Հնագիտության և ազգագրության ինստիտուտ

Իրադարձություններ

Պրահայի Կառլովի համալսարանում կայացավ «Heritage and Depopulation in Europe» միջազգային գիտաժողովը։

Պրահայի Կառլովի համալսարանում կայացավ «Heritage and Depopulation in Europe» միջազգային գիտաժողովը։

Օգոստոսի 27-29-ը Չեխիայի մայրաքաղաք Պրահայում, Կառլովի համալսարանում, կայացավ “Heritage and Depopulation in Europe” միջազգային գիտաժողովը։ Միջոցառմանը մասնակցեցին շուրջ 106 երկրից գիտնականներ, փորձագետներ և հետազոտողներ՝ քննարկելով ժողովրդագրական փոփոխությունների, ժառանգության պահպանության և մշակութային ինքնության պահպանման շուրջ հրատապ խնդիրները։ Գիտաժողովին մասնակցեցին ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Սփյուռքի ուսումնասիրության բաժնի ավագ գիտաշխատողներ, պ.գ.թ. Լուսինե Տանաջյանը, պ.գ.թ. Սոնա Ներսիսյանը, գիտաշխատողներ պ.գ.թ. Նելլի Խաչատուրյանը և Մարիամ Հարությունյանը։ Մասնակիցները ներկայացրեցին զեկուցումներ Եվրոպայի հայկական սփյուռքում ընթացող փոփոխությունների, համայնքային կյանքի առանձնահատկությունների, ինչպես նաև մշակութային ժառանգության և կրոնական կյանքի հիմնախնդիրների վերաբերյալ։

2025-09-10

Կապանի հինավուրց բնակատեղին՝ նոր բացահայտումների ուղիում

Կապանի հինավուրց բնակատեղին՝ նոր բացահայտումների ուղիում

Ստեփանոս Օրբելյանի «Սյունիքի պատմություն» գրքում, 5-րդ դարի իրադարձությունների վերաբերյալ, հիշատակվում է. «Եվ Կապանից այստեղ եկավ հայր Հովհաննեսը, վանականներին վերցնելով գնաց գետի ափը և Տիրոջից խնդրեց վանականների կարիքների համար ձուկ շնորհել…» (էջ 118)։ Ստեփանոս Օրբելյանի հիշատակած Կապան բնակավայրը գտնվում է ներկայիս Սյունիքի մարզկենտրոն Կապան քաղաքից դեպի Քաջարան տանող ճանապարհի ձախակողմյան ոչ բարձր բլրի վրա՝ Ողջի գետի աջ ափին։ Տեղացիները տարածքն, որը այժմ ամբողջությամբ անտառապատ է, անվանում են «Տանձու լենջ»։ Այստեղ դեռևս 5-րդ դարում գոյություն է ունեցել Սյունյաց իշխանների բնակավայր-ամրոցը, որը 10-րդ դարում արդեն վերածվել էր քաղաքի՝ Սյունիքի թագավորների նստավայրի և մայրաքաղաքի։ Սյունիքի թագավորության անկումից հետո բնակավայրը կորցրել է իր նշանակությունը, լքվել և ամայացել։  Ներկայումս ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի հնագիտական արշավախումբը տարածքում իրականացնում է պեղումներ։ Պեղումների ղեկավար, հնագետ Գագիկ Սարգսյանի տեղեկացմամբ՝ այստեղ որոշ ուսումնասիրություններ կատարվել էին դեռևս խորհրդային տարիներին, և հնավայրը ճանաչվել էր որպես պատմամշակութային հուշարձան։ Սակայն նման ծավալով համակարգված պեղումներ և համալիր ուսումնասիրություններ առաջին անգամ են իրականացվում։ Հուշարձանի տարածքում պահպանվել են բազմաթիվ շինությունների հիմքեր, պատեր ու ավերակներ։ Առանձնակի հետաքրքրություն է ներկայացնում թագավորական պալատը, որի տարածքում շինությունները պատկանում են տարբեր ժամանակաշրջանների։ Ավելի ուշ կառուցված շինության տակ հայտնաբերվել են վաղ շրջանի (4-5-րդ դարերի) եռանավ բազիլիկ եկեղեցու հիմքեր ու սյուների խարիսխներ։ Եկեղեցու պայտաձև խորանի եզրամասի վրա հետագայում կառուցվել է պատ։ Շինության հատակը սկզբնապես եղել է սալապատ, սակայն հետագայում մոտ 25 սմ լցանյութի վրա դրվել է նոր սալահատակ։ Եկեղեցուն հարևանությամբ բացվել է նաև քարով կառուցված մոտ 1,2 մ տրամագծով ձիթհան։ Այսպես կոչված պալատական համալիրից մոտ 30 մ հարավ պահպանվել է մեկ այլ շինության ավերակ, որը եղել է փոքր չափերի մատուռ՝ ուղղանկյուն խորանով։ Չնայած տարածքի ամբողջությամբ անտառապատ ու մացառապատ լինելուն, հստակ տեսանելի է, որ բնակավայր-ամրոցատեղին ամբողջությամբ պարսպապատ է եղել։ Որոշ հատվածներում պարիսպները կառուցված են երկշերտ։ Կառույցների արևելյան կողմում պահպանվել է նաև երբեմնի հզոր աշտարակի մի հատված՝ մոտ 4 մ բարձրությամբ, որտեղից գտնվել է ամրոցի մուտքերից մեկը։ Պեղումները շարունակվում են, և հնագետների առջև դեռևս բազմաթիվ բացահայտման ենթակա հարցեր կան։

2025-08-26

Արցախյան խաղերի և խաղային բանահյուսության ուսումնասիրություն Լոռու մարզում

Արցախյան խաղերի և խաղային բանահյուսության ուսումնասիրություն Լոռու մարզում

Հայաստանի տարբեր շրջաններում բնակություն հաստատած արցախցի երեխաները շարունակում են խաղալ մեր օրերում տարածված խաղերը իրենց լեզվաբարբառային տարբերակներով, սովորեցնում են իրենց խաղերը տեղացիներին և սովորում տեղական խաղեր: Իսկ ավագ սերունդը դեռ պահպանում է այսօր կենցաղից դուրս եկած հին խաղերի և խաղային բանահյուսության հիշողությունները: ՀԱԻ Բանագիտության բաժնում արցախյան խաղատեսակներն ու խաղային բանահյուսությունն ուսումնասիրող գիտահետազոտական խումբը դաշտային աշխատանքներ է իրագործում Լոռու մարզում (Ստեփանավան, Վարդաբլուր, Գյուլագարակ, Հոբարձի, Գարգառ, Լոռի Բերդ և այլ): Ծրագիրն իրագործվում է Գիտության կոմիտեի աջակցությամբ:

2025-08-23

Մասնակցություն Հիշողության Ուսումնասիրությունների Ասոցիացիայի 9-րդ տարեկան համաժողովին

Մասնակցություն Հիշողության Ուսումնասիրությունների Ասոցիացիայի 9-րդ տարեկան համաժողովին

Հուլիսի 14-18-ին մասնակցեցինք Հիշողության Ուսումնասիրությունների Ասոցիացիայի (Memory Studies Association) 9-րդ ամենամյա համաժողովին, որը տեղի ունեցավ Պրահայում՝ քաղաք, որի պատմական շերտերը, քաղաքական անցյալն ու մշակութային միջավայրը յուրահատուկ հարթակ էին ստեղծում հիշողության խնդիրների վերաբերյալ համատեղ մտածելու համար։ Համաժողովը, որին մասնակցում էին 1200 զեկուցողներ՝ բոլոր մայրցամակներից, տեղի ունեցավ մի ժամանակաշրջանում, երբ հիշողության դաշտը վերաիմաստավորման փուլում է՝ ինչպես ակադեմիական կենտրոնների աշխարհագրական բազմազանությամբ, այնպես էլ հետազոտության նոր թեմատիկ ուղղություններով պայմանավորված։ Հիշողության ուսումնասիրության ոլորտում գրեթե բոլոր անվանի գիտնականների մասնակցությամբ՝ քննարկվում էին հիշողության ուսումնասիրման խոսույթներիվերաձևավորման նոր ուղիներ՝ հատկապես գլոբալ ճգնաժամերի, պատերազմների, բռնի տեղահանությունների և ժողովրդավարական ինստիտուտների թուլացման համատեքստում։ Միջազգայնորեն կարևորվող մի շարք հիշարժան տարեդարձերի (Երկրորդ համաշխարհային  պատերազմի ավարտ՝ 1945, Վիետնամի պատերազմի ավարտ՝ 1975), ցեղասպանությունների և կոտորածների տարելիցների (Սրեբրենիցա (Բոսնիա)՝ 1995, Սուդան՝ 2005) և ընթացիկ կոնֆլիկտների (Ուկրաինական պատերազմ, Գազայի կոնֆլիկտ) ֆոնին՝ մեր նպատակն էր բարձրաձայնել արցախյան կոնֆլիկտի և էթնիկ զտման անտեսված խնդիրը, վերլուծել, թե ինչպես են արցախցի տեղահանվածները, զրկված լինելով միջազգային ճանաչումից և կենսագրական «իրավականությունից», շարունակում դիմակայել՝ հիշողության միջոցով վերակառուցելով իրենց անհատական և հավաքական ներկան։ Այս շրջանակում ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի աշխատակիցների խումբը (Գայանե Շագոյան, Ռուզաննա Ծատուրյան, Գոհար Ստեփանյան, Զարուհի Համբարձումյան, Հասմիկ Կնյազյան, Շուշանիկ Սարատիկյան) հանդես եկավ պանելային քննարկմամբ՝«Շրջանակելով շարունակվող ճգնաժամը Արցախում/Ղարաբաղում․ հիշողությունը՝ կենսագրության փոխարեն» վերտառությամբ, որը նվիրված էր Արցախի/Լեռնային Ղարաբաղի 2020 և 2023 թթ. պատերազմների և դրանց հաջորդած հարկադիր տեղահանության հիշողության անդրադարձին։ Պանելում ներկայացված էր 5 հետազոտություն, որոնք հարցադրում էին՝ ինչպե՞ս է կոլեկտիվ հիշողությունը դառնում պատկանելիության ձևավորման առանցք՝ այն դեպքերում, երբ անձնական կենսագրությունը դառնում է իրավազուրկ կամ «քրեականացված» պետական դիսկուրսներում։ Քննարկվեցին հիշողության նյութականության (Գոհար Ստեփանյան, Արցախցիների ինքնության փաստաթղթերը և բռնի տեղահանությունը 2023-ին) ու վիրտուալ արխիվացման (Հասմիկ Կնյազյան, Մարտահրավեր ջնջմանը․ թվային արխիվացումը «ներքևից» և մշակութային հիշողության հաստատումը 2023 թ․ բռնի տեղահանությունից հետո) նախաձեռնությունները, Լաչինի միջանցքի 9-ամսյա շրջափակման հուշապատումները (Ռուզաննա Ծատուրյան, Հիշելով դիմացկունությունը և դիմադրությունը։ Դիմակայունության պրակտիկաները), ինչպես նաև՝ այն մեթոդաբանական և էթիկական խնդիրները, որոնք առաջանում են դեռևս չգրված բռնի միգրացիայի պատմությունը վերհանելու փորձերի ընթացքում (Զարուհի Համբարձումյան, Շուշան Սարատիկյան)։ Ժամանակի սղության պատճառով պանելի ավարտին քննարկո՞ւմ թե վերջին զեկուցում ընտրության մեջ պանելը վարող Գայանե Շագոյանի սիրահոժար նախաձեռնությամբ նախապատվությունը տրվեց հարցերին և քննարկմանը, որի հետևանքով նրա՝ Գայանե Շագոյանի «Շրջանակելով կոլեկտիվ տրավման․ բռնի տեղահանությունը Ղարաբաղից և ցեղասպանության մասին հիշողությունը» վերտառությամբ ուշագրավ զեկուցումը, ցավոք, չներկայացվեց։ Դրան որոշակի անդրադարձներ եղան իր Բացման խոսքում և հարց-պատասխան բաժնում՝ արցախյան խնդրի պատմական և սոցիալական համատեքստի ներկայացման շրջանակում։       

2025-07-24

«Լուծումներ համագործակցության միջոցով» միջազգային թանգարանային կոնֆերանսը մեկնարկել է Երևանում

«Լուծումներ համագործակցության միջոցով» միջազգային թանգարանային կոնֆերանսը մեկնարկել է Երևանում

2025 թվականի հուլիսի 22-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի դահլիճում մեկնարկեց «Լուծումներ համագործակցության միջոցով» խորագրով «Գոտի և ճանապարհ» միջազգային թանգարանային կոնֆերանսը։ Միջոցառումը մեկ հարթակում համախմբեց Հայաստանի, Չինաստանի, Վրաստանի թանգարանների ներկայացուցիչներին, Իրանի Իսլամական Հանրապետության Մշակույթի կենտրոնի, Չինաստանի մշակութային ժառանգության ազգային բյուրոյի, ինչպես նաև ՀՀ ԳԱԱ-ին առընթեր գիտական հաստատությունների և փորձագիտական համայնքի ներկայացուցիչներին։ Կոնֆերանսի կազմակերպիչներն են «Հայ-չինական գործընկերության կենտրոն» ՀԿ-ն, ՀՀ ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտը, ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը, Հայաստանի պատմության թանգարանն ու «Գոտի և ճանապարհ» մշակութային զարգացման ասոցիացիան։   Բացման խոսքով հանդես եկավ նաև ՀՀ ԳԱԱ փոխնախագահ, Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտական ղեկավար, պ.գ.դ. Պավել Ավետիսյանը։   Զեկույցով հանդես եկավ ՀԱԻ գիտական քարտուղար Աստղիկ Բաբաջանյանը՝ ներկայացնելով «Հայաստան–Չինաստան հարաբերություններ. Հայաստանում Մետաքսի ճանապարհի ընթացիկ հնագիտական ուսումնասիրություններն ու համագործակցությունները» թեմայով զեկույց։

2025-07-22

Մասնակցություն  Ռուսաստանի մարդաբանների և ազգաբանների XVI միջազգային համագումարին

Մասնակցություն Ռուսաստանի մարդաբանների և ազգաբանների XVI միջազգային համագումարին

Սույն թվականի հուլիսի 2-6-ը Ռուսաստանի Դաշնության Պերմ քաղաքում անցկացվեց Ռուսաստանի մարդաբանների և ազգաբանների XVI միջազգային համագումարը (XVI Конгресс антропологов и этнологов России (XVI КАЭР))։ Միջոցառումը երկխոսության հարթակ էր Ռուսաստանի տարածաշրջանային և մասնագիտացված գիտական կենտրոնների գիտնականների և արտասահմանյան մարդաբանների ու ազգագրագետների միջև։ Համագումարին մասնակցել է նաև ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Սփյուռքի ուսումնասիրության բաժնի գիտաշխատող, պ․գ․թ․ Նելլի Խաչատուրյանը՝ ներկայացնելով զեկույց “Էթնոկրոնական ինքնության ֆենոմենի ուսումնասիրության առանձնահատկությունները ժամանակակից հասարակությունների վերափոխման համատեքստում” (Особенности изучения феномена этнорелигиозной идентичности в контексте трансформации современных обществ) թեմայով ( համահեղինակությամբ Սփյուռքի ուսումնասիրության բաժնի վարիչ, պ.գ.դ. Ռ. Կարապետյանի)։ Զեկույցը նախապատրաստվել է ՀՀ ԿԳՄՍՆ ՀՀՀԳ 2024 24SSAH-6A008 ծածկագրով «Էթնիկ եւ կրոնական բաղադրիչների փոխազդեցությունը սփյուռքահայերի ինքնության մեջ. խնդիրներ եւ հեռանկարներ» ծրագրի շրջանակում։ Համագումարին մասնակցության արդյունքում նաև համաձայնություն ձեռք բերվեց Համագործակցության մասին պայմանագիր կնքելու ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի և ՌԴ ԳԱ Արևելագիտության ինստիտուտի միջև։    

2025-07-17