, Չեչնիա,Ադըղիա, Դաղստան, Կալմիկիա, Ուդմուրտիա։ Էպոսագիտական 1-ին միջազգային գիտաժողովը տեղի է ունեցել 2003 թ․ նոյեմբերի 4-ից 6-ը Ծաղկաձորում, գիտաժողովը կոչվում էր «Հայկական «Սասնա ծռեր» էպոսը և համաշխարհային էպիկական ժառանգությունը», կազմակերպվել էր ՀՀ ԳԱԱ երկու ինստիտուտների համատեղ նախաձեռնությամբ՝ Մ․ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի ու Հնագիտության և ազգագրության ինստիտուտի, ինչպես նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործերով Հայաստանի ազգային հանձնաժողովի օժանդակությամբ։ Երկրորդ գիտաժողովը տեղի ունեցավ 3 տարի անց՝ 2006 թ․ հունիսի 23-24-ին Ծաղկաձորում և Թալինում, փոքր-ինչ փոխված խորագրով՝ «Հայկական ժողովրդական էպոսը և համաշխարհային էպիկական ժառանգությունը», և այս անգամ՝ ՀՀ Կառավարության աջակցությամբ, բայց կրկին նույն ինստիտուտների նախաձեռնությամբ։ Էպոսագիտական 3-րդ գիտաժողովը կազմակերպվեց ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի և Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի հայ գրականության գիտահետազոտական կենտրոնի նախաձեռնությամբ, անցկացվեց Երևանում 2009 թ․ նոյեմբերի 12-ից 14-ը՝ «Հայ ժողովրդական էպոսը և համաշխարհային էպիկական ժառանգությունը» խորագրով։ Էպոսագիտական 4-րդ գիտաժողովը տեղի ունեցավ նորից Ծաղկաձորում՝ 2012 թ․ հոկտեմբերի 8-ից 10-ը, այս անգամ՝ միայն Հնագիտության և ազգագրության ինստիտուտի նախաձեռնությամբ, սակայն ինչպես և նախորդ երեք գիտաժողովները՝ հիմնականում պրոֆեսոր Ազատ Եղիազարյանի ջանքերով։ Գիտաժողովն ուներ հատուկ թեմատիկ ուղղվածություն՝ նվիրված էր հայկական և կովկասյան ժողովուրդների էպոսներին և դրանց միջև եղած կապերին։ Էպոսագիտական 5-րդ գիտաժողովն անցկացվեց 2017 թ․ հոկտեմբերի 11-ից 13-ը Սլավոնական համալսարանում, կազմակերպիչներն էին՝ Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանը, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտն ու Կալիֆորնիայի Լոս-Անջելեսի համալսարանը (UCLA)։ Յոթնամյա ընդմիջումից հետո տեղի ունեցավ Էպոսագիտական 6-րդ միջազգային գիտաժողովը, այս անգամ՝ «Էպոս, ինքնություն և մշակույթ» վերտառությամբ, Հնագիտության և ազգագրության ինստիտուտի նախաձեռնությամբ ու Հայագիտական ուսումնասիրությունները ֆինանսավորող համահայկական հիմնադրամի աջակցությամբ։ Գիտաժողովը նվիրված էր էպոսի առաջին հայտնի պատումի՝ «Սասունցի Դաւիթ կամ Մհէրի դուռ» հրատարակության 150-ամյակին, որով փաստորեն նշվում էր «Սասնա ծռեր»-ի գիտական ուսումնասիրության մեկուկեսդարյա հոբելյանը։ Շնորհակալություն Hayk Hambardzumyan ին, ում գաղափարով ծագեց էպոսագիտական 6-րդ գիտաժողով անցկացնելու միտքը, @Peter Cowe ին, ով նույնպես ակտիվ մասնակցություն ունեցավ կազմակերպչական աշխատանքներին և հատկապես ողջ գիտաժողովի ընթացքում սինխրոն թարգմանություն ապահովելու գործին, Azat Yeghiazaryan ին, ով գործուն մասնակցություն ունեցավ գիտաժողովի հետ կապված մի շարք կազմակերպչական հարցերում, Armen Petrosyan ին` բազմաթիվ օգտակար խորհուրդների համար։ Նաև, գիտաժողովն անհնար կլիներ կազմակերպել առանց Ինստիտուտի երիտասարդ աշխատակիցների ջանասիրության և անձնվեր աշխատանքի։

2024-10-22

Հոկտեմբերի 10-12 Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում անցկացվեց Արխիվի 9-րդ միջազգային գիտաժողովը

Հոկտեմբերի 10-12 Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում անցկացվեց Արխիվի 9-րդ միջազգային գիտաժողովը

Հոկտեմբերի 10-12 Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում անցկացվեց Արխիվի 9-րդ միջազգային գիտաժողովը։ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Բանահյուսության տեքստաբանության բաժնի գիտաշխատող, բ.գ.թ. Հասմիկ Գալստյանն ու Վաղ հնագիտության բաժնի կրտեսեր գիտաշխատող Անի Սարատիկյանը հանդես են եկել «Ջրօգտագործման մշակույթը Հայաստանում ըստ 20-րդ դարի արխիվային տվյալների» վերնագրով զեկուցմամբ։ Ուսումնասիրությունն իրականացվել է "Ջրօգտագործման մշակույթը Հայաստանում հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը" գիտական թեմայի շրջանակում։

2024-10-14