Սույն թվականի ապրիլի 9–11-ը Սփյուռքի ուսումնասիրության բաժնի ավագ գիտաշխատող, պ.գ.թ. Լուսինե Տանաջյանը մասնակցել է Միչիգանի համալսարանի Հայագիտական կենտրոնի կազմակերպած 15-րդ միջազգային աշխատաժողովին (Անն Արբոր, ԱՄՆ)։ Վորքշոփի շրջանակում պ.գ.թ. Լուսինե Տանաջյանը ներկակացել է Հունաստանի հայերի ինքնության հարցերի շուրջ զեկուցմամբ։ Միջոցառումը համախմբել էր սփյուռքագիտության և հայագիտության ոլորտների առաջատար գիտնականների, տարբեր երկրներից ժամանած հետազոտողների` ձևավորելով բովանդակալից գիտական քննարկումների և փորձի փոխանակման միջավայր։
2026-05-06
Ապրիլի 23-ին՝ Հայոց Մեծ Եղեռնի 111-ամյա տարելիցի նախօրեին, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտում (ՀԱԻ) «Արևմտահայոց բռնի թուրքախոսությունը Օսմանյան կայսրությունում և թուրքալեզու բանահյուսությունը (ըստ 1955-2025 թթ. իմ գրառած ու ձայնագրած նյութերի)» բանախոսությամբ հանդես եկավ պ․ գ․ դ․ Վերժինե Սվազլյանը։ Բանախոսությունը կազմակերպվել էր ՀԱԻ «Բանագիտական քննարկումներ» շարքի շրջանակում։ Ներկա էին ինստիտուտի տարբեր բաժինների աշխատակիցներ, ուսանողներ և թեմայով հետաքրքրվողներ։ Ներկաներին ողջունեց և բանախոսին ներկայացրեց ՀԱԻ փոխտնօրեն Տորք Դալալյանը՝ նշելով, որ պատիվ ունեն հյուրընկալելու երկարամյա, նվիրյալ և վաստակաշատ գիտաշխատող Վերժինե Սվազլյանին, ում 90-ամյա տարեդարձը երկու տարի առաջ նշել են ինստիտուտում։ Նա հավելեց, որ ինստիտուտը մշտապես կապի մեջ է գիտնականի հետ, իսկ վերջինս յուրաքանչյուր այցի ընթացքում ինստիտուտ է բերում իր նոր հրատարակված գրքերից։ Իր օրինակով Վերժինե Սվազլյանը ցույց է տալիս, որ սիրելի գործին նվիրումով և հաճույքով մոտենալու դեպքում հնարավոր է կուտակել գիտական մեծ պաշար։ Ներկայումս նա արդեն շուրջ 900 էջ նյութ ունի իր հերթական գրքի համար։ Տ․ Դալալյանը կարևորեց հատկապես երիտասարդ սերնդի՝ ուսանողների ներգրավվածությունը՝ ընդգծելով, որ նման գիտնականների հետ շփումն ու նրանց ճանաչումը կարող են ոգեշնչել և ստեղծագործական մղում հաղորդել։ Վ․ Սվազլյանն իր բանախոսությունը սկսեց՝ անդրադառնալով Օսմանյան կայսրության ձևավորման շրջանին և հետագա ժամանակներում Թուրքիայի կողմից վարվող հակահայ, ինչպես նաև այլ ժողովուրդների նկատմամբ իրականացված ցեղասպանական քաղաքականությանը։ Անդրադարձ կատարվեց նաև հայատառ, սակայն թուրքերեն ստեղծագործություններին, որոնք ձևավորվել են թուրքական տիրապետության պայմաններում: Բանախոսության երկրորդ հատվածում Վ․ Սվազլյանը ներկայացրեց իր կողմից ձայնագրված երգերը՝ օրորոցայիններ, ռազմի երգեր և այլ բանահյուսական նմուշներ, որոնք թուրքերեն կատարում են հայ երգասացները։ Բանախոսության ավարտին ներկաները հարցեր ուղղեցին բանախոսին, և ծավալվեց քննարկում։
2026-04-23
2026 թ․ ապրիլի 1-3-ը ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի (ՀԱԻ) ընթերցասրահում անցկացվեցին 2025 թվականին իրականացված հնագիտական ուսումնասիրությունների և պեղումների հաշվետվությունների ներկայացումներ։ Երեք օրերի ընթացքում ներկայացվեցին ընդհանուր առմամբ 36 հաշվետվություն, որոնք ընդգրկում էին ՀՀ տարբեր մարզերում և Երևանում իրականացված գիտական աշխատանքները։ Հաշվետվություններին ներկա էին ՀԱԻ տնօրեն Արսեն Բոբոխյանը, ինստիտուտի աշխատակիցներ, ուսանողներ և հյուրեր։ Ապրիլի 3-ին ներկայացվեց 12 հաշվետվություն։ Նիստը վարում էր ՀԱԻ ավագ գիտաշխատող, գիտական քարտուղար Աստղիկ Բաբաջանյանը, ով հանդես եկավ նաև առանձին զեկուցմամբ։ Նա ներկայացրեց Արուճի ամրոց-դղյակում իրականացված 2025 թ․ ուսումնասիրման և պեղումների արդյունքները։ Նշված հուշարձանը գործածվել է մ․ թ․ մոտ 5-րդ դարերից մինչև 13–14-րդ դարերը, ինչպես նաև 20-րդ դարում։ Աշխատանքներն իրականացվել են «Միջնադարյան ամրաշինությունը Մետաքսի ճանապարհին» ծրագրի շրջանակներում։ Պ.գ.թ., ՀԱԻ ավագ գիտաշխատող, հնագետ Սիմոն Հմայակյանը անդրադարձավ Արմավիրի մարզում գտնվող պատմական Արգիշտիխինիլի հնավայրում, ինչպես նաև համանուն քաղաքի դամբարանադաշտում և գյուղական բնակավայրում իրականացված հնագիտական պեղումներին։ Պ.գ.թ, հնագետ Իննեսա Կարապետյան-ը ներկայացրեց 2025 թ․ Արմավիրի մարզում գտնվող Հին Արմավիր քաղաքամայրում իրականացված հնագիտական ուսումնասիրություններն ու պեղումները։ Սյուզաննա Մուրադյանի հաշվետվությունը վերաբերում էր Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Երվանդաշատ հնավայրում իրականացված աշխատանքներին։ Պատմական Արտաշատ մայրաքաղաքում և Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղի մերձակայքում գտնվող «Կլոր բլուր» հնավայրում պեղումներ իրականացնող արշավախմբի ղեկավար Մկրտիչ Զարդարյանը ներկայացրեց այս երկու հնավայրերի վերաբերյալ հետաքրքիր տվյալներ։ Պ.գ.դ., պրոֆեսոր Համլետ Պետրոսյանը տեղեկություններ ներկայացրեց պատմական Դվին մայրաքաղաքի տարածքում, ինչպես նաև Դվինի մերձակայքում գտնվող Տիկնունի հնավայրում իրականացված հնագիտական ուսումնասիրությունների և պեղումների վերաբերյալ։ 2025 թ․ հետախուզական հնագիտական ուսումնասիրություններ են իրականացվել նաև Երևանի Կոնդ թաղամասում, որտեղ, ըստ որոշ տվյալների, ենթադրվում էր ուրարտական շրջանի ամրոցի հետքերի առկայությունը։ Աշխատանքներն իրականացրել են Համլետ Պետրոսյան-ը և հնագետ Համազասպ Աբրահամյանը։ Հնագետ Գագիկ Սարգսյանի հաշվետվությունը վերաբերում էր Սյունիքի մարզի երկու հնավայրերին՝ Սյունյաց մայրաքաղաք Կապանին և Վանանդաբերդին։
2026-04-06
Մարտի 19-ին ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի (ՀԱԻ) Բանագիտության բաժինը կազմակերպել էր հերթական բանախոսությունը։ ՀԱԻ ընթերցասրահում, «Բանագիտական քննարկումներ» շարքի շրջանակում, կայացավ «Միջգաւառական անեքթոտները Հալէպի հայ գաղթականութեան մէջ» խորագրով բանախոսությունը, որը ներկայացրեց պ.գ.դ. Հակոբ Չոլաքյանը։ Բանախոսությանը ներկա էին ՀԱԻ տարբեր բաժինների աշխատակիցներ, թեմայով հետաքրքրվողներ և ուսանողներ։ ՀԱԻ փոխտնօրեն Տորք Դալալյանը ներկայացրեց բանախոսին՝ կարևորելով նմանատիպ գիտական հանդիպումների կազմակերպումն ու դրանց դերը մասնագիտական երկխոսության խթանման գործում։ Հանդիպման ավարտին տեղի ունեցավ ակտիվ քննարկում․ ներկաները հարցեր ուղղեցին բանախոսին և ներկայացրին իրենց դիտարկումներն ու առաջարկները։
2026-03-20
Մարտի 16-ին ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի (ՀԱԻ) Սփյուռքի ուսումնասիրության բաժնում տեղի ունեցավ հերթական սեմինարը։ «Սփյուռքի ուսումնասիրության բազմամակարդակ վերլուծական մոտեցում. ազգագրական և սոցիոլոգիական հիմքեր» թեմայով հանդես եկավ բաժնի վարիչ, պ.գ.դ. Ռուբեն Կարապետյանը։ Սեմինարին ներկա էին բաժնի աշխատակիցները։ Այն անցավ ակտիվ քննարկումների մթնոլորտում․ հնչեցին հարցեր, ներկայացվեցին դիտարկումներ և առաջարկներ
2026-03-17
ՀՀՀԳ 2024 24SSAH-6A008 ծածկագրով «Էթնիկ եւ կրոնական բաղադրիչների փոխազդեցությունը սփյուռքահայերի ինքնության մեջ. խնդիրներ եւ հեռանկարներ» ծրագրի շրջանակներում նոյեմբերի 21-ից դեկտեմբերի 2-ը և դեկտեմբերի 11-ից 16-ը ընկած ժամանակահատվածում ծրագրի ղեկավար Սփյուռքի ուսումնասիրության բաժնի գիտաշխատող Նելլի Խաչատուրյանը և ծրագրի մասնակից նույն բաժնի ավագ գիտաշխատող Սոնա Ներսիսյանը իրականացրել են դաշտային հետազոտություններ Բուլղարիայի Հանրապետության Սոֆիա և Պլովդիվ քաղաքների և Բելգիայի Թագավորության Բրյուսել քաղաքի հայկական համայնքներում։ Հետազոտությունները իրականացվել են սոցիոլոգիական և ազգագրական մեթոդաբանության կիրառմամբ։ Իրականացվել են խորացված կիսաձևայնացված հարցազրույցներ համայնքի և համայնքային կառույցների ներկայացուցիչների հետ։ Կիրառվել է դիտարկման մեթոդը ֆոտո և վիդեո ձայնագրմամբ։ Ուսումնասիրվել են համայնքային գործող կառույցները (կրոնական, մշակութային, կրթական, հասարակական ևլն), դրանց տեղն ու դերը համայնքներում, համայնքների պատմությունը, մշակութային ժառանգությունը, նոր և հին համայնքների փոխազդեցությունների առանձնահատկությունները, համայնքներում ինքնության խնդիրները, ներկայիս դինամիկան և փոխակերպումները, դրանց վրա ազդող գործոնները և այլն։
2026-03-16