Սեպտեմբերի 30-ին մեկնարկեց «Գիտության շաբաթ․ Հայաստան 2025» միջոցառումը, որը նվիրված է գիտության և տեխնոլոգիաների հանրահռչակմանը։ «Զարգացնել գիտությամբ» խորագրով շաբաթն անցկացվում է վեց օր՝ ընդգրկելով միջոցառումներ, որտեղ ներկայացված են գիտության, տեխնոլոգիաների և արվեստի ոլորտները։ Միջոցառմանը մասնակցում են Հայաստանի պետական, ակադեմիական, կրթական, տեխնոլոգիական և ստեղծարար կազմակերպությունների առաջատար մասնագետները՝ նպատակ ունենալով գիտությունը հասանելի դարձնել հանրության լայն շերտերին։ Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի Հնագիտության և ազգագրության ինստիտուտը (ՀՀ ԳԱԱ ՀԱԻ) նույնպես ակտիվ մասնակցություն է ունենում շաբաթվա միջոցառումներին։ Ինստիտուտը ներկայացված է իր կազմում գործող հեռավար լաբորատորիաներով՝ • «Հայ մշակութային ժառանգության միջգիտակարգային ուսումնասիրություններ» 23 RL-6A006, • «Հայաստանը և բրոնզի դարի աշխարհ-համակարգը. հին տեխնոլոգիաները փորձարարական հնագիտության լույսի ներքո», 23RL-6A041։ Լաբորատորիաները ներկայացնում են կատարած աշխատանքները, անցկացնում քուիզ-հարցումներ, ցուցադրում հնագիտական վերակազմություններ և կազմակերպում ինտերակտիվ խաղեր՝ խթանելով այցելուների հետաքրքրությունը դեպի գիտություն և ժառանգություն։
2025-10-02
Սեպտեմբերի 29-ին ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Սոցիալական գործընթացների և ինստիտուտների մարդաբանության բաժնում կայացավ 2025 թ․ աշնանային առաջին սեմինարը։ «Զբոսավարը և մշակութային բեմականացված ժառանգությունը․ աուտենտիկ զբոսավարության կառուցումը հետխորհրդային Հայաստանում» թեմայով բանախոսությամբ հանդես եկավ բաժնի գիտաշխատող Գարիկ Աթանեսյանը։ Բաժնի ղեկավար, պ․ գ․ դ․ Միհրան Գալստյանը ներկայացրեց թեմայի շրջանակները՝ ընդգծելով դրա արդիականությունը ներկայիս զբոսավարության համար։ Գ․ Աթանեսյանը ելույթի ընթացքում անդրադարձավ Հայաստանում զբոսավարության ոլորտի խնդիրներին՝ դրանք համեմատելով արևմտյան երկրների փորձի հետ։ Սեմինարի ընթացքում և ավարտին տեղի ունեցավ ակտիվ քննարկում։
2025-09-29
Սեպտեմբերի 25-ին ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի (ՀԱԻ) ընթերցասրահում «Միջնադարագիտական քննարկումներ» սեմինարների շարքի շրջանակում անցկացվեց վիմագրության և միջնադարյան հնագիտության բաժինների կողմից կազմակերպված սեմինար։ Բանախոսությամբ հանդես եկավ վիմագրության բաժնի գիտաշխատող, պ.գ.թ. Սուսաննա Ադամյանը՝ ներկայացնելով «Հրաչյա Աճառյանի անտիպ ժառանգությունը․ Հայարձան» թեման։ Միջոցառմանը ներկա էին ՀԱԻ փոխտնօրեն Տորք Դալալյանը, ինստիտուտի տարբեր բաժինների աշխատակիցներ և հյուրեր։ Բանախոսին ներկայացրեց վիմագրության բաժնի վարիչ, պ.գ.թ. Արսեն Հարությունյանը՝ ընդգծելով, որ սա աշնանային շրջափուլի առաջին սեմինարն է։ Նա կարևորեց Աճառյանի կոթողային աշխատությունը, որը, թեև չի տպագրվել, սակայն արժանացել է բազմաթիվ վիմագրագետների ուշադրությանը՝ սկսած Սեդրակ Բարխուդարյանից։ Ս. Ադամյանը, սկսելով իր խոսքը, ներկայացրեց մեծանուն հայ լեզվաբան Հրաչյա Աճառյանի կենսագրական տվյալները՝ ընդգծելով նրա բացառիկ դերը հայ և համաշխարհային լեզվաբանության պատմության մեջ։ Բանախոսը հատուկ կարևորեց «Հայարձան» աշխատությունը, որը հայերեն վիմագրերի բացառիկ հավաքածուն է և ընդգրկում է շուրջ 2000 վիմագիր և կազմված է 1753 ձեռագիր էջից։ Այն ընդգրկում է նյութեր Կ. Պոլսից մինչև Աղվանք, Իրան, Վրաստան և Ռուսաստան։ Ադամյանը ընդգծեց, որ Աճառյանի կենսագիրներից որևէ մեկը չի անդրադարձել այս աշխատության գոյությանը, սակայն դրա ուսումնասիրությամբ այսօր արդեն զբաղվում են վիմագրագետները։ Նա նշեց նաև, որ աշխատանքի ուսումնասիրության գործում աջակցություն է ցուցաբերել Ե. Չարենցի անվ. գրականության և արվեստի թանգարանը։ Ադամյանի խոսքով՝ «Հայարձանի» ստեղծման դրդապատճառներից մեկը եղել է 1912 թ. Մոսկվայի Լազարյան ճեմարանի հայտարարած մրցանակաբաշխությունը։ Բանախոսության ավարտին տեղի ունեցավ քննարկում․ ներկաները հարցեր ուղղեցին բանախոսին, կիսվեցին հավելյալ տեղեկություններով Աճառյանի գիտական գործունեության վերաբերյալ և կարևորեցին այս նշանակալի աշխատության հրատարակման անհրաժեշտությունը:
2025-09-27
Սեպտեմբերի 18-ին ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտում (ՀԱԻ) տեղի ունեցավ Բանագիտության բաժնի 2025 թ․ աշնանային առաջին բանախոսությունը։ ԵՊՀ դասախոս, բ․գ․դ․ Ալվարդ Ջիվանյանը ՀԱԻ «Բանագիտական քննարկումներ»-ի շրջանակում ներկայացրեց «Անթրոպոմորֆիզմ. բուսական և կենդանական աշխարհի մարդացումը հրաշապատում միջավայրում» թեմայով իր զեկույցը։ Միջոցառմանը ներկա էին ՀԱԻ տարբեր բաժինների աշխատակիցներ, ուսանողներ և թեմայով հետաքրքրվողներ։ ՀԱԻ փոխտնօրեն Տորք Դալալյանը ողջունեց մասնակիցներին, ներկայացրեց բանախոսին՝ ընդգծելով ինստիտուտի և այլ գիտական ու գիտակրթական կառույցների համագործակցության կարևորությունը: Ալվարդ Ջիվանյանն անդրադարձավ արևմտաեվրոպական (կելտական, անգլիական, գերմանական) և հայ բանահյուսության ու գրականության մեջ «մարդու և բնության փոխանակերպելիության» երևույթին։ Բանախոսը ներկայացրեց այն դրսևորումները, երբ բնության երևույթներին վերագրվում են մարդկային հատկանիշներ (անթրոպոմորֆիզմ), ինչպես նաև հակառակ պրոցեսը՝ մարդու բնությանը նմանեցում (ապամարդացում)։ Նա նշեց նաև մի շարք հարակից խնդիրներ, որոնք առնչվում են թեմային։ Բանախոսությունը եզրափակվեց հարցուպատասխանի և քննարկման հատվածով։
2025-09-18
Սեպտեմբերի 17-ին ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Ճարտարապետական մոդելավորման գիտահետազոտական խումբը կազմակերպեց հերթական սեմինարը։ Հնագետ Սոսե Աղայանը ներկայացրեց «Դաշտադեմի ամրոցի վերականգնման մարտահրավերներն ու թանգարանացումը» թեման։ Միջոցառմանը մասնակցում էին ինչպես խմբի անդամներ, այնպես էլ թեմայով հետաքրքրվողներ։ Դաշտադեմի ամրոցը, որն առավել հայտնի է նաև Քաղենի բերդ անունով, գտնվում է Արագածոտնի մարզում՝ Թալին քաղաքից ոչ հեռու, Դաշտադեմ գյուղում։ Զեկուցողը ներկայացրեց ամրոցի ճարտարապետական և կառուցվածքային խնդիրները՝ ընդգծելով, որ դրանք պայմանավորված են ինչպես պատմական իրադարձություններով, այնպես էլ մարդկային և բնական գործոններով։ Հայոց ցեղասպանությունից հետո ամրոցի տարածքում սկսված բնակեցումը, հետագա դարերի ընթացքում կատարված միջամտությունները և բնական աղետները, մասնավորապես 1988 թ․ Սպիտակի երկրաշարժը, զգալի վնաս են հասցրել միջնադարյան կառույցներին։ Պատկերը ավելի է բարդացրել այն հանգամանքը, որ իրականացված պեղումները լիարժեք չեն եղել, իսկ նոր վերականգնողական աշխատանքները հաճախ համահունչ չեն եղել նախորդ միջամտություններին։ Առաջին պեղումները Դաշտադեմի ամրոցում իրականացվել են 1989-1990 թթ․, իսկ 2000-ականներին դրանք շարունակվել են՝ վերականգնողական ծրագրերի շրջանակում։ 2015 թվականից Հնագիտության և ազգագրության ինստիտուտի արշավախումբը արդեն սիստեմատիկ պեղումներ է իրականացնում ամրոցի տարածքում, որտեղ միաժամանակ կատարվել են նաև մաքրման աշխատանքներ՝ ազատելով համալիրի տարածքը օտար կառույցներից։ Ամրոցում վերականգնողական առաջին փորձերը կատարվել են դեռևս 1961 թվականին, երբ ամրացվել է ամրոցապարսպի փլուզված հատվածը։ Սոսե Աղայանը հատկապես կարևորեց այն հանգամանքը, որ ամրոցում առկա են 12-20-րդ դարերի շերտեր, ինչը բարդացնում է ինչպես պեղումների ընթացքը, այնպես էլ դրանց մեկնաբանությունը։ Նա ընդգծեց նաև կառուցման հաջորդականության անորոշությունը, որն առանց ամբողջական պեղումների դժվար է հստակեցնել։ Բանախոսը խոսեց ոչ միայն հնագիտական, այլև հայեցակարգային և թանգարանագիտական մարտահրավերների մասին՝ ընդգծելով միջնադարյան իրականության և թանգարանային ներկայացման հավասարակշռության անհրաժեշտությունը, ժամանակակից թանգարանի ինտեգրման ու ինտերակտիվ փորձառությունների կազմակերպման կարևորությունը։ Նա անդրադարձավ նաև համայնքային և սոցիալական խնդիրներին՝ նշելով, որ ամրոցի պահպանման և թանգարանացման ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ են նաև համապատասխան ֆինանսական ռեսուրսներ։ Սեմինարի ավարտին տեղի ունեցավ քննարկում, որի ընթացքում մասնակիցները հարցեր ուղղեցին բանախոսին և հանդես եկան տարբեր առաջարկություններով։
2025-09-18
Սեպտեմբերի 15-ին ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի ընթերցասրահում կայացավ հերթական սեմինարը՝ նվիրված թանգարանների խնդրին։ Արցախի պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության խմբի անդամ, պ.գ.թ. Նժդեհ Երանյանը հանդես եկավ «Թանգարանները ճգնաժամային պայմաններում. Արցախի թանգարանների փորձը» բանախոսությամբ։ Բանախոսը ներկայացրեց թանգարանների խնդիրները աղետների ժամանակ։ Մասնակցելով թանգարանային խնդիրներին նվիրված միջազգային տարբեր միջոցառումների՝ Ն․ Երանյանը ներկայացրեց միջազգային փորձը՝ ինչպես գործել աղետների դեպքում։ Ըստ բանախոսի՝ թանգարանների աշխատակիցները, պետական ու համայնքային կառույցները, կամավորականները պետք է պատրաստ լինեն ցանկացած աղետի, այդ թվում պատերազմների ժամանակ հնարավորինես փրկելու մշակութային ժառանգությունը։ Ըստ միջազգային փորձի՝ այդ հարցում պետք է համախումբ աշխատեն մշակույթի նախարարությունը, արտակարգ իրավիճակների կենտրոնը, բանակը, ոստիկանությունը, թանգարանների, արխիվների, գրադարանների անձնակազմը, կամավորականները՝ մշակութային ժառանգության փրկարարները և տեղական ինքնակառավարման մարմինները։ Ընթացքում անդրադարձ եղավ Արցախի թանգարանների նյութերի տարհանման խնդրին։ Արցախի թանգարանների մասին խոսեց նաև ԱՀ մշակույթի և զբոսաշրջության նախկին նախարար Սերգեյ Շահվերդյանը։ Եղան այլ ելույթներ Արցախի պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության խմբի անդամների կողմից։
2025-09-15