Հնագիտության և ազգագրության ինստիտուտ

Իրադարձություններ

ՀԱԻ աշխատակիցները մասնակցել են «Վիմագրությունը պատմական Հայաստանում» խորագրով աշխատաժողովին

ՀԱԻ աշխատակիցները մասնակցել են «Վիմագրությունը պատմական Հայաստանում» խորագրով աշխատաժողովին

ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի աջակցությամբ իրականացվող «Վիմագրման ավանդույթը Հայկական լեռնաշխարհում. Վանի թագավորությունից մինչև ուշ միջնադար» ծրագրի շրջանակում (ղեկավար՝ պ.գ.թ. Արսեն Հարությունյան) վիմագրագիտական միջազգային աշխատաժողով է կայացել Ավստրիայի գիտությունների ակադեմիայում։ Աշխատաժողովը կազմակերպվել է ծրագրի օտարերկրյա գործընկեր՝ դոկտոր Անդրեաս Ռոբիի նախագահությամբ։ «Վիմագրությունը պատմական Հայաստանում» խորագրով աշխատաժողովի ընթացքում զեկուցումներով հանդես են եկել Հնագիտության և ազգագրության ինստիտուտի վիմագրության բաժնի վարիչ Արսեն Հարությունյանը (թեմա՝ Վիմագիր կազմելու ավանդույթը միջնադարյան Հայաստանում), Հին հնագիտության բաժնի կրտսեր գիտաշխատող Հայկ Գյուլամիրյանը (թեմա՝ Հռոմեական լեգեոնները Հայաստանում՝ վիմագրերի լույսի ներքո) և Պատմության ինստիտուտի կրտսեր գիտաշխատող Վահե Սարգսյանը (թեմա՝ Վանի թագավորության գրավոր մշակույթը): Աշխատաժողովի ընթացքում հայ և օտարազգի մասնագետները ներկայացրել են վիմագրական ժառանգության տարբեր ժամանակաշրջանների առանձնահատկությունները՝ սկսած Վանի թագավորությունից մինչև ուշ միջնադար։

2025-05-30

Բանախոսություն ««Սասնա ծռեր» էպոսի համահավաք նոր բնագիրը․ ստեղծման սկզբունքներ և հասցեատեր» թեմայով

Բանախոսություն ««Սասնա ծռեր» էպոսի համահավաք նոր բնագիրը․ ստեղծման սկզբունքներ և հասցեատեր» թեմայով

«Սասնա ծռեր» («Սասնա տուն», «Քաջանց տուն», «Ջոջանց տուն», «Դավիթ և Մհեր», «Սասունցի Դավիթ կամ Մհերի դուռ»…) էպոսի համահավաք նոր պատումի կազմման աշխատանքի վերաբերյալ հետաքրքիր բանախոսություն տեղի ունեցավ մայիսի 22-ին ՀԱԻ ընթերցասրահում՝ ամենամսյա Բանագիտական քննարկումների շրջանակում։ Էպոսագետ Հայկ Համբարձումյանը ներկայացրեց իր կազմած նոր համահավաքի սկզբունքները, կատարած աշխատանքի խութերն ու վայելքները։ Նոր համահավաք տեքստը հյուսված է մինչ այժմ տպագրված շուրջ 90 պատումների հիման վրա, ինչպես նաև օգտագործվել են Հովսեփ Օրբելու գլխավոր խմբագրությամբ կազմված առաջին համահավաքի (Երևան, 1939 թ.), Տիգրան Չիթունու հյուսած երկրորդ՝ «Սասունական» տարբերակի (Փարիզ, 1943 թ.) և Գրիգոր Գրիգորյանի ու իր գործընկերների պատրաստած վերջին տարբերակի (Երևան, 1993 թ.) տվյալները։ Բանախոսութան ավարտին ծավալվեց աշխույժ և օգտակար քննարկում, կարծիքների ու տեսակետների փոխանակում։

2025-05-23

Վրաստանի գիտությունների ակադեմիայի Ջավախիշվիլիի անվան Պատմության, հնագիտության և ազգաբանության ինստիտուտի հետազոտական խմբի հետ

Վրաստանի գիտությունների ակադեմիայի Ջավախիշվիլիի անվան Պատմության, հնագիտության և ազգաբանության ինստիտուտի հետազոտական խմբի հետ

Սույն թվականի մայիսի 21-ին ՀՀ ԿԳՄՍՆ ԲԿԳԿ – ՎԳԱՀ - 2025 «Միգրացիա եվ նոր սփյուռքների ձևավորում. համեմատական ուսումնասիրություններ Հայաստանում եվ Վրաստանում» ծրագրի շրջանակներում ՀՀ ԳԱԱ Ազգագրության և հնագիտության ինստիտուտում տեղի ունեցավ Սփյուռքի ուսումնասիրության բաժնի և Վրաստանի գիտությունների ակադեմիայի Ջավախիշվիլիի անվան Պատմության, հնագիտության և ազգաբանության ինստիտուտի հետազոտական խմբերի միջև հանդիպում: Խմբի անդամները ներկայացրել են համատեղ հետազոտությունների ներկայիս իրավիճակը, փոխանակվել փորձառություններով և քննարկել առաջիկա ուսումնասիրությունների ուղիները: Վրացի գործընկերների հետ Հայաստան այցի շրջանակներում հանդիպումները շարունակվելու են:

2025-05-21

ՀԱԻ-ում տեղի ունեցավ «Պատերազմ և հիշողություն. Արցախյան երկրորդ պատերազմի հուշարձանացման հիմնախնդիրը» գրքի շնորհանդեսը

ՀԱԻ-ում տեղի ունեցավ «Պատերազմ և հիշողություն. Արցախյան երկրորդ պատերազմի հուշարձանացման հիմնախնդիրը» գրքի շնորհանդեսը

Մայիսի 6-ին ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի (ՀԱԻ) ընթերցասրահում տեղի ունեցավ «Պատերազմ և հիշողություն. Արցախյան երկրորդ պատերազմի հուշարձանացման հիմնախնդիրը» գրքի շնորհանդեսը։ Գիրքը քննարկում է Արցախյան երկրորդ պատերազմի հանրային և պաշտոնական հիշման գործընթացները՝ պատերազմի հուշարձանացման ու զոհերի հիշատակման պրակտիկաների օրինակներով: Հեղինակներն են ՀԱԻ սոցիալական գործընթացների և ինստիտուտների մարդաբանության բաժնի ղեկավար Միհրան Գալստյանը, գիտաշխատողներ Գարիկ Աթանեսյանը, Գայանե Հակոբյանը և Լուսինե Անգելուշը։ Հեղինակները 2021-2024 թվականներին ՀՀ սահմանամերձ Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց Ձորի, Արարատի և Սյունիքի մարզերում իրականացրել են հետազոտական աշխատանքներ, որոնց հիման վրա ստացվել է կարևոր աշխատությունը։ Բացելով շնորհանդեսը՝ Մ․ Գալստյանը ներկայացրեց՝ ինչպես է ստեղծվել գիրքը և ինչ խնդիրներ են հաղթահարել հեղինակները։ Նրա առաջարկով ներկաները 1 րոպե լռությամբ հարգեցին Արցախյան բոլոր պատերազմներում զոհված քաջորդիների հիշատակը։ Տնտեսագետ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, նախագահության անդամ Յուրի Սուվարյանը և ՀԱԻ տնօրեն, պ.գ.դ. Արսեն Բոբոխյանը կարևորեցին աշխատության նշանակությունը թե՛ ներկա, թե՛ հետագա ժամանակներում: Գրքի համահեղինակ Գարիկ Աթանեսյանը ներկայացրեց աշխատության կառուցվածքը. այն բաղկացած է 4 գլխից՝ «Պատերազմը, սուգը և հիշողությունը», «Հիշողության քաղաքականության դերակատարները», «Հիշողության տարածքը» և «Պատերազմի հիշատակման պրակտիկաները»։ Գիրքը հրատարակվել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե-ի ֆինանսավորմամբ իրականացվող 21T-6A136 գիտական նախագծի շրջանակում կատարվող աշխատանքների արդյունքում։

2025-05-06

Տեղի ունեցավ «Գինեգործությունն ուշմիջնադարյան Երևանում՝ ըստ Դալմայի այգիների հնձանների ուսումնասիրության» խորագրով բանախոսությունը

Տեղի ունեցավ «Գինեգործությունն ուշմիջնադարյան Երևանում՝ ըստ Դալմայի այգիների հնձանների ուսումնասիրության» խորագրով բանախոսությունը

Ապրիլի 25-ին ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտում, «Միջնադարագիտական քննարկումներ» սեմինարների շրջանակում, կայացավ հերթական բանախոսությունը։ Հնագետ Արման Նալբանդյանը ներկայացրեց «Գինեգործությունն ուշմիջնադարյան Երևանում՝ ըստ Դալմայի այգիների հնձանների ուսումնասիրության» խորագրով բանախոսությունը: Ա․ Նալբանդյանի տեղեկատվությամբ՝ Դալմայի հնձանի պեղումները իրականացվել էին 2023 թ. Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի կողմից և բանախոսը հույս հայտնեց, որ հնձանի հանրայնացմանն ու պահպանման ուղղված քայլերը կլինեն շարունակական։ Բանախոսության վերջում եղավ քննարկում, ներկաները հարցեր ուղղեցին Ա. Նալբանդյանին:

2025-04-25

Տեղի ունեցավ «Կոմիտաս Վարդապետը որպես երաժշտական բանահյուսության մասնագետ» խորագրով բանախոսությունը

Տեղի ունեցավ «Կոմիտաս Վարդապետը որպես երաժշտական բանահյուսության մասնագետ» խորագրով բանախոսությունը

Ապրիլի 17-ին Հնագիտության և ազգագրություն ինստիտուտի (ՀԱԻ) բանագիտության բաժինը, ՀԱԻ «Բանագիտական քննարկումներ»-ի շրջանակում, կազմակերպել էր հանդիպում արվ. գ. թ., կոմիտասագետ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասախոս, Տաթևիկ Շախկուլյանի հետ։ Տ․ Շախկուլյանը ներկայացրեց «Կոմիտաս Վարդապետը որպես երաժշտական բանահյուսության մասնագետ» խորագրով բանախոսությունը ։ Ներկա էին ՀԱԻ տնօրեն Արսեն Բոբոխյանը, տարբեր բաժինների աշխատակիցներ, թեմայով հետաքրքրվողներ։ ՀԱԻ փոխտնօրեն Տորք Դալալյանը ներկայացրեց բանախոսին, կարևորեց նման հանդիպումները՝ նշելով սա հերթական համատեղ բանախոսություններից է։ Տ․ Շախկուլյանը ներկայացրեց Կոմիտաս երաժշտագետին, նրա դերը հայ և օտար երաժշտաարվեստում. «Չկա ֆոլկլորագիտության որևէ հիմնախնդիր, որին իր ժամանակ այս կամ այն կերպ անդրադարձած չլինի Կոմիտասը՝ սկսած ֆոլկլորագիտության հիմքերի հիմքը կազմող հավաքչական աշխատանքից, որով նա զբաղվել է իր գիտակցական ողջ կյանքի ընթացքում՝ գրի առնելով երեքից չորս հազար նմուշ», -նշեց նա։ Բանախոսությունն ավարտվեց Կոմիտասի «Սև ա չոբանի շունը» երգի կատարումով։      

2025-04-17